RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 3356, Տպվել է` 262, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՎ-ԵՎ»-Ի ՎԵԿՏՈՐԸՙ ԴԵՊԻ ԱՄՆ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Միացյալ Նահանգներում Հայաստանի դիվանագիտական ներկայությունը վերջերս ընդլայնվեց եւս մեկ գրասենյակով: Մարտի 22-ին Չիկագոյում բացվեց ՀՀ նոր պատվո հյուպատոսությունը, որի սպասարկման ոլորտը ներառելու էՙ Իլինոյսը, Միսսուրին, Այովան, Վիսկոնսինը եւ Մինեսոտան: Այսպիսով Հայաստանը Մ. Նահանգներում բացի Վաշինգտոնի դեսպանատնից ունի չորս հյուպատոսություններՙ Ֆրեզնոյում, Չիկագոյում, Լաս Վեգասում եւ Լոս Անջելեսում, որոնցից վերջինը գլխավոր հյուպատոսության կարգավիճակ ունի: Ի՞նչ կտա արդյոք աշխարհի գերհզոր երկրում հայկական դիվանագիտության ամրապնդմանն ուղղված այս քայլը:

Համեմատության համար ասեմ, որ ադրբեջանական դիվանագիտական ներկայությունը ԱՄՆ-ում շատ ավելի փոքր է Հայաստանի համեմատ: Ադրբեջանն ունի մեկ պատվո հյուպատոսություն Նյու Մեքսիկո նահանգում եւ գլխավոր հյուպատոսություն Լոս Անջելեսում: Տպավորությունն այնպիսին է սակայն, որ նույն հայաշատ Կալիֆորնիայում գործող Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նիսամի Աղաեւի վարձակալած վիրտուալ «հակահայկական խմբագրության» հոդվածներն ասես հառնում են ամերիկյան բոլոր 50 նահանգներից:

Մեր խնդիրն է ամերիկյան պաշտոնյաներին եւ ազդեցիկ կառույցներին հնարավորինս ի մոտո ներկայացնել Հայաստանին առնչվող մարտահրավերները: Ռուսաստան-Իրան «բարեկամական աքցանի» մեջ Հայաստանը թե՛ վարկանիշի եւ թե՛ ֆինանսական լուրջ վնասներ է կրում անընդհատ շրջանառվելով ադրբեջանական հակահայ քարոզչության մեջ որպես ամերիկյան չափորոշիչներին հակադրվող երկիր: Իրանն ու Ռուսաստանն էլ իրենց պատեհությամբ Հայաստանի նկատմամբ օգտագործում են երկակի կարծրատիպի քաղաքականությունՙ տնտեսական, ռազմական առումով ուժեղացնելով մեր թշնամիներին, որի արդյուքում Հայաստանը հայտնվում է երկուստեք լքյալի կարգավիճակում: Հայաստանն իր ազգային շահերից ելնելով, պետք է իր արտաքին քաղաքական վեկտորն ուղղի դեպի Մ. Նահանգներ, վարելով նույնպիսի կոմպլեմենտար քաղաքականություն, ինչպիսին արեց Եվրոպայի հետ շրջանակային համաձայնագրի դեպքում: Մեր պատմությունն ու ներկան մեզ ահազանգում են, որ ռուս-թուրքական մերձեցումները հասնում են մեզ համար վտանգավոր կիզակետի: Պակասը ատոմակայանն էր, ինչն էլ արդեն կառուցվում է Թուրքիայի տարածքում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի օգնությամբ:

Այս համատեքստում խիստ կաեւորվում է այսօր Մ. Նահանգներում առկա ՀՀ դիվանագիտական հաստատությունների կարողականության գործոնը: Ամերիկայում ՀՀ չորս պատվավոր հյուպատոսներից երկուսը խոշոր գործարարներ են: Ու եթե առաջնորդվենք այն հանգամանքով, որ թրամփյան Ամերիկայում բիզնեսը կարեւոր կողմնորոշիչ է գրեթե բոլոր ոլորտներում, ուրեմնՙ բիզնեսմեն-դիվանագետի փաստը մեր օրերում չպետք է անոմալ երեւույթ համարվի: Չիկագոյում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը ՙ ԱՄՆ Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ է, «Oscar Isberian Rugs» ընկերության ղեկավարը, որի դիվանագիտական կարիերան դեռ առջեւում է: Իսկ ահա մեր հաջորդ գործարար-հյուպատոս Սերգեյ Սարկիսովը Լոս Անջելեսում պաշտոնավարում է արդեն 5 տարի: Անցյալ նոյեմբերին «International Policy Digest» կայքի «Գայլը հյուպատոսի բաճկոնում» (The Wolf in Counsul s Clothing) հրապարակումից տեղեկանում ենք, որ Սարկիսովը Ռուսաստանում ապահովագրական ոլորտի մագնատ է, «Ռեսո Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: Նա, ուշադրություն, չի տիրապետում հայերենին եւ ՀՀ քաղաքացի չէ: Հեղինակ Նոյ Ռոսսը հարց է տալիս, այդ դեպքում արդյոք ո՞ւմ շահերն է սպասարկում Ռուսաստանի քաղաքացի ՀՀ գլխավոր հյուպատոսը Լոս Անջելեսումՙ Ռուսաստանի, թե՞ Հայաստանի:

Ասեմ, որ բացառված բան է, որ արտերկրում ԱՄՆ որեւէ դեսպան չտիրապետի անգլերենին ու չլինի ԱՄՆ քաղաքացի:

Ինչեւէ, նպատակս ամենեւին էլ հարգելի ՀՀ հյուպատոսի հասցեին քննադատություն հնչեցնելը չէ: Նա վիթխարի ներդրում ունի ռուսների կյանքի ապահովագրության ոլորտում: Հեղինակ է հինգ տասնյակ հոդվածներիՙ նվիրված ապահովագրական կարգավորման եւ ռիսկերի կառավարման խնդիրներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատու է: Սակայն ինչպես ապահովագրության, այնպես էլ քաղաքականության մեջ մեծ դեր ունի քարոզչության պարագան: ԱՄՆ-ում հայերի 400 ամյա գոյության, Հայաստանի, Արցախի մասին ճանաչողական հրապարակումների հսկայական պակաս կա: Անհրաժեշտ է ստեղծել հզոր հայկական լոբբիստական կառույց, որը կնպաստի հայ-ամերիկյան հասարակական, գործարար կապերի զարգացմանը: Հարկ է խթանել Հայ Առաքելական եկեղեցու եւ Ամերիկայում գործող քրիստոնյա եկեղեցիների մերձեցումը, կարեւորելով քրիստոնյա առաջին ազգի դերը ամերիկյան քրիստոնյա հասարակության շրջանում: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, որպես ԱՄՆ հայտնի լոբբիստական կառույց, անշուշտ մեծ եւ շնորհակալ գործ է կատարում, սակայն թուրք-ադրբեջանական այսօր թեկուզ թուլացած բայց դեռ շատ գործունյա լոբբիստական խմբերի դեմ ուժերն անբավարար են:

Ում, եթե ոչՙ Ամերիկայում հավատարմագրված դիվանագետներին պետք է ուղղակիորեն առնչվեն այդ երկրում իրականացվող ՀՀ արտաքին քաղաքականության «փառքն ու թշվառությունը»:

Ի դեպ, երիտասարդ մասնագետների աճեցման խնդրով մտահոգ ՀՀ նախագահը Հայաստանում չգտավ գեթ մեկ կադրային դիվանագետի առանցքային համարվողՙ Իսրայելում ՀՀ առաջին դեսպանի պաշտոնում առաջադրելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