ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿ ԻՆՔԴ ՔԵ՛Զ ԵՍ ՊԱՐՏՎՈՒՄ.... ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Քաղաքական գիտությունների թեկնածու Մի քանի տարի առաջ էր... Հանրային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ելույթ ունեցողը, Հայաստանում մնալու կարեւոր փաստարկներից մեկն էլ երիտասարդներին դիմելով դիտարկեց մեր «տատեր- պապերի գերեզմանները» (բանախոսը մինչ այդ անդրադարձել էր իր իսկ ձեւակերպմամբ` «մեր նախնիների հերոսական անցյալին»), վերջին շարքերում նստած երիտասարդներից մեկը տեղից գրեթե բղավեց` «Ձեզ չի՞ թվում, որ այս պահին զբաղված եք ընդամենը հայրենասիրական էմոցիաներ գողանալով: Կամ` էդ ի՞նչ հերոսական անցյալի մասին է, որ էս անկլավի մեջ էնք էսօր հայտնվել...»: Երիտասարդը բանախոսից համառորեն պահանջում էր մեր պատմությունը գնահատել փաստերի լեզվով ու առարկայորեն (օբեկտիվ), եւ, ինչպես նրանցից մեկը վերջում նշեց` «հասկանանք մեր ձախողումների իրական պատճառներն ու ինքնախաբեությամբ չզբաղվենք»: Իսկապես, մենք երբեւէ փորձե՞լ ենք հասկանալ, թե ինչն է պատճառը, որ երկու հազարամյակ առաջ, ունենալով ավելի քան 300 հազար ք/կմ տարածք եւ լինելով տարածաշրջանում հիմնական դերակատարներից մեկը, այսօր մնացել է այդ տարածքի ընդամենը տասը տոկոսը` այն էլ հիմնականում շրջապատված թշնամիներով, զրկված դեպի ծով ելքից: Կամ` փորձե՞լ ենք երբեւէ անկեղծորեն մեզ հաշիվ տալ, թե ինչն է պատճառը, որ մեր ազգի մոտ 2/3 այսօր ապրում է իր պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Ի դեպ, համեմատության կարգով նշեմ, որ Իսրայելի անկախացումից հետո 25 տարիների ընթացքում ավելի քան 6 անգամ ավելացավ ազգաբնակչության թիվը` ներգաղթի շնորհիվ, ինչը հրեաների համազգային ծրագրի կարեւոր բաղկացուցիչներից է, իսկ Հայաստանի անկախացումից հետո ոչ միայն համահայկական ներգաղթի համազգային ծրագիր չունեցանք, այլ նաեւ այս տարիների ընթացքում փաստացի արձանագրված արտագաղթի չափերը արդեն լրջորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը... Ե՞րբ, վերջապես, կհասկանանք, որ դարեր շարունակ ինքներս մե՛զ ենք պարտվել, որ թո՛ւրքը, պարսի՛կը, արա՛բը, ռուսն ու ամերիկաները ուղղակի կարողացել են օգտվել մեր թագավորների, իշխանների ու մելիքների, կրոնավորների ու կրոնապետերի` տարբեր ժամանակաշրջաններում, գուցե եւ ոչ միտումնավոր, բայց պետությանը թիկունքից հասցրած հարվածներից: Նույնիսկ Վասակին ենք շարունակում դավաճան համարել միայն նրա համար, որ պետականությունը համարում էր բացարձակ եւ անփոխարինելի արժեք` առանց պայմանակությունների եւ անվարան շարժվում էր հենց այդ ուղղությամբ: Թեկուզեւ որոշ պատմագրեր ու գրողներ տարբեր ժամանակաշրջաններում մեր անհաջողությունների պատճառները տեսել են հիմնականում մեզանում (Մ. Խորենացի - «Ողբ», Ղ. Փարպեցի - «Թուղթ առ Վահան Մամիկոնեան», Ե. Չարենց - «Պատմության քառուղիներում», Հ. Թումանյան, Հ. Մաթեւոսյան եւ այլք), բայց միեւնույն է, մեր պաշտոնական պատմագրությունը, որը հիմնականում գրվում է օրվա իշխանության ձեռամբ, առաջարկել եւ շարունակում է առաջարկել հոտնկայս ծափահարել մեր հերոսական եւ հաղթական անցյալն ու ներկան... Սակայն մի կողմ թողնենք պատմությունը, որովհետեւ, իսկապես, այն կեղծելու բաղադրիչը բավականին մեծ է, գանք մեր նորագույն պատմության վերջին 25-30 տարինեին, ինչի ժամանակակիցն ու մասնակիցն ենք... 88 թիվ... Համազգայն շարժում... Անկախ պետականության հռչակում... Արցախում` հաղթանակներ, տարածաշրջանում ` ժողովրդավարության կղզյակ, մեկ ազգ-մեկ հայրենիք դառնալու, համազգային համակողմային ծրագիր մշակելու եւ իրականացնելու իրական հնարավորություն... Եվ, խնդրեմ` ընտրական 96 թիվ, սեպտեմբեր... Նախագահական