ՏԱՍԸ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՙ ԱՄԱՍԻԱՅԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻՆ Շիրակի մարզի Ամասիա գյուղը հայտնի է իր խստաշունչ եւ տեւական ձմեռներով: Առատ տեղումների եւ հաճախակի արձանագրվող ձնաբքի պատճառով, արեւմուտքից Թուրքիային, իսկ հյուսիսից Վրաստանին սահամանկից բնակավայրն ամիսներ շարունակ «մեկուսանում է» աշխարհից: Այդ ժամանակահատվածում անօգուտ են դառնում նաեւ բնակիչներիՙ գյուղական առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնելու փորձերը: Գյուղի դպրոցում սովորում է 180 աշակերտ: Բացահայտող, խելացի, վերլուծող սերունդ կրթելու համար, մանկավարժները ներդնում են անհրաժեշտ ջանքեր: Գյուղական գրադարանից օգտվելը կամ Գյումրի մեկնելը, փակ ճանապարհների պատճառով, ոչ միշտ է հնարավոր լինում: Աշակերտների համար աշխարհի հետ հաղորդակցվելու եւ զարգացումներից չկտրվելու արդարացված միջոցը մնում է համակարգչային հաղորդակցությունը: Դպրոցի ինֆորմատիկայի դասարանը համալրվել է տասը նոր համակարգչով: Առարկան նոր հնարավորություններով ուսումնասիրող աշակերտներն սկսել են մեծ հետաքրքրություն դրսեւորել: Դասավանդող ուսուցչիՙ Անուշ Աղայանի գնահատմամբ, դասապրոցեսն առավել արդյունավետ է դարձել եւ շատերի համար կարող է մասնագիտական կրթության հիմք դառնալ: «Ուսումնական գործընթացի աշխուժացմանն ուղղված գործնական քայլերն արդեն ցանկալի արդյունք են տվել. մեծացել է առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, բարձրացել է կրթության որակը: Այս նվերը մեծ անակնկալ էր մեզ համար: Հարգանքի է արժանի այն անձնավորությունը, ով կարեւորում է կրթությունը»,- ասել է դպրոցի տնօրեն Կարինե Հարթենյանը: Ամասիայի միջնակարգ դպրոցը 10 նոր համակարգիչ է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նվիրատվության շնորհիվ: |