2030-Ի ԱՇԽԱՐՀԻ ՀԻՆԳ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք Ռուսաստանին ուղղված Twitter-յան սպառնալիքից հետո աշխարհը տագնապով սպասում է ռուս-ամերիկյան կոնֆլիկտի թեժացմանը սիրիական ճակատում: Եթե դիվանագիտական որեւէ հրաշք տեղի չունենա, Սիրիայում չափվելու են գերտերությունների տնօրինության տակ գտնվող գերժամանակակից ռազմական ձեռքբերումները, ինչն արդեն լուրջ սպառնալիք է մարդկության համար: Ամերիկյան «National Interest» պարբերականը վերջերս հանդես էր եկել ուշագրավ մի կանխատեսությամբ. «2030-ին ո՞ր ժողովուրդները կունենան աշխարհի հինգ ամենաազդեցիկ բանակները» վերնագրությամբ: Վերլուծաբան Ռոբերտ Ֆերլին առանձնացնում է հզոր բանակ լինելու երեք չափանիշ. - Բանակի հագեցումը նորարարական տեխնոլոգիական սարքավորումներով: - Բանակի նկատմամբ ցուցաբերած իշխանությունների աջակցությունը, առանց փոխզիջման: - Բանակի նորացման, որակի կատարելագործմանն ուղղված անդադրում ջանքերը: Հեռանկարում վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող առաջին երկիրը Հնդկաստանն է, գրում է ռազմական վերլուծաբանը: Հնդկաստանի բանակն այժմ հագեցված է աշխարհում արտադրվող ռազմական տեխնիկայի գրեթե ողջ տեսականիով: Ռուսաստանը, Եվրոպան, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները վաճառում են իրենց արտադրանքը Հնդկաստանին, լրացնելով այդ երկրի աճող ներքին ռազմարդյունաբերական համալիրը: Հաջորդըՙ ֆրանսիական բանակն է: Բոլոր եվրոպական երկրների շարքում, ըստ ամենայնի, Ֆրանսիան կպահպանի ամենաարդիական, կործանիչ բանակ ունեցողի մենաշնորհը: Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրը մնում է կայուն, ինչպես ներքին, այնպես էլ արտահանման ճակատներում: Բանակն ունի ժամանակակից հրամանատարություն եւ կապի սարքավորումներ եւ համարվում է Եվրոմիության զինված ուժերի ողնաշարը: Ռուսաստանը երրորդ տեղն է աշխարհի հզորագույն բանակների կանխատեսումներում ըստ հեղինակավոր պարբերականի: Ռուսական բանակը կլինի հարվածային ուժ, սակայն, այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ կունենա: Խորհրդային ռազմարդյունաբերական համալիրն ու արդիական տեխնոլոգիաների ներդրումը ե՛ւ կօգնեն, ե՛ւ կխանգարեն միմյանց: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հարեւանները կշարունակեն վախենալ ռուսական բանակի չափից եւ հզորությունից հատկապես, այսպես կոչվածՙ «հիբրիդային» պատերազմներից: Հետաքրքրական է, որ Միացյալ Նահանգների բանակը դասվել է չորրորդ տեղում: Հեղինակին դուր չի եկել, որ ամերիկյան բանակում որոշ սարքավորումներ մնացել են դեռ սառը պատերազմի ժամանակներից եւ վերազինման չեն ենթարկվել մինչ օրս: Թե ուղղակի որ ոլորտի մասին է խոսքը, հոդվածագիրը չի նշում: Հինգերորդըՙ Չինաստանի բանակն է: Մեզ համար հուսադրողն այս հոդվածում այն փաստն է, որ այս դիտարկնան մեջ արծարծված գրեթե բոլոր երկրների հետ Հայաստանը ունի սերտ բարեկամական հարաբերություններ: Հաշվի առնելով այս հանգամանքը, պետք է խթանել Հայաստանի ռազմական համագործակցությունը նրանց հետ, ակտիվորեն զարգացնել փոխգործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում: Գուցե մի օր հայկական բանակն էլ հայտնվի միջազգային չափանիշներով ուժեղագույնների շարքում: |