ընտրությունների արդյունքների աննախադեպ կեղծում: Օրվա իշխանությունը անկեղծորեն չթաքցրեց իր մոտեցումը Հայաստանում իշխանություն ձեւավորելու հարցում եւ զենքը ձեռքին ի լուր ամենքի հայտարարեց, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքի, նրան «իշխանություն տվող չկա»: Խնդրեմ, անկախության պայմաններում, առանց դրսից որեւէ պարտադրանքի կամ միջնորդության մեր իսկ կողմից ընդունած եւ պետության ու անկախության ճակատագիրը վտանգող առաջին ինքնաոչնչացնող հրովարտակը: Եվ նախորդ ծանր տարիներին համազգային ուժերով ու նվիրումով շահած հաղթանակներին եւ հաջողություններին մեր իսկ կողմից թիկունքից հասցրած առաջին դավադիր լուրջ հարվածը, որից մինչեւ այժմ ուշքի չենք գալիս: Այո՛, մինչեւ այժմ, որովհետեւ ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությանը տիրանալու հրեշավոր այս նախադեպը դարձավ հիմնական ընտրական ավանդույթ-գործիքակազմը` հետագայում վերաճելով պետությունը մանրամասն քայքայող արյունածոր վերքի: Եվ ամենացավալին, որ ազգովին համարժեք պատասխան չկարողացանք տալ պատերազմի դաշտում հազարավոր զոհերի գնով հաղթանակած քաղաքացու ձայնը կեղծողներին` դառնալով օրվա իշխանությանը արժանի հանցակիցներ: Մյուս դավադիր հարվածը պետությանը` հոկտեմբերի 27-ն էր, երբ գնդակահարվեց ԱԺ-ն: Ահաբեկչության նպատակը տեղավորվում է գրեթե նույն տրամաբանության սահմաններում, ինչով առաջնորդվեցին 96-ի ընտրակեղծարարները. այն է` եթե կարելի է իշխանկական ռեսուրսներ օգտագործելով կեղծել ընտրությունները եւ վերարտադրվել, իսկ ինչո՞ւ չի կարելի գնդակահարելով ԱԺ-ն` տիրանալ իշխանությանը: Հասկանում եմ` հարցը նուրբ է եւ կլինեն մարդիկ, ովքեր այս գնահատականներց անձնապես ցավ կարող են զգալ կամ չհամաձայնել զուգահեռի հետ, բայց ընդունե՛ք, որ հրեշները միշտ ծնվում են, երբ խուսափում ես բացահայտել եւ կանխել ծնող պատճառները: Մենք այդպես էլ ուժ չունեցանք երբեւէ հրապարակային քննարկել ու գնահատել այս երկու ողբերգությունների պատճառահետեւանքային կապը, վախեցանք ինքներս մեզ հետ միայնակ մնալ, իրար աչքերի նայել... Իհարկե` անշառ է, հատկապես ԱԺ-ն գնդակահարելու դեպքում երրորդ ուժի` ռուսամոլների համար` արեւմուտքի, արեւմտամոլների համար` ռուսների ստորագրության հետքեր փնտրելն ու անպայման ամենտարբեր ու «ամենահամոզիչ» փաստարկներով այն գտնելը... Սեփական սխալն ու մեղավորությունը չընդունելը, անձնական անհաջողությունները ուրիշների վրա բարդելը ընդհանրապես միշտ հատուկ է թույլին, մեղավորին, գաճաճին... Անպատրաստ գտնվեցինք նաեւ արցախյան ճակատում տարած հաղթանակները դիվանագիտական հարթության վրա վավերացնելու գործում: Նախ` 94-ի մայիսի 10-ի Բիշքեկյան հրադադարի համաձայնագրի մասին: Զրուցել եմ այդ փաստաթղթի ստորագրմանը ներկա գտնված մեր երկու ներկայացուցիչների հետ, ովքեր փորձել են բացատրել ստորագրման անխուսափելիությունն ու անհրաժեշտությունը` ռուս- ամերիկյան համատեղ ճնշումներ, ներբանակային խնդիրներ եւ այլն: Բայց առավել համոզիչ են մեր բանակի պրոֆեսիոնալ զինվորական գեներալների` լուսահոգի Գ.Դալիբալթայանի եւ Ն. Տեր-Գրիգորյանի բացասական գնահատականները, որոնց հետ պատիվ եմ ունեցել մանրամասն քննարկել փաստաթուղթը, եւ ովքեր, ինձ համար շատ զարմանալի, ըստ էության, մեկուսացված են եղել բանակցային ամբողջ գործընթացքից: Իսկապե՛ս, առանց հստակ Արցախի անկախությունը Ադրբեջանի կողմից ճանաչելու նախապայմանի ի՞նչ նպատակ էին հետապնդում այդ հաղթանակները, եթե պետք է ստորագրվեր համաձայնագիր, ինչը հնարավորություններ էր տալիս բավականին լուրջ պարտություններ կրած եւ բարոյահոգեբանական ծանր վիճակում հայտնված հակառակորդին վերականգնվելու ժամանակ շահել: Այդ պահին մենք չէի՞նք հասկանում, որ հակառակորդն իր