RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5137, Տպվել է` 659, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՁԱՆԱՄԱՐՏ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կրոնագիտության մեջ հայտնի են միջնադարյան այն բուռն վեճերը, որոնք հետագայում ստացել են «Պատկերամարտ» անունը: Քրիստոնեական տարբեր եկեղեցիներ եւ առանձին կրոնավորներ անողոք պայքար են մղել միմյանց դեմՙ աղոթավայրերում Քրիստոսի, Աստվածամոր կամ առաքյալների նկարները դնել-չդնելու հարցի շուրջ: Մի խումբը կողմ էր սրբանկարներին եւ միջնադարյան մեծագույն նկարիչներին պատվեր էր տալիս դրանք ստեղծելու, իսկ մյուս խումբը համարում էր, որ սրբապատկերները արժեզրկում, ոգեփոխում են աստվածային էությունը, նյութականացնում այն, եւ մարդիկ փոխանակ սրբությա՛ն գաղափարիՙ սրբերի՛ նկարներն են պաշտում, ինչը համազոր էին համարում կռապաշտության: Հայ եկեղեցին, ինչպես վայել է նրան, այդ վեճի մեջ որդեգրեց զսպվածության գիծըՙ նախընտրությունը տալով հավատքի աղբյուրՙ ներքին խորհրդին, ոգեկանությանը:

Սովետական տարիներին, հատկապես հետպատերազմյան շրջանում, ավանդական այդ զսպվածությունը խախտվեց հիմնովին, առավելաբար մահարձանների պարագայում, որոնք շատացան ու բազմապատկվեցին սովետական պայմաններում մարդկանց «օրինական» համարվող սեփական եւ անձեռնմխելի միակ վայրումՙ գերեզմանատներում, որտեղ արձանագործության եւ քանդակագործության արհեստը, բայց ո՛չ արվեստը, ծաղկեց եւ ծնունդ տվեց պատվիրատուների ճաշակին հարազատ շատ այլանդակությունների:

Անշուշտ, նույն սովետական տարիներին, արդեն պետական լրջագույն պատվերներով, մայրաքաղաքում եւ այլ վայրերում ստեղծվեցին նաեւ գլուխգործոցներ, որոնց մեջ անգերազանցելին մնալու է Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթը», ոչ միայն կատարման իր կատարյալությամբ, այլեւ ոգով: Դա դիմադրելու, խիզախելու, ազատատենչության, կենսունակության խորհրդանշան է, որն ամբողջականորեն արտահայտում է հայ ժողովրդի անկոտրում կամքը, եւ, հետեւաբար, արժանի միակ գործը Երեւանի կենտրոնական հրապարակում տեղադրվելու:

Այսուհանդերձ, հակառակ արձանագործական գլուխգործոցների առկայությանը, արհեստագործական մոտեցումը կանգ չառավ, ընդհակառակնՙ ծաղկեց եւ նույնիսկ մուտք գործեց քաղաքաշինության ասպարեզ: Եվ այսօր դրանց անճաշակ դրսեւորումներին կարող ենք հանդիպել մեր հրապարակներում ու մայթերի վրա: Օրինակՙ Աբովյան փողոցի վրա, Ս. Աննա եկեղեցու մոտ, մայթին զբոսանքի դուրս եկած, հարուստ եւ ինքնագոհ «պիժոն»ի կերպարանքով արձանը, որն իբր ներկայացնում է մեծն Մանթաշյանցին: Ո՞վ կասի, որ սա այն բարերարն է, որն իր ժամանակին շուրջ 400 հայ երիտասարդների կրթաթոշակ է հատկացրել, այդ թվումՙ Մեծն Կոմիտասին, եվրոպական համալսարաններում ուսանելու համար: Ո՞ւր է նրա գործը, ոգին: Եղածը կռապաշտություն չէ՞:

Մեկ այլ օրինակ, ճիշտ էՙ ավելի պրոֆեսիոնալՙ Գարեգին Նժդեհի արձանը, որը տիպար է մեգալոմանիայի, նմանակումը ռուսական կայսերապաշտական արձանագործության: Ո՞վ կասի, որ սա այն մարդն է, հարազատ ու հայկական զորականը, որ առանց փքուն հավակնության կարողացավ հայկական հողի մի մասըՙ Սյունիքը պահել իր ժողովրդի ու պետության համար, ընդմի՛շտ:

Հիմա իսկական արձանամարտ է տեղի ունենում մեկ այլ հերոսիՙ Արամ Մանուկյանի շուրջը, հատկապես սոցցանցերում: Կողմերը շատ են, բայց խոսենք գլխավորների մասին: Առաջինըՙ Հ.Յ. Դաշնակցությունը, ինչպես նաեւ մեկ օրից մյուսը դաշնակցական դարձած պատմաբաններ պահանջում են Արամի արձանը տեղադրել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակումՙ որպես հայկական նոր պետականության հիմնադիրի: Քաղաքապետությունը, իր հերթին, որպես լիազոր կողմ, պատրաստակամ է այդ պահանջը բավարարել, սակայն մասամբՙ արձանը տեղադրել Արամի անունը կրող փողոցի հանդիպակաց վայրում, մետրոպոլիտենի կայանի դիմացի աստիճաններին: Առաջին կողմը պահանջում է նաեւ հենց ա՛յս տարի, Առաջին Հանրապետության ծննդյան 100-ամյակի օրերին, արձանը սարքել-պրծնել ու տեղադրել, ինչին համաձայն է թվում քաղաքապետությունը, որն արդեն իսկ ձեռնարկել է մրցույթ եւ մրցանակ է շնորհել մի էսքիզի, որը հավակնում է արձանի վերածվել ու տեղադրվել: Ահա այդ էսքիզն է, որ այսօր սոցցանցերում քննարկվում է խայտաբղետ մեկնաբանություններով, ինչպես էսքիզն ինքն է խայտաբղետՙ եռագույն դրոշի ծալքերից վեր է խոյանում, ավելի շուտՙ դուրս է պրծնում, մի ճղճիմ գլուխ, որի դեմքի արտահայտությունը կարծես ուզում է ասելՙ «Ե՛ս ծնվեցի»: Այլ խոսքովՙ ոչ իսկ նատուրալիստական, այլՙ կառնավալային մի անճաշակություն, որը անհարիր է Սարդարապատի որոշումը կայացնող ու ճակատամարտի թիկունքն ապահովող նշանավոր գործչի կերպարին:

Մեզ պետք չեն ո՛չ կուռքեր, ո՛չ էլ կեղծ-հայրենասիրական ռաբիզություններ: Այլՙ զուսպ, արժանապատիվ, կերպարային ու հարազատ արձաններ: Պետք է նոր մրցույթ հայտարարել, կամ, նախընտրաբար, տաղանդավոր մի արվեստագետի պատվեր տալ եւ սպասել:

Լավ ստեղծագործությունները ժամանակ են պահանջում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