ԱՊՐԻԼԻ 24. ԷՐԴՈՂԱՆԸ ԿԴԻՄԱՆԱ՞ ՄԱԿՐՈՆԻ ՀԱՐՎԱԾԻՆ Պ. Ք. Մերձավոր Արեւելքում պատմությունը հաճախ կրկնվում է Այն բանից հետո, երբ նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր եւ հույս հայտնեց, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կվերադառնա խորհրդարան, հերթական ճգնաժամը սկսվեց ֆրանս-թուրքական հարաբերություններում: Թուրքերի պաշտոնական վարկածը հայտնի էՙ 1915թ. ցեղասպանություն չի եղել: Ուստի թուրքական լրատվամիջոցներում ներկայումս սկսվել է հերթական հակաֆրանսիական արշավը, սակայնՙ հետաքրքրական դրույթներով: Բանն այն է, որ անցյալում Ֆրանսիան ամենատարբեր ձեւերով նախաձեռնել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարցի քննարկումը: Այսպես, 2011 թ. դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որը քրեականացնում էր ցեղասպանությունների ժխտումը: Վերին պալատը 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ բանաձեւը: Դրանից հետո Սահմանադրական խորհրդին հայց ներկայացվեց ընդդեմ այդ օրինագծի: Դատավորները քննարկումից հետո բանաձեւը ճանաչեցին հակասահմանադրական: Վճռական դեր խաղաց Անկարայիՙ որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի հետ Փարիզի համերաշխության գործոնը: Փորձագետներից շատերը Փարիզի այդ քայլը բացատրեցին առաջին հերթին Ֆրանսիայի ներքին իրադարձություններով, ընտրական շրջափուլերով, երբ կառավարող վերնախավը ձգտում էր ստանալ ազդեցիկ հայկական համայնքի աջակցությունը: Այժմ եւս Թուրքիայի խորհրդարանում կառավարող կուսակցության փոխխոսնակ Ահմեդ Այդընը վստահություն է հայտնում, թե Մակրոնը պատմական գործոնը կիրառում է ներքաղաքական նպատակներով: Սակայն Ֆրանսիայի գործող նախագահին կարծես թե ընտրություններ չեն սպասվում: Դրանից ելնելով, թուրք փորձագետները պնդում են, թե Մակրոնը հայկական թղթածրարը բացում է Սիրիայում Թուրքիայի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության կապակցությամբ եւ քրդերի հետ մեկտեղ փորձում է Հայկական հարցը դնել իր մերձավորարեւելյան օրակարգում: Եթե դա ճիշտ է, ապա ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում են թուրք քաղաքական գործիչները: Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հռետորական հարց է տալիս. «Ի՞նչ կփոխվի, եթե այդ հարցը դրվի օրակարգում: Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական եզրույթ է»: Սակայն ներկա փուլում Փարիզը կարող է շեշտը դնել խնդրի հենց իրավական կողմի վրա, որից հետո Անկարան կհայտնվի ծանր կացության մեջ: Ինչպես Անտանտի մյուս պետությունները, Ֆրանսիան եւս Առաջին աշխարհամարտի նախօրեին Օսմանյան կայսրության արեւելքում ուներ հյուպատոսական հաստատութունների ճյուղավորված ցանց, որոնց աշխատակիցները հստակորեն արձանագրում էին ինչպես տեղական բնակչության թվաքանակը, այնպես էլ դրա էթնիկական կազմըՙ նկարագրելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրադրությունը: Պատերազմից հետո Ֆրանսիան ստանձնեց Լիբանանի եւ Սիրիայի կառավարման մանդատը, ինչը վճռական դեր խաղաց Մերձավոր Արեւելքի քարտեզի ստեղծման մեջ, որի ուրվագծերն անչափ մոտ են ներկայիս կացությանը: Այն ժամանակվա ֆրանսիական դիվանագիտական արխիվներին ծանոթ հետազոտողները գիտեն, թե ինչպիսի բծախնդրությամբ են արձանագրվել Օսմանյան կայսրության հարավարեւելյան վիլայեթների հայերի անհետացման փաստերը, նշում է պատմաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքէջում: Սա հայտնի է նաեւ թուրք քաղաքական գործիչներին: Անկարան վաղուց փորձում է տարանջատել «օսմանահպատակ» եւ «ռուսահպատակ», այսինքն ներկայիս Հայաստանի հայերինՙ նրանց նկատմամբ վարելով տարբեր քաղաքական գծեր: «Անցյալում հայկական սփյուռքի հետ ծավալված բանակցությունները ընկալվում էին իբրեւ սպառնալիք կամ հետախուզման փորձ», ասում էր Թուրքիայի նախկին վարչապես Ահմեդ Դավութօղլուն : Նրա խոսքերովՙ դիվանագետները մտահոգություն են ունեցել, թե ինչ կլինի, եթե այդ բանակցությունները գրի առնվեն: «Ես վերջերս հանդիպումներ եմ ունենում տարբեր երկրների հայկական համայնքների հետ, եթե դրանք գոյություն ունեն: Մենք դա չենք