ՀԵՇՏՆ ՈՒ ԴԺՎԱՐԸ, ԿԱՄ` ԿԱՐՃՆ ՈՒ ԵՐԿԱՐԸ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Օգոստոսի 28-ին կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել` Սեւանա լճից մինչեւ 40 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրակարգով: Ինչպես վարչապետն էր ասում այդ որոշումը կայացնող կառավարության նիստին` նախարարները սրտի ցավով կողմ են քվեարկում օրինագծին` ջրի բացակայության պատճառով գյուղացու բերքի կորուստները թույլ չտալու, գյուղատնտեսությունում փակուղային վիճակ չունենալու համար: Հիշեցնենք, սա այն հարցերից է, որի համար ընդդիմությունները միշտ քննադատել են իշխանություններին` մատնանշելով չնորոգված, ծակ ջրամբարների պատճառով հսկայական ջրակորուստները, օլիգարխներին պատկանող ձկնաբուծարանների ահռելի չափերի հասնող ջրօգտագործումը, Արաքս գետից Թուրքիա եւ Նախիջեւան հոսող ու ոչ մի կերպ չամբարվող ջրի պարագան: Այդ խնդիրների մասին նաեւ կառավարության նիստում էին խոսում` վարչապետը նշում էր, որ այս հարցերը պետք է իրենց պատասխանները ստանան, ջրային մաֆիան էլ պետք է անհապաղ կապիտուլացվի: Իսկ ընդհանրապես` ջրի պահանջարկի ձեւավորման իրական պատկերն, ըստ վարչապետի, այժմ խստորեն պետք է վեր հանել, քանի որ թղթերով այլ բան է, իրականում` այլ, ու անգամ չգրանցված այգիներ կան, որոնք ջուր են ստանում, հողի հարկի իրական թիվը չվճարելով, իսկ նրանց փոխարեն թղթի վրա խոտածածկույթ է գրանցված: Իհարկե, այս տիպի հարցերի Հայաստանի նոր կառավարությունը էլի ու էլի է բախվելու, երբ որպես ընդդիմադիր սկզբունքորեն դեմ լինելով` արդեն որպես գործադիր այլընտրանք չես գտնում սկզբունքդ կյանքում իրագործելու: Առհասարակ` հանրությունը, որ անապաղ փոփոխությունների է սպասում, կամաց-կամաց կհասկանա, որ վիրահատական դանակը չի կարող բոլոր դեպքերում գործի դնել, տեւական եւ արմատապես բուժում է պետք շատ դեպքերում, իսկ դա ժամանակ, մանրակրկիտ ուսումնասիրություն, հիմնավոր առաջարկների առկայություն է ենթադրում: Այսինքն` ահա փաստ, որ հակադրության մեջ է մեր կյանքը փոխելու հեղափոխական հռետորաբանության հետ, ու սրան նոր կառավարությունն անընդհատ առնչվելու է: Ասենք` հանքարդյունաբերության ոլորտում կամ ցածր աշխատավարձով կոռուպցիայի դեմ պայքարելու անհնարինության օրինակներում, եւ այլն: Միգուցե ինքը, հանրությունն էլ աստիճանաբար պակաս պահանջկոտ դառնա «անհապաղ» վերտառությամբ իր սպասումները սրբագրելով եւ սովորելով էլի սպասել: Մի բան մխիթարում է` առաջին ամիս-ամիսուկեսի համեմատ` նախարարներն առավել տեղեկացված են դարձել, կարծես սովորում են կամաց-կամաց աշխատել: Միգուցե այդպես կամաց-կամաց էլ նոր կառավարությունը կսովորի որտեղ պետք չէ` հեղափոխական հռետորաբանությունը ծալել- մի կողմ դնել, առօրյա հավասարակշռված աշխատանքի անցնել: Բայց որ բոլոր նոր պաշտոնյաները պետք է նոր-նոր սովորեն աշխատել` այ սա տանել հնարավոր չէ, ի վերջո շատ մարդիկ կան, որոնց համար մեկ է` ո՞ր կառավարության հետ են աշխատում, նրանք պրոֆեսիոնալ են: Այս առումով մոտակայում նոր դեսպանների նշանակում է սպասվում` հետ կանչվող հների փոխարեն: Գոնե այս կառավարությունը պետք է հնից այս հարցում տարբերվի, գնահատի պրոֆեսիոնալ դպրոց անցածներին ու մի քանի