RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2828, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԺՀ-Ն ԵՎ ԱՄՆ-Ը ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

Պ.Ք.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 5-ին մտադրություն հայտնեց քննարկելու Չինաստանի դեմ ուղղված առեւտրական պատժամիջոցներըՙ բարձրացնելու տուրքերը չինական ապրանքների վրա, որոնց գումարային արժեքը 100 մլրդ դոլար է: Դրանից օրեր առաջ ԱՄՆ-ը Չինաստանին քննադատել էր մտավոր սեփականության իրավունքների խախտման համար եւ հրապարակել 50 մլրդ դոլար արժողությամբ պատժամիջոցների ցանկը: ՉԺՀ-ն նույնպիսի գումարային արժողությամբ պատասխան քայլեր ձեռնարկեց, եւ ԱՄՆ-ը անմիջապես հակադարձեց: Երկու կողմերը անդրկուլիսներում քննարկում են պատժամիջոցներից խուսափելու հնարավոր ձեւերը, սակայն առեւտրի թրամփյան եղանակը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր:

Ավելի վաղ`ապրիլի 3-ին, ԱՄՆ-ի Առեւտրական ներկայացուցչությունը հրապարակել էր 25 տոկոս հարկման ենթակա չինական 1300 ապրանքատեսակների ցանկը, ներառյալ արդյունաբերական ռոբոտները, դեղորայքը եւ քիմիական արտադրանքը, ավտոմեքենաները, մոտոցիկլետները, երկաթուղային տեխնիկան, արտադրական եւ բժշկական սարքավորումները, օդանավերի մասերը եւ արբանյակները: Պատժամիջոցների ենթարկվեց ՉԺՀ-ից կատարվող ներմուծման ամբողջ ծավալի տասը տոկոսը (մոտավորապես 500 մլրդ դոլար): Եթե Վաշինգտոնն ավելացնի եւս 100 մլրդ դոլար, ապա կստեղծվի խիստ անսովոր իրավիճակ. հարկման ենթակա կդառնա չինական բոլոր ապրանքների 30 տոկոսը:

ԱՄՆ-ի պատժամիջոցներին ի պատասխանՙ ՉԺՀ առեւտրի նախարարությունը որոշեց 25 տոկոս տուրք սահմանել ամերիկյան 106 ապրանքատեսակի վրա: Թեեւ դրանք թվով ավելի քիչ են, քան ԱՄՆ-ի կազմած ցանկինը, բայց ներմուծման տարեկան ծավալը նույնպես կազմում է 50 մլրդ դոլար: Խոսքը մասնավորապես ամերիկյան ավիացիոն եւ ավտոմոբիլային արտադրանքի, ծխախոտի, քիմիական ու գյուղատնտեսական արտադրանքների, տավարի մսի, սոյայի, ցորենի, բամբակի ներմուծման մասին է: Չինական նոր տուրքերը ուժի մեջ կմտնենՙ կախված այն բանից, թե երբ գործի կդրվեն ամերիկյան տուրքերը, նշում է Bloomberg գործակալությունը:

«Չինաստանը կատարել է իր ընտրությունը եւ որոշել է չնահանջելՙ վնաս պատճառելով ամերիկացի հողագործներին ու արդյունաբերողներին», ապրիլի 5-ին հայտարարեց ԱՄՆ նախագահ Թրամփը ՙ քննադատելով Չինաստանի պատասխան քայլերը: Նա ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչներին հանձնարարեց ձեռնարկել պատասխան պատժամիջոցներ:

Բառացիորեն օրերս ամերիկյան 30 խոշոր ընկերությունների բաժնետոմսերի արժեքը միանգամից 500 դոլարով ընկավ այն երկյուղների պատճառով, որոնք կապված են ամերիկա-չինական վեճերի հետ: ԱՄՆ իշխանությունները հուսահատորեն փորձեցին խնդիրը վերացնել: Ընկերությունները բաժնետոմսեր գնեցինՙ հուսալով, որ երկկողմ հարաբերությունները կբարելավվեն, սակայն Թրամփը ի դերեւ հանեց այդ ակնկալիքները:

Թրամփը խստացրեց մոտեցումը, քանի որ մոտենում են Կոնգրեսի միջակա ընտրությունները: Ներկայումս Կոնգրեսի զույգ պալատներում գերիշխում է Հանրապետական կուսակցությունը, բայց եթե ներկայացուցիչների պալատում նա զրկվի մեծամասնությունից, ապա նախագահի պաշտոնաթողության վտանգ կծագի Ռուսաստանի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով:

Թրամփը նախագահական ընտրություններում հաղթեցՙ հռչակելով հակաչինական կոշտ գիծ, այն էՙ 45 տոկոս հարկ սահմանել չինական արտադրանքի վրա: Նա առեւտրական խնդիրները լուծում է Առեւտրի խորհրդի նախագահ Պիտեր Նավառոյի օգնությամբ, որը Թրամփի նախընտրական շտաբի կազմում էր եղել: ԱՄՆ-ում անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալներով, անցյալ տարվա դեկտեմբերին 35 տոկոսի իջած Թրամփի վարկանիշը այս տարվա մարտին հասել է 40 տոկոսի:

Իրականում ԱՄՆ-ը երկու ամսով հետաձգել է հակաչինական պատժամիջոցների կիրարկումը եւ անդրկուլիսներում փորձում է համաձայնության գալ Չինաստանի հետ: Թրամփը Չինաստանից պահանջում է 100 մլրդ դոլարով կրճատել ԱՄՆ-ի հետ կատարվող առեւտրում ՉԺՀ-ի դրական հաշվեմնացորդը: Նա սկսել է քննարկել այս ամիս ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի գլխավորությամբ առեւտրական պատվիրակություն Պեկին գործուղելու հարցը:

Եթե բանակցությունները ձախողվեն, ապա առեւտրական պատերազմից կտուժեն երկու կողմերն էլ: Չինական 1300 ապրանքատեսակների ցանկում ներառված են հիմնականում արդյունաբերական ապրանքներ եւ հումք: Այնտեղ չկան բարձր տեխնոլոգիական այնպիսի արտադրանքներ, ինչպիսիք են համակարգիչները եւ կապի միջոցները: Դրանց մեծ մասն արտադրվում է Չինաստանում: Եթե 100 մլրդ դոլարանոց լրացուցիչ ցանկում հայտնվեն կապի միջոցները, ապա դա խորտակիչ հարված կհասցնի խոշորագույն արտահանող երկիր Չինաստանին:

ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքը կտարածվի նաեւ սպառողական այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են հեռուստացույցները եւ ավտոպահեստամասերը: Ըստ որում, տուրքը չի վերաբերի մանրածախ առեւտրի այնպիսի ապրանքների, ինչպիսիք են բջջային հեռախոսները, հագուստը, կոշկեղենը եւ կահույքը: Ըստ The Wall Street Journal թերթի, դրանց թանկացումը կարող էր հարուցել ամերիկացի սպառողների դժգոհությունը:

Ամերիկացիները ցանկը կազմել ենՙ հիմնվելով այն բանի վրա, թե չինական որ ապրանքներն են ամենից շատ շահում ԱՄՆ-ի հետ կատարվող անհամարժեք առեւտրում, ինչպես նաեւՙ հաշվի առնելով ԱՄՆ կառավարության նախատեսած ռազմավարական կարեւոր ուղղությունները:

ԱՄՆ-ում փորձում են զարգացնել տնտեսության այն հատվածները, որոնց զարգացմանն է ձգտում նաեւ Չինաստանը: Փորձագետների կարծիքովՙ դա վկայում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանին թույլ չտալ գերիշխանության հասնելու տեխնոլոգիաների ասպարեզում: Թրամփը եւ իր վարչակազմը ՉԺՀ-ին քանիցս մեղադրել են ամերիկյան մտավոր սեփականության յուրացման մեջ:

ԱՄՆ-ի տնտեսությունը եւս չի խուսափի բացասական ազդեցությունից: Չինական ապրանքների թանկացումը կհարվածի միջին եւ ցածր եկամուտներ ունեցող բնակչությանը: Դա բացասական հետեւանքներ կունենա իշխանությունների համար: Չինաստանի պատասխան քայլերից կտուժի նաեւ ԱՄՆ-ի արտահանական արդյունաբերությունը, մասնավորապես ավիաշինությունը: Ֆինանսական շուկաները կհայտնվեն քաոսային վիճակում, ինչը կթուլացնի ԱՄՆ-ի տնտեսությունը:

Ինչպես նշել է ՉԺՀ ֆինանսների փոխնախարար Չժու Գուանյաոն , Չինաստանը չի ուզում առեւտրական նոր պատերազմ եւ չի շտապում կիրառել նոր մաքսատուրքեր: Միեւնույն ժամանակ ՉԺՀ առեւտրի փոխնախարար Վան Շոուվենը հայտարարել է, որ Չինաստանը չի կարող ընդունել առեւտրի դրական հաշվեկշռում 100 մլրդ դոլար կրճատելու Թրամփի պահանջը:

Միեւնույն ժամանակ, փորձագետներն արձանագրում են, որ Չինաստանի պատասխան քայլերը սպասվածից ավելի կտրուկ եղան: Շատերը ենթադրում էին, թե ՉԺՀ-ն զիջումների կդիմիՙ ընդունելով ԱՄՆ-ի հետ իր առեւտրի անհաշվեկշռվածությունը, սակայն Չինաստանը դիմեց կոշտ միջոցների, որոնք կապված են ամերիկյան արտահանական գլխավոր ապրանքների հետ:

ԱՄՆ առեւտրական ներկայացուցչությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը հայց է ներկայացրել Չինաստանի կողմից մտավոր սեփականության խախտման մեղադրանքով: Ըստ որոշ վերլուծաբանների, Թրամփի հակաչինական քայլերը կարող են հակաամերիկյան տրամադրություններ առաջացնել Ճապոնիայում եւ Եվրոմիությունում, որոնք ԱՄՆ-ի առեւտրական խոշոր գործընկերներն են:

Ինչպես նշում է The Wall Street Journal թերթը, ԱՄՆ-ի քայլերը ամենակոշտն են 1970-ականներին ամերիկա-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