RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



Տեղադրվել է` 2017-08-10 22:24:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 16401, Տպվել է` 1449, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԱՀԱԶԱՆԳ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Երեւան ք. Ահարոնյան փ. 2/1շ. 18-րդ բն. բնակիչ
հեռ. ( 094) 26-93-04
2017թ. հուլիսի 24

Առանձնապես ամրապինդ նյարդեր ու ազատ ժամանակ չունեմ, ժողովրդական բառուբանովՙ ամեն արժող-չարժողի վրա վատնելու համար: Բայց դեռ գոյություն ունի ցուղնուծուծն ստահակ գրագողերի եւ առհասարակ մ(շ)տագողերի մի տեսակ, որի մեղքերն ի ցույց չդնելն ինքնին մեղսահավասար հանցանք է: Մանավանդ որ նախապես ազնվորեն զգուշացրած ես լինում հրապարակավ խայտառակելու մասին ու էլի նվազագույնս չես հարգվում:

2017թ. ապրիլին ձեռնարկել եմ Արցախ աշխարհի ամենանշանավոր տոհմերից մեկիՙ Հասան-Ջալալյանների մասին ծավալուն «մենագրության» (իրականումՙ հղված հեղինակների քանակի նրբիմաստով, բազմագրության. Րաֆֆի, Լեո, Բագրատ Ուլուբաբյան, Արտակ Մաղալյան, Էդուարդ Դանիելյան , Լեռնիկ Մկրտումյան եւ այլք) անձնանունների եւ տեղանունների այբբենակարգված ցանկերի կազմման դժվարին, ժամանակատար գործը: Ընդ որումՙ ա) դա հասցրել-ավարտել եմ ուղիղ 2 ամսում, այն դեպքում, երբ հատկանուններով ու մանրատառ տողատակերով լեփ-լեցուն նմանաստվարը, որ, առավել եւս, գրեթե համատարած աղբյուրառատ բանաքաղություն էՙ տեղ-տեղ էլ ուղղակի գրագողությանը սահմանակցող, ըստ քաջիմաց պրոֆեսոր Երջանիկ Գեւորգյանի եւ այլ մասնագետների, պահանջում է ընդհուպ 6 ամիս. բավական է շեշտել, որ այդ ցանկերը նույն ձեւաչափով բաղկացրել են ամբողջ 109 էջ, ընդսմինՙ առանձնանշել եմ դասական ուղղագրությամբ եւ երեք օտար լեզուներով հատկանունները. բ) հընթացս խմբագրել եմ, սրբագրել եմ, ըստ հարկին դիտողություններ եւ առաջարկություններ կցել, ծանոթագրել եմ ու նույնիսկ լրացրել եմ բովանդակ նյութը (մասնավորապեսՙ հավելելով 1976թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ակադեմիական թիավարորդ Անուշավան Հասան-Ջալալովի վերաբերյալ տեղեկույթը). գ) այս ամենի դիմաց, ըստ նախնական փոխհամաձայնության, ստորոբերյալ հեղինակը պարտավորված էր ինձ վճարել առանց այն էլ հույժ համեստ մի գումարՙ միայն մասամբ փոխհատուցիչ լրապայմանով, որ պահպանվի իմ առանձին հեղինակային իրավունքը, եւ առնվազն ցանկերի տակ գրվի գոնե կազմողիս անուն-ազգանունը (էդ տեսակների հետ կնքվող պայմանագրերն իսկ , ավաղ, զրոյից բարձր արժեք չեն ունենում ). դ) ի վերջոՙ 4 տեղերում իմ անձնատվյալների ցուցանշմամբ (գրքի վերջաբանում, հայերեն անձնանունների ցանկի մեջ եւ տակ, հայերեն տեղանունների ցանկի տակ. չհաշված դեռ վերադիր լավությունս, երբ բացահայտածս պատմիչ, Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու մասին իմ ծանոթությունը համատեքստում վերագրել եմ հեղինակ կոչեցյալին) թղթային կրիչներն ու 109 էջանոց էլեկտրոնային բնագիրը փոխանցվել են նույն ստորոբերյալին. ե) վերջինս ինձ կանխավ չէր էլ տրամադրել գրքացուի 1-6-րդ էջերըՙ ամենայնիվ թաքցնելով իրեն ա(յ)նչափ հատուկ հանցագործունեության ինչ-ինչ հասցեական խորահետքեր. զ) քանի որ նույն հոգավորը պոստֆակտում չէր էլ ուզում հատկացնել անգամ երկիցս փոքրացված վաստակավարձս (ինքս եմ լրիվ վճարել համակարգչային մուտքագրողին), քանի որ վկայախոս գիտնականներն ինձ իրազեկել էին, թե ինչպես է Մատենադարանից դրան վռնդել լուսահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանըՙ հենց արյան մեջ մտած գրագողական ախտուարատների համար, քանի որ, վերջապես, դասեր էի քաղել այդպիսիք գրադատած նախադեպիցՙ հանձին պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանի («Էջմիածին» ամսագիր , 2012թ., թիվ Զ), ինքս, չբավարարվելով բանավոր եւ էլեկտրոնաուղերձային զգուշացումներով, ս.թ. հունիսին պատշաճ ծանուցմամբ փոստառաք վերջնագիր եմ ներկայացրել հեղինակ կոչեցյալին առ այն, որ գրքից անվանական տվյալներս չհամարձակվի հանել: Թեպետ դրան եւ ինձ փոքրիշատե ի մոտո ճանաչողները պնդում են, որ անվանս հոլովումը դրա «երախայրիքում» ինձ որ բնավ պատիվ չէր ու չի էլ բերի...