լեզվի տիրապետողներին, եթե միայն հեղափոխության մասնակցությունը կամ համակիր լինելը չափանիշ վերցնեք` պետությունը վատ վիճակում կհայտնվի: Ասա քաղաքապետիդ թեկնածուն ով է` ասեմ` դու ով ես Այս ենթավերնագիրն ավելի կարող ենք բացել` Նիկոլո Մաքիավելուն դիմելով. «Ղեկավարի խելքի մասին առաջին հերթին դատում են նրանով, թե ինչ տեսակի մարդկանցով է նա իրեն շրջապատում»: Սեպտեմբերի 23-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրություններին մնաց մեկ ամսից քիչ ժամանակ: Մինչեւ օգոստոսի 29-ը, առաջադրման ժամկետի ավարտը, կհստակվի քաղաքապետացուների ամբողջական «վինետկան», սակայն այժմ էլ այն բավական բնակեցված է: Առաջադրվելու մասին բաձրաձայնած քաղաքական ուժերի ու նրանց ցուցակները գլխավորողների պատկերն առայժմ այս է. «Քաղաքացիական պայմանագիր»` Հայկ Մարության, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններ` Արտակ Զեյնալյան, ԲՀԿ` Նաիրա Զոհրաբյան, «Ժառանգություն»` Րաֆֆի Հովհաննիսյան, «Երկիր ծիրանի»` Զարուհի Փոստանջյան, ՀՀՇ` Արարատ Զուրաբյան, ԺՈՒԿ` Մանուել Գասպարյան, «Երեւանի հանրություն», ԳԱԼԱ` Անահիտ Թարխանյան,«Ռեֆորմիստներ»` Արտակ Ավետյան: Այս անունների մեջ արդյոք Երեւանի ընտրողը կգտնի՞ այն մեկին, ում կուզենար տեսնել քաղաքապետի պաշտոնում, սա հարց է: Իսկ եթե միայն Ն. Փաշինյանի թիմակցին է այդ պաշտոնում տեսնում ընտրողը, ապա Հայկ Մարությանը, մեղմ ասած, այլ բարեմասնություն, քան Փաշինյանի թիմակից լինելն է, իսկապես չունի, այդ պաշտոնի համար` նկատի ունենք, չնայած միգուցե կյանքում շատ էլ լավ մարդ է: Գուցե Արտակ Զեյնալյանը, որ Փաշինյանի կառավարության մեջ է, շատ ավելի մոտիկ է կանգնած քաղաքի կառավարում հասկացությանը, դե` գոնե Մարությանի համեմատությամբ: Չէինք ուզենա քաղաքի ավագանու ընտրությունը հեղափոխականներից հիասթափվելու պատճառ դառնար լրջմիտ երեւանցիների համար, բայց ամեն ինչ կարծես տանում է դրան: Գործի դժվար մասը Միշտ էլ պարզվում է, որ հեղափոխություն անելն, այնուամենայնիվ, գործի հեշտ մասն է, մանավանդ, որ դրա վերաբերյալ այժմ խիստ նորաձեւ միջազգային դասագրքեր ու դեռեւս ողջ մնացած դրանց ինստրուկտորները կան: Այ հետո, երբ գործնական քայլերով ուզում ես ամրապնդել ու անշրջելի դարձնել այն, այդ ժամանակ շա՜տ է դժվարանում: Մեր դեպքում գոնե նախնական մասը, արագ ու շոկային լինելու պատճառով, մեծ ցնցման մեջ չգցեց բոլոր հնարավոր դիմադրողներին, երկրորդ` արյուն չեղավ: Բայց հիմա սկսվել է դետալ առ դետալ ոսկերչական աշխատանք կատարելու ու սխալվելու շատ քիչ հնարավորություն տվող (սխալից օգտվելու եւ մեջքից հարվածելու պատրաստ, շունչը հետ բերած մարդկանց եւ ուժերի պատճառով) ժամանակը, որի ամեն միավորի կորուստը անդառնալի կարող է լինել նոր կառավարության համար: Նոր կառավարությանը հետեւող հանրության կազմն էլ անընդհատ փոխում է կոնտուրները, ներքին բրուոնյան շարժում կա: Այժմ տեղի ունեցողում կա երեւացող մաս` բոլոր նրանց համար, ովքեր միայն աչքերով ու ականջներով են առաջնորդվում, եւ չերեւացող մաս, որի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, համենայնդեպս` կան ուղեղի ծալքերն օգտագործողներ, որոնք միայն բարձրաձայնվողի մասին չեն խորհում: Իհարկե, վերջիններիս