ՄԵՔԵՆԱՅՈՎՙ ՄԱՐՍ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը փետրվարի 7-ին Falcon Heavy գերծանր հրթիռի միջոցով տիեզերք է արձակել Tesla էլեկտրական մեքենա: Հայտնի է, որ 100.000 դոլար արժողությամբ կարմիր ռոդսթերի ղեկին գտնվում է տիեզերագնացի հանդերձով մանեկենը, որին Մասկը կոչել է Սթարմեն: Հետաքրքրական է, որ դեպի Մարս ուղարկված մեքենայի միկրոսխեմաներից մեկի վրա գրված է, որ «սա պատրաստել են մարդիկՙ Երկիր մոլորակի վրա»: The Guardian-ը հայտնում է, որ էլեկտրական մեքենան շեղվել է սկզբնական ուղերթից ու այժմ Մարսի ուղեծրի փոխարեն շարժվում է դեպի Աստերոիդների գոտի: Մասնագետների կարծիքովՙ այնտեղ հասնելուց հետո Tesla-ն կարող է բախվել որեւէ երկնային մարմնի ու ոչնչանալ: Մինչդեռ ուրիշների համոզմամբՙ մեքենան չի էլ հասցնի Աստերոիդների գոտի հասնել, քանի որ նախքան այդ կքայքայվի տիեզերական ճառագայթման հետեւանքով: Ամեն դեպքումՙ դեպի Մարս ուղղության համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում շնորհավորել է Մասկին: |