ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի արեւային էներգիայի օգտագործումը: Այս ուղղությամբ Հայաստանի տարածքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում: Վերջերս նոր արեւային էլեկտրակայան շահագործման հանձնվեց Երեւան քաղաքում:Կայանը նախագծվել է «ԷՌԱ» ՍՊԸ բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից (գլխավոր ինժեներՙ Ստեփան Պապիկյան): Կառուցվել է ՀՀ առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքումՙ վերջինիս կարիքների համար: Արեւային կայանը տեղակայվել է ՊՈԱԿ-ի մասնաշենքի տանիքին (մոտ 250 քառակուսի մետր) եւ հարակից տարածքի մոտ հազար քառակուսի մետրի վրա, 63 ԿՎտ գումարային հզորությամբ, որպես արեւային ֆոտովոլտային ներցանցային համակարգ: Կայանն ունի 265 հատ 350 Վատտ պիկային հզորությամբ միաբյուրեղային 72 բջիջով արեւային ֆոտովոլտային վահանակներ:Նրանք տեղակայված են համապատասխան կրող կառուցվածքների վրա: Մասնաշենքի նկուղային հարկում տեղադրված են նաեւ ինվենտորները, որոնք նախատեսված են հաստատուն հոսանքը փոփոխականի վերածելու համար:Կայանի բաղկացուցիչ մասերից է նաեւ հողանցման ցանցը: Օգտագործված համապատասխան մալուխներն անցնում են ստորգետնյա խրամուղիներով: Տեղադրված է ցանկապատ , որի երկայնքով գործում են լուսավորության եւ տեսահսկման համակարգերը: Արեւային էլեկտրակայանի ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 93 ԿՎտ: Տարեկան կարող է արտադրվել ավելի քան հարյուր հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա: Այսքան էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրվելու դեպքում կծախսվեր ավելի քան 30 տոննա օրգանական վառելիք, շրջակա միջավայր կարտանետվեր ազոտի եւ ծծմբի օքսիդներ,այլ թունավոր նյութեր: Նկար 1. Լուսանկարներըՙ Ստեփան Պապիկյանի |