ծայրահեղացված շերտերը հանրության համար պրոբլեմ են, հենց նրանք են շրջանառում ամենաանհավանական վարկածներ, կեղծ կամ իրական կոմպրոմատներ: Օրինակ այսպիսի`պատժմիջոցների տակ մնացած Պուտինը, իբր, Հայաստանում օլիգարխիայից փող խլելու մոդել է փորձարկում, որ հետո Ռուսաստանում կիրառի (Պուտինը: Ոչ ավել, ոչ պակաս: Մի լավ ծիծաղեցի:): Ընդհանրապես, որ խորանանք, եթե ուսումնասիրենք աշխարհում տեղի ունեցող նշանակալի իրադարձություններից ցանկացածը, ապա շատ հեշտ կարելի է նկատել իրադարձություններից յուրաքանչյուրում հարակից շահառուների հետքը` հատուկ ծառայությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների զանազան ներգործությունների տեսքով: Մանավանդ` հեղափոխությունների դեպքում: Որեւէ երկրում հեղափոխության նախապատրաստման կամ կասեցման հանդեպ չեն կարող անտարբեր լինել շահ ունեցող երկրների հատուկ ծառայությունները: Դա բոլոր առումներով ոչ պրոֆեսիոնալ կլիներ նրանց կողմից, մանավանդ` անհնար, եթե նկատի ունենանք հատուկ ծառայությունների միջեւ կնքված փոխհամագործակցության հուշագրերն ու որոշակի հարցերի շուրջ փոխպարտավորությունները: Հիմա, եթե դուք ասեք, թե Հայաստանում տեղի ունեցած իրադաարձություններում ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հատուկ ծառայությունները սոսկ դիտորդի դեր էին որդեգրել, ես կասեմ`միամիտ մարդիկ կարող են այդպես մտածել: Մի՞թե կարո՞ղ էր այդպես լինել, երբ փոխվելու էր անձանց շրջանակը, որոնց հետ այդ եւ մյուս մեծ խաղացողների ղեկավար շրջանակներն աշխատում են, այդ կարգի գործում մեծ խաղացողները դիտորդի դեր ստանձնել չեն կարող, գուցե` միայն առեւերույթ: Իսկ թե ինչ դեր է ունեցել նրանցից յուրաքանչյուրը, ինչ է կատարվել չերեւացող տեղում` մենք գոնե երեսուն տարի չենք իմանա, քանի որ հատուկ ծառայությունների բացահայտումների ամենավաղ ժամկետային հնարավորությունը երեսուն տարին է: Այս իմաստով անգամ մեզ զարմացրեց մի անգրագետ կոմպրոմատ` վարչապետի վերաբերյալ: Ախր նույնիսկ կոմպրոմատը, ու հատկապես` կոմպրոմատը գրագետ, այդ թվում` լեզվական առումով գրագետ պետք է կազմել, չնայած` միամիտ մարդկանց կասկածի մեջ գցելու առումով միգուցե նաեւ այն իր դերը կարող է խաղալ: Ինչեւէ` հեղափոխական հռետորաբանությունը եւ դրան ի պատասխան անմակարդակ կոմպրոմատիզմը թողնենք միամիտներին եւ փորձենք խոսել մի քանի հասկանալի բաներից: Ինչ ունենք հիմա, հարյուր օր անց, Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելուց հետո Անօրինական փողը բյուջե ուղղելու եւ նոր կադրերին ֆորմատի բերելու ստացվող ջանքեր: Կադրերի ոչ այնքան միանշանակ արեալ, որը երբեմն զայրացնում է` լայն հանրությանն անծանոթ, անհայտ հնարավորությունների մարդիկ, որոնք ինչ- որ հատուկ շրջանակների լավ էլ հայտնի են: Համենայնդեպս` կադրերի նշանակման գործում մինչեւ վերջ նկատելի է որոշակի սկզբունք` նրանք բոլորը տարբեր առնչություններում կարծես ստացել են միջազգային «դաբրո», խեղճ սովորական հայեր: Անորոշ վիճակ` ընտրությունների առումով, քանի որ ԸՕ-ն դեռ պետք է մտնի խորհրդարան, Սահմանադրության կետեր պետք է փոխվեն, Հանրաքվեի մասին օրենք վերանայվի` ինչպես չարախնդում են հեղափոխականների ընդդիմախոսները` «դրանք հիմա էլ կարվում են