ԱՄՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՄ-ՈՒՄ ՌԴ ԹՈՒԼԱՑՈՒՄՆ Է ԵՎ ԻՐԱՆՈՒՄ ՉԺՀ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ Պ. Ք. Որոշման ընդունումը համընկավ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա բանակցություններին Հուլիսի 25-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց օրինագիծ, որը սահմանափակում է հակառուսական պատժամիջոցների վերացման հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունները: Փաստաթուղթը հավելյալ սահմանափակումներ է հաստատում Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Օրինագիծը կրճատում է ռուսական բանկերում ամերիկյան ընկերությունների եւ մասնավոր անձանց վարկավորման ժամկետներըՙ 90-ից հասցնելով 14 օրվա: Օրինագիծը նաեւ Ռուսաստանի նավթի ու գազի ոլորտի ֆինանսավորման ժամկետները սահմանափակում է 90 օրով: Այժմ հերթը Սենատինն է, որի հաստատումից հետո օրինագիծը կներկայացվի նախագահի ստորագրմանը: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը նշում է, որ Եվրոմիությունը ընդդիմանում է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին եւ փորձում է Shell, Eni եւ BP կորպորացիաներն օգտագործել Կոնգրեսի դեմ մղվող պայքարին: Մյուս կողմից Եվրոհանձնաժողովը կարծես թե գոհ է այն բանից, որ իրադարձությունների աննպաստ զարգացման դեպքում «Գազպրոմը», «Թուրքական հոսքը» եւ «Հյուսիսային հոսք 2-ը» կառուցելիս ստիպված կլինի հենվել սեփական ֆոնդերի վրա: Մանավանդ որ ԱՄՆ նոր պատժամիջոցները չեն վերաբերվում Անդրանատոլիական գազամուղին, որի կառավարիչը BP-ն է: Զարմանալի որեւէ բան տեղի չի ունենցել, քանի որ, ինչպես Օբամայի նախագահության տարիներին, այնպես էլ հիմա ԱՄՆ-ը հող է նախապատրաստում դեպի Եվրոպա իր հեղուկ գազի եւ թերթաքարային նավթի առաքումներն ավելացնելու համար: Իսկ սա նշանակում է, որ Վաշինգտոնը փորձում է Մոսկվայի եւ Թեհրանի վրա ճնշում գործադրել ֆինանսական եւ այլ միջոցներով. հուլիսի 25-ին, երբ կոնգրեսականները քննարկում էին նոր պատժամիջոցների փաթեթը, Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերից մեկը վտանգավոր չափով մոտեցավ իրանական մի ռազմանավի եւ օդում նախազգուշական կրակոց արձակեց, հաղորդում է Press TV հեռուստաալիքը: Ինչ վերաբերում է ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցներին, դրանք այդպես էլ չէին վերացվել նախագահ Օբամայի օրոք: Դաշնային եւ տեղական մակարդակներով ամերիկյան ընկերություններին պարտադրվեց իրանական կողմի հետ համագործակցել միայն միջնորդ երկրների մասնակցությամբ, օրինակ Քաթարի ներդրումային հիմնադրամների միջոցով: Իրանի եւ ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը գրեթե զրոյական է, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Ռուսաստանի հարցում եւս մեծ տարբերություն չկա: Սա նշանակու՞մ է արդյոք, որ ԱՄՆ-ը կորցնելու բան չունի: Բնավ ոչ: Այն տպավորությունն է ստեղծվում, թե ԱՄՆ-ը եւ Չինաստանը «բարի եւ չար ոստիկանների» դեր են խաղում: Ըստ որում օրինագծից օգտվողը առավելապես Չինաստանն է, որը մտադիր է այսուհետեւ էլ հանդես գալ արտաքին աշխարհի հետ Իրանի առեւտրի գլխավոր իրականացնողի դերում: Իրանական Financial Tribune-ը ընդգծում է, որ իրանական Bank of Industry and Mine բանկին վարկային միջոցներ է հատկացնում Exim Bank of China-ն: Իսկ China General Technology Group-ը 2014-ին կառուցել է Անկարա-Ստամբուլ ճեպընթաց երկաթուղին: Մինչ ամերիկացիները հեռանում են Իրանից, չինացիները շարունակում են ցամաքային «Մետաքսի ճանապարհի» իրականացումը, որտեղ Իրանին առաջնակարգ դեր է հատկացվում որպես Միջին Ասիային դեպի Մերձավոր Արեւելքին կապող տրանսպորտային միջանցք, որը պետք է միավորի ՉԺՀ-ից դեպի Եվրոմիություն տանող առեւտրական ուղիները: Հուլիսի 24-25-ը Վաշինգտոնում էր Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը, որի կազմում էին վարչապետ Թերեզա Մեյը եւ առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը: Հանդիպման նպատակն էր մշակել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ առեւտրի գոտիների ստեղծումը: Համբուրգում ավելի վաղ կայացած G20-ի գագաթաժողովում Թրամփը բրիտանացիներին խոստացել էր շատ արագ լուծել այդ հարցը եւ Եվրոմիության նկատմամբ շուտափույթ հաղթանակը կանխավայելեովՙ Եվրոպացինրին մեղադրել էր ներհովանավորչության մեջ: Ամերիկա-բրիտանական խոշոր գործարքի էությունը հետեւյալն է. Թեհրանի դեմ ուղղված ամերիկյան նոր պատճամիջոցներն ուժեղացնում են չին-իրանական փոխգործակցությունը, որի փոխարեն Վաշինգտոնը հնարավորություն է ստանում Մեծ Բրիտանիայի հետ ստեղծելու ազատ առեւտրի գոտի, ինչպես նաեւ խոշոր շահույթ ՉԺՀ-ին նավթ մատակարարելու դիմաց: Պատահական չէ, որ այս տարվա ապրիլ-մայիսին Չինաստանում ամերիկյան նավթի ներմուծման ծավալները հասան 180 հազար բարելի: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը հնարավոր կդառնա միայն Brexit-ից, այսինքն 2019թ. մարտից հետո, երբ Լոնդոնը վերջնականապես հրաժեշտ կտա Բրյուսելին: ԱՄՆ-ին բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի արտադրության ամբողջ ծավալի 20 տոկոսը, որը կազմում է 235 մլրդ դոլար: Ուստի Վաշինգտոնը ընդգծում է, որ Լոնդոնը իր ամենամերձավոր դաշնակիցն է: Սակայն անգլիացիները նախընտրում են հեռավորություն պահպանել եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ են վարում Թուրքիայի, Նոր Զելանդիայի եւ նույնիսկ Հոնկոնգի հետ, որը Լոնդոնի «բարի կամքով» 1997թ. անցավ ՉԺՀ վերահսկողության տակ: Չինաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիան ունի յուրահատուկ հետաքրքրություն. դա ցամաքային «Մետաքսի ճանապարհն» է, որն անցնում է Մերձավոր եւ Միջին Արեւելքով: |