ՆՈՐ ՏԱՐԻՆՙ ԳԵՐՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՎ ԵՎ ՀԵՌԱՑՈՂ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի ՀՀ կառավարությունը 2017 թվականին շարունակեց հանրապետության հիմնականում գյուղական համայնքների խումբ-խումբ միավորման եւ այսպես կոչված խոշորացված համայնքների կազմավորման իր ծրագիրը: Այն, ըստ ամենայնի, ավարտի է հասցվելու այս տարի: Ծրագիրն ակտիվորեն է գործադրվում նաեւ Շիրակի մարզում: Այստեղ արդեն ստեղծված Արփի, Ամասիա, Աշոցք, Սարապատ անուններով այդպիսի համայնքային միավորներին անցած նոյեմբերի 5-ի ընտրություններով ավելացան երեք նորերըՙ Մարմաշեն, Ախուրյան, Անի, այդ ընդամենը 3-ի մեջ միավորելով... 40 բնակավայրՙ 39 գյուղ ու նաեւ 1 քաղաք, դրանց բնակչությանը: Երեւի ավելորդ է ասելը, որ այդ բնակչությունը, այդքան համայնքները ոչ թե իրենք են հարմար համարել ու իրենց ցանկությամբ միավորվել, այլ նրանց պարզապես վարչականորեն միավորել են մայրաքաղաքում նստած իշխանավորները: Եվ դա արել են այնպես, ինչպես իրենք սովորաբար կարողանում են անել որեւէ քիչ թե շատ մեծ խնդիր լուծելիս: Բայց նախՙ համայնք հասկացության եւ մեզանում դրա ներկա ըմբռնման մասին: Դեռ նախնադարյան հասարակարգից եկող այս հասկացությունը սովորաբար նշանակում է բնակության վայրի, արհեստակցական, կրոնական եւ այլ ընդհանրություններով մարդկանց ամբողջություն ու գուցե նաեւ կազմակերպման ձեւ: Հայաստանի Հանրապետությունում այն անցյալից վերադարձվեց եւ պաշտոնական շրջանառության մեջ մտավ 1995 թվականից հետո, երբ սահմանադրորեն որոշվեց ու գործողության մեջ դրվեց երկրի վարչատարածքային նոր բաժանումը: Նախկին վարչական շրջանները վերացվեցին, ստեղծվեցին մարզերՙ ինչպես Ռուսաստանում, վերացվեցին ավան, քաղաքատիպ ավան եւ նման հասկացությունները, մնացին միայն գյուղ ու քաղաքը: Եվ, ասենք, նախկին շրջկենտրոնների մեծ մասն ու դրանց թվում արդեն իսկ երեք տարբեր կարգի համայնք ներառող, 10 հազար մարդուց ավելի բնակչությամբ գյումրիամերձ Ախուրյանն էլ կոչվեց գյուղ, նաեւՙ մի քանի ընտանիքով մի կերպ շնչող, աշխարհից կտրված շատ փոքր բնակավայրն էլ: Քաղաքն ու գյուղն էլ դարձան համայնքներ... Մեր երկրի Սահմանադրության 180-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրությունն է»: Այս մեկ կամ մի քանիի խնդիրն առայժմ մի կողմ, էականն այստեղ այն է, որ համայնքը, ինչպես ճիշտ սահմանված է, բնակիչների հանրությունն է, այսինքն մարդիկ են: Բայց ահա նույն հիմնարար փաստաթղթի մեկ այլՙ 121-րդ հոդվածում սահմանվել է, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները»: Այսինքն համայնքը մի դեպքում ներկայացվում է որպես բնակիչների հանրություն, մյուս դեպքումՙ վարչական եւ, ուշադրություն, տարածքային միավոր: Ակնհայտ չէ՞, նախ, տրամաբանական ու դրանից բխող նաեւ սահմանադրական հակասությունը: Եվ երկրորդ, մի՞թե կարող է համայնքը, այսինքն մարդկանց հանրությունը, լինել վարչա-տարածքային միավոր, նահանգի, գավառի, շրջանի, մարզի եւ այլնի նման արտահայտվել ու ցուցադրվել քարտեզի վրա, հաշվվել քառակուսի կիլոմետրերով... Ահա այստեղից էլ, թվում է, սխալը սկսվել է: Համայնքը կարող է որոշակի ընդհանուր տարածքի տիրապետել, բայց ինչպե՞ս կարող է ինքը համայնքը տարածք լինել: Մեկից ավելի համայնքների միավորումը, իհարկե, մեզանում