ՆՈՎՐՈՒԶԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԸ ՆՇՎԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ Ապրիլի 6-ին Երեւանումՙ Ղազախստանի դեպանատանը նշվեց Նովրուզ տոնը: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով հյուրերՙ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Երեւանում գործող մի շարք պետությունների դեսպաններ, հայաստանյան մտավորականության, գիտության, հասարակական հատվածի մի շարք գործիչներ: Ներկա էին նաեւ Ղազախստանից Երեւանում սովորող ուսանողներ եւ այլ անձինք: Ներկաներին ողջունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազայեվը , որը նշեց, որ անկախությունից հետո իր երկրի գլխավոր ձեռք բերումը խաղաղությունն է, կայունությունը եւ հասարակության զարգացումը: Դեսպանը նշեց նաեւ, որ չնայած մեր երկրներին բաժանում են կիլոմետրեր, սակայն «Արեւելյան մշակույթի արժեքները մեզ դարձնում են մոտ եւ հասկանալի միմյանց»: Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը կազմակերպված տոնական միջոցառմանը հատուկ գույն ու շքեղություն տվեցին ղազախական մշակույթի ներկայացուցիչների ելույթները, դեսպանատան աշխատողների ընտանիքների անդամների ուժերով կազմակերպված պարի ու երգերի կատարումները: Հյուրերի համար հետաքրքրական էին նաեւ ղազախական մշակույթիՙ գորգերի ու տարազների ցուցադրությունները, եւ հատկապես հատուկ այդ տոնակատարության համար պատրաստված այդ երկրի խոհանոցի լավագույն նմուշների համտեսը: |