բնական ռեսուրսներով, աշխարհագրական դիրքով, ծովային պետություն լինելու կարգավիճակով եւ ամենակարեւորը` իր անդավաճան ռազմավարական դաշնակցով վաղը բոլորովին այլ ծրագրերով ու հնարավորություններով է ներկայանալու, ինչի ականատեսն ենք այսօր... Պատահական չէ, որ այս փաստաթղթի ստորագրումն ադրբեջանական վերլուծաբանները (եւ ոչ միայն նրանք) դիտարկում են որպես Հ. Ալիեւի դիվանագիտական բացառիկ եւ կարեւորագույն հաղթանակներից մեկը: Քաղաքական-դիվանագիտական հարթության վրա Արցախին հասցրած մյուս հարվածը, նույնպես բացառապես մեր ջանքերով, թերեւս, նրան միջազգային ամբիոններում Մինսկի խմբի կազմից որպես բանակցային կողմ զրկելն էր, ինչը նշանակում էր Ադրբեջանին սկուտեղի վրա դիվանագիտական հաղրաթուղթ մատուցել: Այդ գործընթացի սկիզբը դրվեց այն պահից, երբ Արցախում ժողովրդի ազատ քվեով ընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Միջազգային ամբիոններում այս փաստը թափահարելով, Ադրբեջանն ու իր ռազմավարական դաշնակիցը սկսեցին ավելի համառորեն Արցախի ինքնորոշումը ներկայացնել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջ: Ուրիշ ինչպե՞ս պետք է արձագանքեր Ադրբեջանը մեր այսՙ միջազգայնորեն անընկալելի եւ Արցախի կարգավիճակը, ըստ էության, անլրջացնող որոշմանը: Համոզված եմ, որ այդ պահին Հայաստանում ոչ պակաս արժանի բազմաթվ թեկնածուներ կարող էինք գտնել, բայց այս նշանակումով օրվա իշխանությունն ընդամենը մի շատ նեղ, անձնական խնդիր էր լուծում` չեզոքացնել բացահայտ կեղծված ընտրությունների հետեւանքով Հայաստանում եւ սփյուռքում ստեղծված ներքաղաքական եւ ներազգային լարվածությունը: Այդ նշանակումը որեւէ այլ հիմնավորմամբ մեկնաբանելը նշանակում է` ուժ չունենալ գործած սխալը ընդունել կամ` զբաղվել քաղաքական պարզագույն երեսպաշտությամբ: Ըստ էության, վերջին 30 տարիների մեր պետության զարգացման ամբողջական փաթեթը հիմնականում անցկացրել ենք Արցախի հիմնախնդրի պրիզմայով, ինչը, որպես համազգային առաջնահերթություն, բնական է: Բայց, անկեղծ ասած, նկատի ունենալով եղած իրողություններն ու Հայաստանի ներկա վիճակը, այս պահին real politik-ի դիրքերից դժվարանում եմ կանխատեսել, թե ինչպիսի լուծում կունենա արցախյան հակամարտությունը... Չնայած Ադրբեջանի նախագահի` Երեւանը «վերադարձնելու» անհեթեթ հայտարարություններին, մերոնք էլ պակաս ոգեւորությամբ չեն պատասխանում. մոտավորապես` համը չհանեք, թե չէ ոչ միայն Բաքուն կգրավենք, այլեւ Կասպից ծովում ձուկ կորսանք եւ թեյ կխմենք: Բայց հասկանալի է, որ նման հայտարարություններով չէ, որ կլուծվի Արցախի ճակատագիրը: Նաեւ չեմ կարծում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում այն կարող է լուծում ստանալ. երկու պետություններն էլ զինանոցներում զենքի այնքան լուրջ պաշար են կուտակել, որ իրար դեմ այն ազատ օգտագործելու դեպքում երկուստեք կարող են միմյանց ունեցած-չունեցածը մի քանի անգամ հողին հավասարեցնել: Մյուս կողմից` եւս մի քանի տարի ներկա ստատուս- քվոյի պահպանման դեպքում դժվարանում եմ ասել, թե ժողովրդագրական ինչպիսի պատկեր կունենաք եւ ինչպիսին կլինի Հայաստանի եւ Արցախի իրական վիճակը, եթե շարունակենք վերջին 20-25 տարիների քաղաքականությունը: Անշուշտ, կարեւորագույն թեմա է նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտի ներկա վիճակը... Սրանք հարցեր են, որոնք միայն համազգային միասնական ծրագրի մշակման եւ իրականացման դեպքում կարող են դրական լուծումներ ունենալ... Իսկ կունենա՞նք... Կարծում եմ` կունենանք, եթե ուրիշների աչքերում փուշ փնտրելու փոխարեն հավաքաբար տեսնենք մեր իսկ ձեռքով մեր աչքում մխրճած գերանը, առարկայորեն վերլուծենք պատմականորեն մեր անհաջողությունների իրական պատճառներն ու դասեր քաղենք դրանցից: |