այնքան էլ նորություն չէ: Դրա յուրատեսակ նախադեպն էին խորհրդային տարիներից բոլորիս հիշողության մեջ մնացած, սովորաբար հարեւան երկու բնակավայրերի կոլտնտեսությունների կամ խորհրդային տնտեսությունների (սովխոզների) միավորումները, երբ որեւէ փոքր գյուղի տնտեսությունը միացվում էր հարեւան մեծ գյուղի տնտեսությանը, դարձվում նրա տեղամասը: Այս քաղաքականության հետեւանքը եղավ այն որ, ինչպես ժամանակին հիշեցնում էր նաեւ, օրինակ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, «փոքր բնակավայրերը կուլ գնացին մեծերին, անուշադրության մատնվեցին, բնակչությունը հեռացավ իր ապրելավայրից, գյուղն ամայացավ, հողատարածքներն անտերության մատնվեցին... Մեր հանրապետության տարածքիցՙ վարչական քարտեզից վերացավ ավելի քան 270 գյուղ» («Իրատես.ամ», 31.01.2012 թ.): Իսկ ՀՀ իշխանության ներկա ծրագրով իրար են միացվում նույնիսկ ոչ երկու-երեքական, այլ միանգամից տասնյակ համայնքներ: Թե ինչպես, բերենք միայն մեկ օրինակՙ դարձյալ Շիրակի մարզից: Մարմաշեն նորակազմ համայնքի մեջ (կենտրոնըՙ Մայիսյան գյուղ) ներառվել է ոչ ավել-ոչ պակասՙ 15 գյուղական բնակավայր: Գյումրուց 7 կմ հյուսիս-արեւմուտք, Գյումրի-Բավրա-Վրաստան միջպետական ավտոմայրուղուց մոտավորապես այդքան դեպի ձախ ընկած քաղաքամերձ Մարմաշենը, որի անունով է կոչվել այս միավորումը, տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում, ծովի մակերեւույթից 1620 մ բարձրությամբ մեղմաթեք հարթավայրում: Գյուղի մոտով է անցնում Շիրջրանցքը: Սա մարզի ավանդաբար շեն գյուղերից մեկն է, 2013 թ. տվյալով ունի 1769 բնակիչ, 392 տնտեսություն: Ի՞նչ համայնքային ընդհանրություն կարող է լինել, օրինակ, սրա եւ Գյումրուց 8-12 կմ հյուսիս-արեւելք, 1800-1830 մետր բարձրությամբ լեռնային փոքրիկ բնակավայրերիՙ քարքարոտ մեկուսի վայրում գտնվող, 42 բնակչով Կարմրաքարի, նույն ուղղությամբ սարերի մեջ թաքնված Լեռնուտի կամ Ջաջուռ կայարանի բանավանի (Ջաջուռավան), դրանց բնակչության միջեւ: Մարմաշենը եւ այս գյուղերը գտնվում են Գյումրի քաղաքից դուրս եկող տարբեր ուղղությամբ ճանապարհների, առաջինըՙ ինչպես նշեցինք, Գյումրի-Բավրա, նշվածներըՙ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհային գոտու տարբեր հատվածներում: Ի՞նչն է կառավարության պաշտոնյաներին հիմք տվել նույն համայնքի մեջ միավորելու, մի կողմից, Մարմաշենի, համայնքային կենտրոն Մայիսյանի ու դրանց հարեւան մի քանի բնակավայրերի, մյուս կողմիցՙ մարզի բոլորովին տարբեր տարածքներում, բնական, կլիմայական եւ այլ պայմաններում գտնվողՙ նշված երկրորդ խումբ գյուղերի բնակչությանը: Այդ թվում նաեւՙ Գյումրուց 15-ական կիլոմետր հեռու գտնվող քամոտ Ջաջուռի, 88-ի երկրաշարժին բնակֆոնդի հիմնական մասը կորցրած, 1905 մ բարձրությամբ ակտիվ սեյսմավտանգ Մեծ Սարիարի, սրան հարեւան Կրաշենի: Այս գյուղերի բնակիչն ի՞նչ համայնքապետ պիտի ընտրի ու ինչպե՞ս պիտի ինքնակառավարվի... Նորակազմ «համայնքի» ծայր արեւմտյան Կապս գյուղը գտնվում է Գյումրուց 15 կմ հյուսիս-արեւմուտք, իսկ ծայր արեւելյան Կրաշենըՙ Գյումրուց 18 կմ հյուսիս-արեւելք: Գյումրիով անցնելիք ավտոճանապարհի ընդհանուր հեռավորությունը նրանց միջեւ կկազմի մոտ 35 կիլոմետրՙ անցնելով նաեւ ուրիշ քանի-քանի բնակավայրերով: Գուցե կարելի կլիներ հասկանալ, եթե նույն գոտում