հրապարակում, քանի որ ծայրահեղորեն տրամադրված հայերը կարող են խնդիրներ առաջացնել: Բայց մենք հասկանում ենք, որ առանց Հայաստանի վրա ճնշում գործադրող սփյուռքի հետ կապերի հարցը դուրս չի գա փակուղուց»: Թուրքիան Ադրբեջանի ճնշման ներքո հրաժարվեց վավերացնել 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, որոնք նախատեսում էին Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորում եւ սահմանների բացում: Դրանցով նաեւ նախատեսվում էր պատմաբանների թուրք-հայկական համատեղ հանձնաժողով ստեղծել 1915 թ. դեպքերի ուսումնասիրման համար: Այլ կերպ ասածՙ Բաքուն ձախողեց Հայոց ցեղասպանության հարցը օրակարգից դուրս բերելու սխեման: Այժմ էստաֆետն ընդունել է Փարիզը, ավելի ճիշտՙ արեւմտահայ սփյուռքը: Ի հայտ են գալիս Թուրքիային հաշիվ ներկայացնելու տարբերակներ, բայց հիմա արդենՙ Մերձավոր Արեւելքում քրդական հարցի լուծման լայն համատեքստում: Ի դեպ, վարկածներից մեկի համաձայն, Մակրոնը իբր փորձում է Անկարային դրդել վավերացնելու Ցյուրիխի արձանագրությունները: Սա չի բացառվում, թեեւ կա մեկ ուրիշ վարկած եւս: Վերջինիս համաձայնՙ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո կարող է ճանաչել նաեւ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Դա լուրջ նրբերանգներ կմտցնի Սրիայում, Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում ԱՄՆ քաղաքականության կառուցման մեջ, որը ստիպված կլինեն հաշվի առնել տարածաշրջանի երկրները: Առավել եւս, որ Վաշինգտոնը, չնայած Անկարայի հորդորներին, շարունակում է օգնել Սիրիայի քրդերին: Թուրքիայի կացությունը բարդանում է նաեւ նրանով, որ Առաջին աշխարհամարտում նրա դաշնակիցը եղած Գերմանիան, օգտագործելով իր արխիվներում պահվող պատմական փաստաթղթերը, ապա նաեւ Վատիկանը, մոտ հարյուր տարի առաջ Օսմայան կայսրությունում եւ Անատոլիայում իրականացված հայերի զանգվածային կոտորածները անվանեցին հենց Ցեղասպանություն: Բացի դրանից, հենց Թուրքիայում այսօր կարելի է գտնել գրքեր, որոնցում 1915 թ. ողբերգական իրադարձությունները բնութագրվում են որպես Հայոց ցեղասպանություն: Անկարան չի թաքցնում, որ ինքը սրությամբ զգում է առայժմ անուղղակորեն իր գլխին կախված լուրջ սպառնալիքի առկայությունը: Թուրքիան անցել է դիվանագիտական հակահարձակման: Սակայն Հայկական հարցի վերակենդանացման վտանգավորության վերաբերյալ նրա առաջ քաշած փաստարկները կօգնե՞ն արդյոք ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորմանը: Ամեն դեպքում Թուրքիայի շուրջը ներկայումս ծավալվող իրադարձությունները շատ բաներով հիշեցնում են առաջին աշխարհամարտի վերջնական փուլը: Մի՞թե պատմությունը կրկնվում է: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Թուրքիային նախազգուշացրել է, որ քրդերի դեմ ուղղված «Ձիթենու ճյուղ» գործողությունը չպետք է պատրվակ ծառայի Սիրիա ներխուժելու համար: Մակրոնը թերեւս ուզում է Ֆրանսիան վերադարձնել Մերձավոր Արեւելքում կարեւոր դեր խաղացող երկրների շարքը, որոնք մասնակցում են ոչ միայն Սիրիայի, այլեւ ուրիշ երկրների խնդիրների կարգավորմանը: Թուրքական Hurriyet թերթի կարծիքովՙ դա Անկարային կարող է մատուցել մի ամբողջ շարք աշխարհաքաղաքական անակնկալներ, մանավանդ եթե Ֆրանսիայի նախագահը քրդականից բացի խաղի մեջ մտցնի նաեւ հայկական խաղաքարտը: Թուրք փորձագետները վաղուց համակարծիք են, որ Մերձավոր Արեւելքում քրդերի հարցը պատմականորեն այս կամ այն կերպ կապված է այն խնդիրների հետ, որոնց անցյալում բախվել են հայ համայնքը եւ ուղղափառ սիրիացիները, նշում է թերթը: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հակաքրդական գործողությունների հետեւանքով ուժեղացել է փախստականների հոսքը դեպի Թուրքիա: Միջազգային ճգնաժամային խմբի հրապարակած զեկուցագրի համաձայնՙ շատացել են թուրքական քաղաքներում տեղաբնակների եւ սիրիացի փախստականների միջեւ բռնարարքները: Քաթարի արտգործնախարար Մուհամմադ բեն Աբդուռահման ալ-Թանին նախազգուշացնում է, որ «Իսլամական պետությունը » կարող է վերստին գլուխ բարձրացնել: Իսկ The New York Times թերթը վստահ է, որ Սիրիայի պատերազմը կշարունակվի մինչեւ 2022 թվականը: |