ՄԵԶԱՆԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՔԱՋԱՐԻ ԾՈՎԱԳՆԱՑԸ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ Արմեն Նազարյանը ոչ առանց հպարտության ընդգծում էր, որ իր նախնիները Նախիջեւանից եւ Ղարաբաղից են: Հայրըՙ Հայրապետ Նազարյանը, խոշոր գիտնական-կենսաբան էր: Մայրըՙ Զինաիդա Գաբրիելյանը (Նազարյան) հայտնի գրադարանավարուհի էր: Եվ զարմանալի չէ, որ Արմենը, ավարտելով Երեւանի պետական համալսարանը, դարձավ իսկական գիտնական: Առաջ անցնելով նշեմ, որ լողալով «Կիլիկիա» առագաստանավով, ես արդեն այն ժամանակ հուշատետրում գրել էի Արմենի մասին. «1963 թվականից Արմենը աշխատել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում որպես գիտաշխատող: 1969 թվականիցՙ որպես ավագ գիտաշխատող Ռադիացիոն ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում: Պաշտպանել է դիսերտացիա, ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1981 թվականից որպես բաժնի պետ է աշխատել «Աերոզոլ» կոնստրուկտորային տեխնիկական հատուկ բյուրոյում: Շուտով նշանակվել է Լազերային տեխնիկայի գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն: Պատրաստվում էր պաշտպանել դոկտորական դիսերտացիա»: Հիշեցնեմ, որ պատանեկան տարիներից տարված էր սպորտով: Եվ, ինչպես հաճախ էր հպարտությամբ ասում, միշտ զբաղվել է մեծ թենիսով: Հայաստանում հիմնել է վինդ-սերֆինգըՙ որպես ազգային մարզաձեւ: Եվ սրտի ցավով նշեմ, որ մինչեւ իր կյանքի վերջին օրը համարյա կլոր տարին աշխատում էր որպես մարզիչ: Հաճախ էր կրկնում. «Ապագան երիտասարդությունն է»: Եվ հաճախ էլ խոստովանում էր, որ իր բոլոր գիտական նախագծերը միանգամից մի կողմ է դրել: 2004 թվականի ամռանից սկսած Արմենը իր որդուՙ Արեգ Նազարյանի հետ ընդգրկվեց «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմում: Ինքս էլ երջանկություն ունեցա լինել այդ անձնակազմի անդամ: Եվրոպայի շուրջ «Կիլիկիա»-ի նավարկությունն ընթացավ երեք փուլով, երեք տարվա ընթացքում: Արմենը, ինչպես ոչ այլ ոք, գիտակցում էր մեր ճամփորդության ողջ լրջությունը, այն համարելով հիրավի ազգային նվաճում: Դրա համար էլ գիտակցված կերպով հեռացավ գիտությունից, որին մինչ այդ նվիրել էր իր կյանքը: Եվ պատահական չէր, որ դարձավ հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության կազմակերպման ամենաակտիվ գործիչներից մեկը: Քչերին է հայտնի, որ նա մեկն էրՙ առաջարկողներից, որպեսզի աշխարհաշուրջի վերջնագծում «Արմենիա» առագաստանավը խարսխվի Սուրբ Ղազար կղզում, որտեղ գրեթե կլոր տարին զբոսաշրջիկները այցելում են պատմական եզակի թանգարանը: Հավելեմ, որ իր անսպասելի մահից մեկ օր առաջ նա ինձ մոտ էր եւ խոսում էր լեգենդար «Արմենիան» իր հայրենիքՙ Սեւան վերադարձնելու ժամկետների եւ երթուղու մասին: Չեմ կարող պատկերացնել «Արմենիա»-ն առանց Արիկի: Բացի ամենայնից, մեր ճամփորդությունների բոլոր երկար տարիների ընթացքում, երբ ես գործնականում ամեն օր իմ ռեպորտաժներն էի ուղարկում հայկական թերթերին եւ ամսագրերին, Արմենը տանջվում էր իմ անընթեռնելի ձեռագրի վրա, շարելով այն համակարգչով եւ ինտերնետով ուղարկելով ըստ հասցեների: Նա եւ՛ առաջին ընթերցողն էր, եւ՛ առաջին քննադատը: Չեմ ուզում հավատալ, որ նա հեռացել է: Նա միշտ կմնա մեզ հետ: «Կիլիկիա»-ի եւ «Արմենիա»-ի հետ: Իր սիրելի կնոջՙ Ռուզաննայի հետ: |