ՏԱՃԱՐԻ ԼԵՌԱՆ ԱՅՍ ՈՒ ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ Իսրայելը որոշել է ապամոնտաժել Երուսաղեմի Տաճարի լեռան մահմեդական սրբավայրի մոտ տեղակայված մետաղորսիչները, որոնք տեղադրվել էին հավատացյալների անվտանգությունն ապահովելու պատրվակով: Պաղեստինցիների բողոքի ակցիաներից եւ միջազգային հանրության որոշ ճնշումներից հետո Թել-Ավիվը որոշեց գնալ զիջումների: Սակայն մետաղորսիչները Իսրայելը որոշել է փոխարինել հատուկ տեսախցիկներով, որոնք թույլ կտան Տաճարի լեռան մոտ աղոթքի եկած մահմեդականների մեջ, նույնականացման միջոցով, բացահայտել զինյալներին: ՄԱԿ-ը ողջունել է Իսրայելի որոշումը, իսկ պաղեստինցիները, որոնց առաջնորդ Մահմուդ Աբասն ավելի վաղ հայտարարել էր, թե ժամանակավորապես խզում է բոլոր կապերը Իսրայելի հետ, նշում են, որ իրենք պահանջում են Տաճարի լեռան վրա տեսախցիկներ էլ չտեղադրել: Սուրբ երկրում աղոթքն էլ են արդեն վերահսկում, իսկ դա ինչ-որ բան նշանակում է: |