RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



Տեղադրվել է` 2017-08-10 22:24:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 14789, Տպվել է` 648, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅԴՔԱՆ ՀԱՄԵՂ Է ՄԻՍԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում նկատվող տնտեսական բուռն ակտիվությանը, որն, ի դեպ, համեմված է արդյունաբերության վերելքով, գյուղատնտեսության բարձր ձեռքբերումներով, արտահանման եւ ներմուծման մեծ-մեծ թվերով եւ, անշուշտ, ԵԱՏՄ-ին անդամակցությամբ, սկսվում է երկրի տնտեսական վերելքին, զբոսաշրջության հոսքին նպաստող միջազգային մի գործընթաց: Ախթալա բնակավայրը վեր է ածվում խորովածի միջազգային մայրաքաղաքի, չի բացառվում, որ այնտեղ շուտով տեղադրվի երկրանգնդի մայր մանղալը: Ամեն դեպքում, Խորովածի միջազգային միության, կրկնում եմՙ Խորովածի միջազգային միության համանախագահ Արտեմ Ենգոյանը հայտարարել է, որ օգոստոսի 20-ին Ախթալայում մեկնարկող Խորովածի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, իրենք եւ աշխարհի ամենալավ խորոված անողներըՙ տարբեր երկրներից, այդ թվում, երեւի, Մադագասկարից, շամփուրները շարելու են կրակի վրա եւ խորոված են պատրաստելու, ինչպես աշխարհի գլխավոր խորոված անողն է ասելՙ միջազգային օրենքներով: Լինելու է խոզի խորոված, տավարի, հավի, ձկան, մի խոսքով... Վերջում լինելու է դեսերտ:

Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ այս անգամ մրցույթն առանձնանալու է իր աշխարհագրությամբ, մասնավորաբար խորոված անողներ են գալու... Մադագասկարի՞ց, ոչ, Վրաստանից եւ Ռուսաստանի՞ց, չի բացառվում, որ նրանք ազգությամբ հայեր լինեն. ամեն դեպքում մենք այնպիսի ազգ ենք, որ երբ բոլորով հավաքվում եւ ինչ-որ փառատոն ենք անում, ստացվում է միջազգային: Թուրքահայ երգչուհի Սիբիլն էլ կապահովի փառատոնի գեղարվեստական մասը եւ իր թովիչ ձայնային ելեւէջներով էլ ավելի կմեծացնի խորովածի հոտից Ախթալայում տարածված դյութանքը:

Հարկ է նկատել, որ Խորովածի միջազգային միության նախագահ մեծարգո պարոն Արտեմ Ենգոյանը, որը ապրում է Մոսկվայում, իրականում ղեկավարում է լուրջ կազմակերպություն. 70 երկիր է անդամակցում Խորովածի միջազգային միությանը, որն իրականում կոչվում է Բարբեքյույի միջազգային միություն, դե, աշխարհում ինչ գիտենՙ խորովածն ինչ է... Այդ 70 երկրների շարքում հիշատակվում են Ռուսաստանը, Հայաստանը, Լիտվան, Ուկրաինան, Ադրբեջանը, եւ...վերջ: Նշվում է նաեւ, որ Վրաստանն ու Բելառուսը գործընթացի մեջ են, որպեսզի անդամակցեն Միությանը, հավանաբար իրենց երկրների օրենսդրական բացերն են փակում, գուցե անգամ Սահմանադրություններն են փոխում, որպեսզի այն չխոչընդոտի իրենց խորովածային գործողություններին:

Իր հերթին ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշում է, որ կան զբոսաշրջիկներ, որոնք Հայաստան են գալիս բացառապես խորովածի փառատոնի համար, դրան ականատեսը լինելու: Հենց այդ պատճառով էլ Զբոսաշրջության պետական կոմիտեն նախատեսում է Ախթալայի խորովածի փառատոնը ներառել ՀՀ զբոսաշրջության փաթեթներումՙ Գառնի-Գեղարդի անմիջապես կողքին:

