RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 4561, Տպվել է` 411, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՎ... ԱՐԴԵՆ ՀՆԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ապրիլի 9-ին ունեցանք հանրապետության նոր նախագահ, ապրիլի 17-ին կունենանք նոր վարչապետ, մինչեւ ապրիլի ավարտը, թերեւս ավելի շուտ, կունենանք նոր կառավարություն, եւ Հայաստանը կթեւակոխի պետական կառավարման նոր փուլՙ ձեւով խորհրդարանական, իսկ բովանդակությամբ...

Խորհրդարանականՙ քանզի, ըստ ձեւի, պետական զույգ իշխանությունները «ծնունդ» են առնում խորհրդարանի արգանդից, որն իր հերթին, ենթադրաբար, «ծնվել» է քաղաքացիների ծոցից: Այսուհանդերձ, նոր նախագահ-նոր վարչապետ ֆոնին անհարիր է երեւում հին կամ հնացած խորհրդարան երեւույթը, որն ի կատար ածելով բարեփոխված Սահմանադրության «նորարարական» պահանջները, այսինքն հիմնադրելով նոր-նախագահական ու նոր-վարչապետական ինստիտուտները, բնական պիտի լիներ, որ հաջորդ երեք կամ հինգ ամիսներին իր վրայից թոթափեր հնության փոշին եւ համապետական-ժողովրդական նոր ընտրությունների միջոցով ինքնավերանորոգվեր:

Այս մտքերը ոմանց կարող են թվալ խիստ տեսական, անգամ անհեթեթ: Քանի որ մեր երկրում ամեն ինչ տեղի է ունենում միապետական նախագծով, եւ, հետեւաբար, նոր ընտրություններով դժվար թե էական փոփոխություններ արձանագրվեն գործող պետական կառավարման համակարգում: Այսինքն ներկա ընթացակարգով համաժողովրդական նոր ընտրությունները ոչինչ չեն կարող փոխել Հայաստանում, որի քաղաքացիները շարունակելու են զրկված մնալ պետական ղեկավարմանը մասնակցելու իրենց իրավունքից:

Իրերի այս կացության մեջ ամենատարօրինակն այն է, որ խորհրդարանի անդամներն իրենք էլ, ինչպես հասարակ քաղաքացիները, զրկված են մնում (սակայն ի տարբերություն ժողովրդիՙ հաճույքով) սահմանադրորեն իրենց վերապահված իրավունքներից: Բավական է հիշել վերջին օրինագծերից մեկըՙ վարչապետի առաջիկա ընտրություններում նրանք ստիպված են քվեարկել բաց, այսինքնՙ անվանական, այսինքն ստիպողաբար:

Ինքնաիրավազրկման այս պայմաններում ճշմարիտ եւ արդար պիտի լիներ կասկածի ենթարկելՙ ա) Հայաստանը խորհրդարանական հանրապետություն հորջորջելու հավակնությունները, բ) Ազգային ժողովի ներկա իրավազուրկ եւ կամազուրկ գոյության նպատակահարմարությունը, եւ գ) Նույնինքն գործող Ազգային ժողովի կազմությունն ու կազմը:

Մասնավորելով խոսքը այս վերջին կետի վրաՙ անմիջապես ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել կուսակցությունների եւ կուսակցականության գաղափարի վրա, որի դասական մեկնաբանությունը հրաշալի է ներկայացրել, ավելի քան 100 տարի առաջ, 1913 թ.ին, մեր ազգի մեծերից Վահան Թեքեյանը, որիՙ «Կուսակցութիւններու բարիքն ու չարիքը» վերնագրով հոդվածը արտատպում ենք մեր ներկա համարի 10-րդ էջում: Այդ հոդվածում թեեւ ուղղակի խոսք չկա կուսակցությունների խորհրդարանական ներկայության անհրաժեշտության մասին, սակայն ամեն տողից երեւում է, որ հեղինակը նկատի ունի առհասարակ նրանց խորհրդարանական գործունեությունըՙ թե՛ օսմանյան մեջլիսում, թե Հայոց ազգային ժողովում եւ թե առհասարակ եվրոպական խորհրդարաններում: Բաց աստի, խորհրդարանների դարավոր փորձը մեզ բազմաբազում օրինակներ է տալիս կուսակցությունների խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործունեության մասին, որը էությունն է կազմում իրեն հարգող, հետեւորդներ ու գաղափարախոսություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության:

Մեկնելով այստեղից եւ վերադառնալով մեր բուն նյութինՙ կրկին անգամ ուզում եմ շեշտել Հայաստանում իրական եւ իսկական կուսակցությունների, ոչ արհեստածին, ոչ փողածին, ոչ իշխանածին քաղաքական կազմակերպությունների, նրանց դաշինքների գոյության կարեւորությունը: Ու շեշտել եւս մեկ անգամ, որ միայն կուսակցությունների կայացման, նրանց զարգացման պայմանների ստեղծման դեպքում է հնարավոր խորհրդարանական կառավարման երկիր դարձնել Հայաստանը, հակակշռել գործադիր իշխանությունների գործունեությունը եւ, վերջապես, քաղաքացիներին մասնակից դարձնել երկրի կառավարման գործին:

Նոր նախագահ, նոր վարչապետ, բայց...

Պետք է մտածել նոր խորհրդարան ստեղծելու մասին: Սակայն բոլորովին նոր սկզբունքներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