ԳՈՐԻՍՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ 10 տարի է, ինչ գործում է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, սակայն պաշտոնական բացում տեղի չէր ունեցել: Ավելին, նախկինում թանգարանը եղել է ոչ բարվոք վիճակում, ինչպես նաեւ բավարար անձնական իրեր, ցուցանշմուշներ չեն եղել: Թանգարանի բացմանը զրուցեցինք թանգարանի գիտաշխատող Արմանուշ Բակունցի հետ, որը «Ազգ»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել թանգարանում, որը, սակայն, շատ այցելուներ չի ունեցել: «Թանգարանը վերջին շրջանում հարստացել է ցուցանմուշներով: Թանգարանում կան Խանզադյանի հորական տան պահարանը, երեւանյան տան գրասենյակը, իր անձնական նարդին, գուսան Աշոտից նվեր ստացած թառը, նրա մեծ տղայի` Արարատ Խանզադյանի նվիրած ձեռնափայտը, քրոջ տնից բերված թախտը, նրա ձեռագրերն ու գրքերը... Տունն, ի դեպ, Խանզադյանն է կառուցել, սակայն նրա մահից հետո այն անուշադրության էր մատնվել ու նրա անձնական իրերից շատ նմուշներ ուղղակի անհետացել են»,- ասաց Բակունցը: Թանգարանի գիտաշխատողի խոսքով` թանգարանը կծառայի որպես կամուրջ` անցյալի, ներկայի եւ ապագայի համար, քանի որ Խանզադյանի գործերը, որոնցից շատերի բնօրինակը հենց իրենց մոտ է պահվում, հիմա էլ արդիական են: Ծնունդով Գորիսից Խաչատուր Հայրապետյանը «Ազգ»-ի հետ զրույցում ասաց, որ երբ Սերոն կառուցում էր այս տունը, ցանկանում էր, որ հետագայում այն տուն-թանգարան դառնա, եւ ավելացրեց. «Տան դիմաց Սերոն կառուցեց աշխատասենյակ, կողքինՙ փոքրիկ տարածք, որն ուզում էր դառնար իր դամբարանը: Կոչ եմ անում, որպեսզի Ազգային պանթեոնից մի մասունք բերեն եւ իր կառուցած դամբարանում ամփոփեն»: Ի դեպ, Սերո Խանզադյանի մահից հետո իր տունը մեկ անգամ վաճառվել է, ապա պետության կողմից գնվեցՙ տուն-թանգարան դառնալու նպատակով: |