գտնվող, սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային եւ ինչ-ինչ ընդհանրություններով ու խնդիրներով կապված անմիջական հարեւան երկու, երեք համայնքներ, նաեւ իրենց ցանկությամբ ու շահագրգռությամբ առժամանակ միավորվեին, թե չէ այսպես... Եվ նույնիսկ նույն գոտու համայնքների միավորման դեպքում, առավել եւս եթե միավորվողների թիվը երկուսից, երեքից անցնում է, դա արդեն ըստ էության ոչ թե մեկ համայնք է, այլ համայնքային միավորում: Շիրակի տարածքի նախկին հինգ վարչական շրջաններից եթե, օրինակ, Ամասիայի եւ Աշոցքի բոլոր բնակավայրերը միավորել են գոնե երկուական նոր համայնքի մեջ, ապա Անիի նախկին ամբողջ շրջանի հարցը (17 բնակավայր) մի զարկով լուծել ենՙ ընդգրկելով մեկ ընդհանուր համայնքում: Թվում էՙ մեկնաբանություններն ավելորդ են: ՀՀ իշխանությունները երբ մի բան որոշում են անել, դրանից առաջ եւ հետո ոչ մի այլ հիմնավոր կարծիք ու անգամ լուրջ մասնագիտական հակափաստարկ կարծես թե չեն ցանկանում հաշվի առնել: Ու տպավորությունն այնպիսին է, թե միշտ նրանք ինչ-որ մի բան գիտեն, որը մենք չգիտենք: Օրինակները բազմաթիվ են: Խնդրո առարկա գործընթացը մարզում, ինչպես եւ հանրապետությունում, դեռ ավարտված չէ. Ախուրյանի ենթաշրջանի մի խումբ գյուղեր, նախկին Արթիկի շրջանի բնակավայրերն առայժմ մնում են հին համայնքներով: Երեւի արժե առժամանակ կանգ առնել, ուսումնասիրել ու իմաստավորել կատարվածը, կուտակվող փորձը, հետո նոր, դրա հիման վրա առաջ շարժվել: Ուստի համփոփումն մի երկու նկատառում հնարավորինս կարճ ավելացնենք: Երբ փորձում ես միավորել անմիավորելին, այն միեւնույն է, ի վերջո փլուզվում է: Թվում էՙ այս համայնքախոշորացումները իրավիճակային, ժամանակավոր, տեղ-տեղ գուցե կարճաժամկետ օգուտ տվող, բայց ընդհանուր ավելի վնաս պարունակող քայլեր են, որոնք ոչ թե առկա խնդրի պատճառը, խնդիրն են լուծում, այլ դրա, ավելի շատ, հետեւանքն են փորձում մեղմել, փոքր բան շահելՙ ի վնաս մեծի: Եթե փող չկա ու պետք է եղածով նաեւ որոշ արդյունքի հասնել, ուրեմն ոչ թե պիտի ամեն ծախս ու պարտականությունից քիչ-քիչ բեռնաթափվել, այլ իրապես նորից տնտեսություն զարգացնել, մենաշնորհները վերացնել, որ նյութական արդյունք ու փող ստեղծվի: Համայնքներն այդպես չեն խոշորացվում, եւ այն ինչ արվում էՙ խոշորացում չէ: Դրանք խոշորանում են զարգանալով, ծավալվելով ու մարդաշատանալով: Ի վերջո, երբ խոսքը վերաբերում է տեղական ինքնակառավարման զարգացմանը, այն սովորաբար ենթադրում է ավելի մոտեցում տեղերին, ըստ հնարավորին ապակենտրոնացում: Մինչդեռ հիմա հանրապետական իշխանությունը կատարում է հակառակ գործընթացըՙ կառավարումը առնվազն մեկ աստիճանով մոտեցնում է իրեն, նույնքանով հեռացնելով բուն համայնքներից: Գուցե շահում է դրանց պետական կառավարումն ու կառավարելիությունը (հարկահավաքություն, ընտրություններ եւն), սակայն ժողովուրդը կորցնում է տեղական ինքնակառավարման որոշակի աստիճան: Ժամանակին շրջանային մարմինները տեղերում իրականացնում էին պետական կառավարում: Դրանց վերացմամբ ու մարզպետարանների ստեղծմամբ պետական կառավարումը մեկ աստիճանով կենտրոնացվեց, իսկ այժմ այսպիսի համայնքների կազմավորմամբ մեկ աստիճանով կենտրոնացվում, մարդկանցից հեռացվում է տեղական ինքնակառավարումը: Որն արդեն այնքան էլ տեղական չէ ու այնքան էլ ինքնակառավարում չէ: |