RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018



Տեղադրվել է` 2018-03-19 17:42:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 3778, Տպվել է` 396, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ, ՋՐԻՆԸՙ ՈՉ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Վարդենիս-Երեւան

Մեր կառավարությունն ամեն օր ասում է, պնդում է, համոզում է, որ իրենց գերնպատակներից մեկը, եթե ոչ կարեւորագույնը, պետության քաղաքացիների առողջությունն է (եւ այդ քողի տակ էլ ամեն տարի պետբյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվում): Եթե իրոք դա այդպես է, չնայած, մենք լավ գիտենք, որ այդպես չէ, ապա ինչո՞ւ են պետության հազարավոր քաղաքացիներ բառացիորեն առվի ջուր խմում...

Մենք մեր նախորդ հոդվածներում արդեն անդրադարձել ենք Վարդենիսի շրջանի համայնքների տարատեսակ խնդիրներին: Տարածաշրջանային կարեւոր խնդիրներից է, եթե ոչ ամենակարեւորը, խմելու ջուրը, ոռոգմանն էլ, ինչպես գյուղացիներն են ասում` ջհանդամը: Օրինակ, վերցնենք Փամբակ գյուղը:

Այստեղ 90-ականներից հետո հացի խնդիրը լուծվեց, ջրինըՙ ոչ:

Գյուղում ի սզբանե խմելու ջրով ապահովված են եղել միայն երկաթգծի (խոսքը Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությանն սպասարկող երկաթգծի մասին է) հարեւանությամբ գտնվող ենթակառուցվածքները, այդ հարցը ժամանակին լուծել էին խորհրդային իշխանությունները: Մինչեւ 2010 թ. գյուղում մարդիկ օգտվում էին առվի ջրից, այո՛, այո՛, առվի ջրից , բացառությամբ մի քանի ընտանիքների, որոնց բախտը բերել էր, եւ գտնվում էին վերոնշյալ ջրագծի «ճանապարհին»: Այնուհետեւ արտասահմանյան բարեգործական ընկերությունները որոշեցին գյուղում խմելու ջրագիծ անցկացնել: Թվում էր` ամեն օր կենդանիների սանհանգույց ծառայող առուն անցյալում էր մնալու, բայց միայն թվում էր: Ջրագիծն, անշուշտ, անցկացվեց, բայց, չգիտես ինչու եւ ինչպես, երկու կողմերում մաքուր ջրերի հսկայական պաշարներ ունեցող համայնքի միայն մի հատվածը մշտապես ապահովվեց մաքուր ջրով,քանի որ ջրի պաշարները, չգիտես ինչու, հենց այդ ժամանակ «որոշեցին պակասություն անել»: Գյուղի մյուս հատվածների բնակիչներն ստիպված էին կանգնել նույն տաշտակի առաջ եւ մաքուր ջրին նորից առվի ջուր խառնել: Իսկ եթե վերոգրյալին հավելենք նաեւ ջրամբար կոչեցյալների աղբանոց վիճակը, ապա պարզապես սոսկալի կլինի, եւ է: Թե ինչո՞ւ եւ ո՞վ (չնայած` ովը մոտավոր հասկանալի է, բայց ինչպեսը լուրջ հարց է) այդպես արեց, գյուղացիներից շատերը միանշանակ պատասխանում են` «փողերը կերել են», բայց թե ովքեր ու ինչպես են կարողացել մի ամբողջ համայնքի քթի տակ յուրացնել այդպիսի մեծ գումարներ, մինչ օրս հարցական է մնում, համենայնդեպս` մեզ համար: Ոռոգման ջրի մասին խոսելն արդեն իսկ ճոխություն է, քանի որ հիմա դրա անցյալի գոյության մասին հիշեցնում են միայն ծակծկված ու մասնատված խողովակները:

- Մեր տերն Աստվածն ա, բաղուբախչա ենք անումՙ Աստծուն նայելով,-ասում են գյուղացիները:

Բայց Փամբակը չարյաց փոքրագույնն է: Խնդիրն ավելի անմխիթար վիճակում է ասենքՙ Փոքր Մասրիկ գյուղում, որի բնակիչներին հեռվից տեսնողը կնմանեցնի 18-19-րդ դդ. կառապանի, բայց ոչ, նրանք ուղղակի սպիտված են ավանակներին լծած սայլերով խմելու ջուր բերել հարեւան Նորակերտ համայնքից, կամ խմել սեփական այգիներում «պեղած» արտեզյան ջրերը: Եվ այսպես շարունակ, նույն պատկերը կարելի է տեսնել տարածաշրջանի մի շարք այլ համայնքներում:

Չնայած նրան, որ մեր երկրում գրեթե ոչինչ զարմանալի չէ, այնուամենայնիվ, հանդգնում եմ զարմանալ, թե ինչպես է ստացվել, որ մոտ 30 տարվա ընթացքում պետությունը չի կարողացել լուծել իր քաղաքացիների կեցության առաջնահերթ խնդիրները:

Մի բան պարզ է դառնում, որ տեղական իշխանությունների անհետեւողականության պատճառով համայնքը կանգնել է այսպիսի խնդրի առաջ, եւ հենց նրանց խղճին է մնում այն երեխաների` հայրենիքի ապագա զինվորների ու մայրերի վտանգված կամ, ցավոք սրտի, արդեն վնասված առողջությունը, ովքեր գերպարտադրված են օգտվել մի ջրից, որի մեջ կարելի է լողացող խոզ տեսնել, որի մեջ կարելի է պատկան մարմինների բաժնից դատարկվող կով ու ձի տեսնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 16-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