Ինչեւէ, եւ ի՞նչ: Հեղինակ կոչվածըՙ այսպես հորջորջյալ Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանը (նորերս հավաստիացված լուրերովՙ այդ երկբառատիտղոս ազգանունը ծնյալ չի էլ ժառանգակրել. հետագայում է սոսկ իրեն բաղհյուսել, դժվար չէ գլխի ընկնել, արդեն իսկ կտրված պորտալարը կարկառուն տոհմածառի արմատներին եւ իրական ընձյուղներին մի կերպ քարկապելու գնովՙ չունեցած « բարոյաիրավունքն» ուռճացնելու հետնամտոք), նույն ինքըՙ հոռեհռչակ «քցողը» (մինչեւ իսկ սեփական մեկենասներին), ինքնապարծ զրպարտիչն ու առուփախչին գիրքը «ուսուլով ցնկնել է»ՙ առանց օրենսդրությամբ սահմանված հրատարակչական տվյալների ամբողջության, պարտադիր օրինակները ցօրս Ազգային գրադարան չհանձնած, որպեսզի չմերկացվեն բազմաթիվ հանցակեղծիքները, եւ, իհարկե, բուն գրքում անուն-ազգանունս սպառսպուռ վերացրած...

Այսքանից հետո ինչպե՞ս կարող է ինքնակոչը պատասխան չտալ, ներառյալՙ թե՛ նյութական, թե՛ բարոյական, թե՛ իրավական հատուցումների տեսքով: Եվ դեռ ժպրհում է հիշյալ թեմայով գիտական ատենախոսություն պաշտպանել: Ի դեպՙ ավելի քան բնորոշ է եւ այն փաստը, որ երբ իմ հենց բնակարանում առերես ուղղեցի սրա մանկական սխալները, -բացատրելով, որ Իսրայել Օրուն առնչակից 1700-ական թթ. Ռուսաստանը դե յուրե կայսրություն չէր, Պյոտր Առաջինն էլ, համապատասխանաբար, ո՛չ կայսր էր , ո՛չ էլՙ Մեծ, որպիսիք հռչակվեցին միայն Հյուսիսային պատերազմի 1721թ. հաղթավարտից հետո, - ձեւով բարձրահոխորտ-առաստաղացունց, բովանդակությամբ շրիշակից իսկ ցածր այդ անձը տառացի խոստովանեց, որ ինքը, հասկանո՞ւմ եք վերջիվերջո, պատմաբան չէ... Այս մեկնանկյուններից իրավասու կառույցների (ԵՊՀ, բարձրագույն որակավորման հանձնաժողով, ԳԱԱ նախագահություն եւ պատմության ինստիտուտ) առավելազգոն ուշադրությունն եմ կիզակետում սրա մարմնացրածՙ ամենուրաթափանց նենգաբարո(ն)ների ոճրարշավն օր առաջ կասեցնելու կենսակարեւորության վրա:

Վերոշարադրյալի հիման վրա եւ իմ օրինական իրավունքները նախապաշտպանելու նպատակով խնդրում եմ տպագրել սույն բաց նամակ-ահազանգն ամբողջովին (ի հավելումն կայքազետեղման): Առկա բոլոր ապացուցողական նյութերը կտրամադրվեն առաջին հենց պահանջով, այդ թվումՙ դատաիրավապահ մարմիններին:

Կանխահայտ երախտագիտությամբՙ

(Տպագրվում է որոշ կրճատումներով)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