Մի խոսքով, օգոստոսի 20-ին, Ախթալայում կբացվի խորովածի 30 եւ ավել տաղավար, նույնն է թեՙ մանղալ, եւ Ռուսաստանից, Վրաստանից, Լիտվայից, Ավստրիայից ժամանած խորովածչիները կպատրաստեն 5 տեսակի խորոված, դե իսկ Խորովածի միջազգային միության նշանակած դատավորները կհամտեսեն եւ կճանաչեն հաղթողին, որն, իմիջիայլոց, ստանալու էՙ Խորովածի բարի կամքի գավաթ:

Ինչ վերաբերում է խորովածի շարժման ընդլայնմանը, որի ուղղությամբ, բնական է, հետեւողական աշխատանք է տանում միությունը, ապա շատ հնարավոր է, որ առաջիկայում Ախթալայում կառուցվի Խորովածի միջազգային միության երկնաքեր շենքը, ի դեպ, առաջարկում եմ, այն կառուցել խորովածի շամփուրի տեսքով, որի վրա շարված մսի կտորներն էլ կլինեն հարկերը, չալաղաջ կտորներն, իհարկե, միության ղեկավարության հարկերը: Միությունը կարող է ունենալ իր դրոշը, որի վրա անպայման պետք է պատկերված լինի միս, ցանկալի էՙ թարմ, կարելի է անգամ արյունոտ, զինաշանը, երկու շամփուրՙ խաչված վիճակում, որոնց մեջտեղում էլ կրակի վրա խորովվող գոճի, եւ հիմնը, չտանջվելու համար առաջարկում եմՙ խորովածի հայտնի երգըՙ Խորովածը շատ լավ բան է, վայ տույ-տույ, տույ-տույ, տույ-տույ... Ի դեպ, տույ-տույ-ը կարելի է հռչակել Խորովածի միջազգային միության կարգախոս:

Եթե լուրջ, ապա հրաշալի է, որ Հայաստան զբոսաշրջիկներ են գալիս, որ Հայաստանը ճանաչվում է, թեկուզՙ խորովածով, բայց վատ է, որ Խորովածի միջազգային միությունում դեպարտամենտներ չկան, օրինակՙ Մանղալի դեպարտամենտ, Խորոված անելիսՙ քամի բաց թողնելու սկզբունքների մշակման դեպարտամենտ, Շամփուրների սրությունն ապահովող եւ վերջապես ՏՏ ոլորտի օժանդակությամբՙ միսը բաստուրմա դնելու նորարարություններիՙ Նախամարդու անվան դեպարտամենտներ: Բնականաբարՙ իրենց ղեկավարներով, աշխատակիցներով, ծառայողական մեքենաներով... Միակ խնդիրն այն է, որ հանկարծ այս միությունից մարդիկ չցանկանան մտնել հայաստանյան քաղաքական դաշտ եւ դառնալ պաշտոնյաՙ կործանելով մեր մաքրամաքուր եւ առողջ քաղաքական դաշտը: Հակառակ պարագայում Հայաստանում ամեն քայլափոխի կբացվեն խորովածանոցներՙ երկհարկանի մանղալներով, բոլորը կսկսեն միս ուտել, եթե կենդանու միս չկա, ապաՙ իրար, եւ սովորական մարդիկ կսկսեն ապրել միայն այն ժամանակ, երբ նրանք կուշտ են, իսկ նրանք երբեք չեն կշտանում. այդքան համեղ է միսը, այդքան անփոխարինելի է մսակերությունը, որն, ի դեպ, մարդակերության հիմքն է:

Հ.Գ.- Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, որն, Ախթալայից այնքան էլ հեռու չէ, մի խումբ կանայք միացել եւ ստեղծել են Առողջ սնունդ կոոպերատիվը: Կանայք համացանցում պեղում են օտարերկրյա, մեզ համար անսովոր ուտելի բույսեր, պատվիրում դրանց սերմը, ներմուծում Հայաստան, ադապտացնում այն մեր պայմաններին ու ստանում, օրինակ, սպիտակ սմբուկ, կարմիր վարունգ, կապույտ կաղամբ,...Կանայք նաեւ սովորեցնում են, թե հատկապես ինչեր կարելի է պատրաստել այդ ամենից:

Ցավոք, այս կանայք քաղաքական հավակնություններ չունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