Նիկոլ Փաշինյանի վրայով»: Միաժամանակ` ընդդիմախոսության միաժամանակյա, եւ կարելի է ասել` անժամանակ կոշտացում է նկատելի, հանրության կողմից չպահանջարկված ընդդիմախոսության մասին է խոսքը: Միգուցե իսկապես այդ ընդդիմախոսության սնման աղբյուրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերացո՞ւմն է: Զարմանալի է, մեր ժողովուրդը արդեն երեսուն տարի սպասում ու համբերում է, որ իր կյանքը փոխվի, այդ սպասման մեջ երկու- երեք սերունդ կորցրեց իր երիտասարդությունը` մի քանի մարդու հարստացման ֆոնին, իսկ ահա հիմա նոր կառավարության ընդդիմախոսները կարճ ժամանակ, մի չորս-հինգ տարի անգամ չեն համբերում եւ ուզում են վերադառնալ անհապաղ, փոխանակ հանգիստ անցնեն ընդդիմություն ու մի քանի տարի անց քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնեն, մինչեւ նրանց հանդեպ ատելությունը մոռացվի: Բնականոնը դա՛ է, զոռով հո չե՞ն մնալու, երբ պահանջարկված չեն, պահանջարկված չէ նաեւ Քոչարյա՛նը, գնացեք, թող մի քիչ նոր կառավարությունն աշխատի, մի խանգարեք, գուցե մի բան փոխվում է էս ժողովրդի կյանքում: Ռոբերտ Քոչարյանի` խափանման միջոցը վերացնելու դատավորի որոշմանը կարծես ի պատասխան անցումային արդարադատության թեզի շրջանառումը վարչապետի կողմից ուրվագծում է թեժ աշուն: Դատական իշխանության գործերին չենք խառնվում, բայց մեր սեփական արդարադատության ստեղծումը չենք բացառում, սա էր ասվածի տրամաբանությունը: Միգուցե` զուտ սպառնալիք որպես դատավորներին` նախկինների ազդեցությունից դուրս գալու առումով, թե «խելքներդ գլուխներդ հավաքեք», սա աշխատի: Բայց սա շատ վիճարկելի միտք է, ինչպես նաեւ այն, որ կառավարությունը հաշվետու է եւ ենթարկվելու է միայն հրապարակին: Եթե այս վերջինն ասվեր պետության` որպես ժողովրդի իշխանության իրացման գործիքի հիմնադրման արշալույսին, երկու հազարամյակ առաջ, երբ ժողովուրդը հաստատելու կամ չհաստատելու մի հնարավորություն ուներ` բութ մատը վերեւ-ներքեւ տնկելը, կհասկանայի: Սակայն երբ դա ասվում է վաղուց բյուրեղացված, հստակեցված ներկայացուցչական ինստիտուտների եւ ինստիտուցիոնալիզմի ժամանակներում` ականջներիս չեմ հավատում: Բա որ քաղաքագիտության դոկտորն է լրջորեն դա համարում «պառլամենտարիզմի դրսեւորման լավագույն ձեւ», այստեղ արդեն համրանում ես: Հաա՞: Համաձայն ենք, այս խորհրդարանը պետք է լուծարվի, դրա իրավական ձեւերն անպայման կարելի է գտնել, գումարած` հոգեբանականը: Սակայն միջնադար վերադառնալ պետք չէ: Այս առումով խիստ մտահոգիչ է նաեւ անցումային արդարադատություն թեզը, որ նույնպես վարչապետ Փաշինյանը ներմուծեց քննարկումների դաշտ` անցած ուրբաթ հանրահավաքին այդպիսի արդարադատության մարմնի ստեղծման շուրջ քննարկումների մասին խոսելով: Այս ընթացքում հետեւեցինք մասնագետների տեսակետներին, որոնք շատ բազմազան էին, գերիշխում էր այդպիսի արդարադատության գաղափարից հրաժարվելու գաղափարը` Հայաստանում դրա իրականացումը ռիսկային անվանելով: Ինձ` բռնադատվածիս թոռին դժվար է համոզել, որ այդ կարգի արդարադատությունը չի ձեւախեղվի եւ զուտ քաղաքական նպատակներին չի ծառայեցվի: Անգամ այդ մոդելի կողմնակից Վահե Գրիգորյանի` մանրամասն անդրադարձից հետո, թե դա չպետք է նույնացնել արտակարգ դատարանի հետ: |