RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



ԻՆՔՆԱԽՃՃՎԱԾ

Տեղադրվել է` 2017-08-10 22:24:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 19336, Տպվել է` 3036, Ուղարկվել է էլ.փոստով` 0

TANAP ԳԱԶԱՄՈՒՂԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. , միջազգային անվտանգության եւ էներգետիկ շխարհաքաղաքականության մասնագետ

Էներգակիրներով հարուստ պետությունների ռազմաքաղաքական արժեքը պայմանավորված է ոչ միայն նավթի ու գազի պաշարների քանակով ու միջազգային շուկայում դրանց արժեքով, այլեւ դրանց արտահանման եւ վաճառման հնարավորությամբ: Նշվածի արժեքի չափման մեջ թերեւս արտահանման եւ վաճառման հնարավորությունները ավելի կարեւոր են, քանի որ դրանք միշտ չէ, որ գտնվում է էներգակիրներ արտահանող պետությունների վերահսկման ներքո եւ վերջիններս ստիպված են այն պայմանավորել այլ պետություններիՙ արտահանման ու սպառման հիմնական շուկաների հետ, որոնք կանոնակարգվում են արդյունահանող պետությունների վերահսկողությունից դուրս գտնվող օրենքներով: Այս իրավիճակը այդ պետություններին ստիպում է ընդունել դրսից թելադրվող խաղի կանոնները, որոնց իրականացումը միշտ չէ, որ նպաստում է այդ պետությունների արժեքավորմանը միջազգային ասպարեզում:

Նման իրավիճակը հատկապես ազդում է նավթի ու գազի ոչ մեծ պաշարներ ունեցող պետությունների վրա, որոնք ստիպված են այլ քայլերի դիմել սեփական կշիռը միջազգային ասպարեզում արժեւորելու համար: Նման պետության օրինակ է Ադրբեջանը, որն ամեն կերպ փորձում է ամրապնդվել գազի եվրոպական շուկայում ու դառնալ ինքնուրույն խաղացող սեփական քաղաքական արժեքը կարեւորելու համար: Հենց նմանատիպ տրամաբանությամբ ժամանակին ծնվեց «թրանսանատոլիական»ՙ TANAP գազամուղի գաղափարը, որը սկզբունքորեն տարբերվում էր Ադրբեջանից մինչ այդ կառուցված մյուս այլ խողովակաշարերից:

2000-ական թվականների առաջին տասնամյակում կառուցված Բաքու-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Էրզրում գազամուղը իրականացվում էին Արեւմտյան խոշորագույն նավթա-գազային ընկերությունների ֆինանսական ու քաղաքական աջակցության պայմաններում: Արդյունքում այդ երկու խողովակաշարերը հայտնվեցին հիմնական Արեւմտյան անդրազգային ընկերությունների վերահսկողության ներքո, դրանց խողովակաշարերի կառավարիչ օպերատորն էր անգլո-ամերիկյան Բրիթիշ Փետրոլիում ընկերությունը: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունըՙ SOCAR-ը, այդ խողովակաշարերում ուներ համապատասխանաբար 24 եւ 16.8 տոկոս փայաբաժին, ինչը հնարավորություն էր տալիս նրան ստանալ ֆինանսական եկամուտներ, սակայն զրկում էր քաղաքական դիվիդենտներ ստանալ այդ խողովակաշարերի շահագործումից:

Հենց սեփական քաղաքական կշռի արժեւորումն էր պատճառը, որ Ադրբեջանը ձեռնամուխ եղավ TANAP կոչվող գազամուղի կառուցմանը. առաջին անգամ պետք է կառուցվեր մի խողովակաշար, որտեղ հիմնական բաժնետերը եւ օպերատորը պետք է լիներ ադրբեջանական SOCAR ընկերությունը: Ծրագրի ամբողջական իրականացումը հնարավոր էր միայն «Շահ-Դենիզ 2» գազահանքի շահագործման ու այդ գազը դեպի Եվրոպա արտահանելու միջոցով: Այս նախագծի ընդհանուր արժեքը 42 մլրդ դոլար էր եւ այդ գումարը պետք է ոչ միայն արտահանվեր, այլեւ կրկնակի հզորացվեր Բաքվից մինչեւ վրաց-թուրքական սահման ձգվող գազամուղը, ապա կառուցվեր TANAP-ը մինչեւ թուրք-հունական սահման եւ ապա այնտեղից Ադրիատիկ ծովով պետք է կառուցվեր TAP (transadriatic pipeline) գազամուղը, որի վերջնական նպատակը Իտալիայի հարավն էր:

Այս նախագծի առանցքը 16 մլրդ խ/մ ընդհանուր հզորության TANAP գազամուղն էր լինելու, որը, ինչպես նշեցի, վերահսկվելու էր SOCAR ընկերության կողմից: Բաքվի ամբողջ հաշվարկը կառուցված էր այս ծրագրից առաջին հերթին քաղաքական շահ կորզելու տրամաբանությամբ եւ դեպի Եվրոպա գազ մղելով ԵՄ անդամ պետություններից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից համապատասխան քաղաքական աջակցություն ստանալու նպատակով: Ըստ ադրբեջանցիների, ծրագրի իրականացումը կարժեւորեր այս պետությանը որպես այլընտրանք ռուսական գազին, հնարավորություն կտար հետագայում միջանցք դառնալ նաեւ թուրքմենական ու ընդհանրապես միջինասիական գազի համար: Սպասել այդ ծրագրից մեծ եկամտաբերությունՙ անիմաստ էր, որովհետեւ գազը ընդհանրապես ցածր եկամտաբերության ապրանք է, բացի այդ, այն չլինելով բիրժային ապրանք, արժեթղթերի (future contracts) ձեւով եկամուտներ սպասելը զուր էր, սակայն այս ծրագիրը ուներ հստակ ընդգծված քաղաքական բաղադրիչ, ինչն էլ կարեւորում էր Բաքուն:

Սակայն դեռ այն ժամանակ այս թեմայի մասնագետները նշում էին, որ ծրագիրը բավականին խոցելի է ու ռիսկայինՙ այն մինչեւ վերջ հաշվարկված չէ ու կարող է լուրջ վնաս հասցնել այդ պետությանը որպես գազի կայուն մատակարարի: Ծրագրի ռիսկայնությունը ընկած էր մի քանի հարթությանՙ միջազգային իրավունքի, անդրազգային ընկերությունների շահերի, տարածաշրջանում կայունության փխրունության, Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրների եւ վերջապես հարցի կոմերցիոն նպատակահարմարության մեջ:

Այս խնդիրներն ի հայտ եկան ի սկզբանե, երբ ծրագրին մասնակցելու հրավեր ստացած 3 հիմնական անդրազգային ընկերություններից 2-ըՙ Նորվեգական Statoil-ը եւ Ֆրանսիական TOTAL-ը հրաժարվեցին դրան մասնակցել, իսկ անգլո-ամերիկյան Բրիտիշ Փետրոլիումը համաձայնեց մասնակցել միայն իր կողմից առաջ քաշված բավականին կոշտ պայմանների ընդունումից հետո: Բաքուն մասնավորապես ստիպված էր համաձայնել Բաքու-Էրզրում ու հետագայում նաեւ TANAP-ով հոսող գազի 2/3-ը հետագա տասը տարիների համար շահագործման բացառիկ իրավունքով տրամադրել ԲՓ-ին, որից հետո վերջինս համաձայնեց մասնակցել ծրագրին: Բացի այդ, նշյալ ծրագիրը խախտում էր Եվրոմիությանը «էներգետիկ 3-րդ պակետ» կոչվող օրենքները, որով մասնավորապես արգելվում էր պետական նավթա-գազային ընկերություններին գազ մատակարարել իր տարածք, առավել եւս մասնակցել դրա շահագործմանը, տեղափոխմանը եւ վաճառքին միաժամանակ:

Սակայն դեռ մի քանի տարի առաջ, երբ նավթի միջին տարեկան գինը մոտ 120 դոլար էր մեկ բարելի դիմաց, ու Բաքուն գերեկամուտներ էր ստանում, վերջինս համոզված էր, որ կլուծի առկա խնդիրները: Մասնավորապեսՙ ադրբեջանցիները կարծում էին, որ 12 մլրդ դոլար արժողության TANAP գազամուղը իրենց համար հաղթահարելի խնդիր էր, բացի այդ նրանք համոզված էին, որ մոտ 10 տարվա ընթացքում կկարողանան ետ բերել իրենց ներդրումները այս ծրագրից եւ վերջապես սրվող Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ֆոնի վրա Բաքուն կարծում էր, որ կկարողանա խաղալ հենց այդ հակասությունների վրա եւ ստանալ համապատասխան քաղաքական ու ֆինանսական աջակցություն գազը դեպի Եվրոպա արտահանելու համար:

Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ 2014թ. սկսված նավթի գնի կտրուկ անկումը Ադրբեջանին զրկեց գերեկամուտներից եւ վերջինս լրջագույն խնդրի առջեւ կանգնեց իրականացնելու թանկարժեք այս ծրագիրը, բացի այդ Եվրոպայում կտրուկ կերպով նվազեցին նաեւ գազի գները. եթե 2010թ. գազի միջին գինը 400-450 դոլար էր հազար խորանարդ մետրի համար, ապա 2017-ին դրանց միջին գինը ընդամենը 250 դոլար է: Սա նշանակում է, որ նույնիսկ ծրագրի իրականացման պայմաններում այն իր ծախսերը կհատուցի 20-30 տարվա ընթացքում: Ադրբեջանի կողմից կազմակերպված ապրիլյան ավանտյուրան լուրջ հարված էր այդ բնագավառում ներդրումներ իրականացնող ընկերությունների համար, որոնցից շատերը ուղղակի հրաժարվեցին հետագայում այն անգամ քննարկել:

Այսպիսով, պաշտոնական Բաքուն ստիպված է միայնակ, առանց անդրազգային խոշոր խաղացողների, նվազող ներդրումների պայմաններում, իրականացնել գերթանկ մի ծրագիր (իսկ նա արդեն կնքել է անհրաժեշտ բոլոր պայմանագրերը եւ ունի համապատասխան պարտավորություններ), որի կոմերցիոն եկամտաբերությունը շատ կասկածելի է, իսկ դրա քաղաքական արժեքը սկսում է կորցնել իր կարեւորությունը: TANAP-ը դառնում է մի ծրագիր, որը կարծես թե ավելի ձեռնտու է Հայաստանին, քանի որ դրա իրականացումը վերջնականապես կքամի Ադրբեջանի նավթային հիմնադրամը, իսկ այն կարող է վերածվել թանկարժեք մի գազամուղի, որտեղով այդպես էլ ոչինչ չի հոսի, կամ այն լավագույն դեպքում կվերածվի տեղական մի խողովակաշարի, որը Թուրքիային գազ կմատակարարի Ադրբեջանից, ընդամենը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