ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Բառն ինքնին վանող, անգամ խորշելի է միջին հայաստանցու, հատկապես երիտասարդության համար: Շատ-շատերի համար կուսակցականությունը նշանակում է անհատական ազատությունների կաշկանդում, ավելորդ ու մերժելի պարտադրանքներ, անիմաստ զբաղմունք, կարիերիստական ձգտումների դրսեւորում եւ բացասական այլ հատկանիշներ ենթադրող անծանոթ մի բան: Կուսակցություն, կուսակցականություն, կուսակցական բառերը մեր իրականության մեջ շատ-շատերի համար դարձել են հասարակության ու պետության կեցությանը ներհակ արհեստականորեն ստեղծված ավելորդ մի հարթակ, որտեղ մարդիկ կռիվ են տալիս նյութական շահի, փառասիրական նկրտումների իրականացման, տարաբնույթՙ համենայնդեպս ոչ ազնիվ եւ ամենեւին ոչ հանրօգուտ նպատակների համար: Այս մտածողության պատճառները բազմաթիվ են, բոլորն էլ արժանի լուրջ, գիտական ուսումնասիրության, որով չի զբաղվում ոչ ոք, նույնիսկ իրենքՙ կուսակցությունները, որոնք առաջին շահագրգռվողները պիտի լինեին դրանք ուսումնասիրողՙ իրենց իսկ բարեկեցության համար: Հակակուսակցականությունը արդի Հայաստանում ունի խորքային պատճառներՙ օտարամուտ, հատկապես գլոբալիզացիական մտածողությունից մինչեւ այսրոպեական գործնապաշտություն, հիշողութենական փորձառությունից մինչեւ օրինակելի կուսակցականության բացակայություն կամ անհաջողակություն: Բոլոր պարագաներում, Հայաստանում կուսակցությունների ձախողության պատճառները առաջին հերթին պետք է փնտրել նրանց մեծամասնության գաղափարազուրկ լինելու, ավելի ճիշտՙ սեփական գաղափարներին հետամուտ չլինելու, իսկ երկրորդՙ պետության կառավարման սխալ դրվածքի մեջ: Առաջինի վերաբերյալ հիշողություններն ու օրինակները դեռ թարմ են: Ընդամենը պակաս քան 30 տարի առաջ բոլորիս աչքի առջեւ կազմաքանդվեց հզորագույն համարվող մի կուսակցությունՙ կոմունիստական կուսակցությունը, հենց որ զրկվեց 70 տարի իր վայելած մոսկովյան հովանավորչությունից: Ընդամենը 21 տարի առաջ, դարձյալ բոլորիս աչքի առջեւ, խաղալու հնարավորությունից զրկվեց «մեր դեմ խաղ չկա» հոխորտացող ՀՀՇ-ն: Ընդամենը սրանից մի քանի ամիս առաջ, միշտ բոլորիս աչքի առջեւ, իշխանազրկվեց եւ անճար (արեւմտահայերը պիտի ասեինՙ «փերիշան») վիճակում հայտնվեց անսասանելի համարվող մի կուսակցությունՙ Հանրապետականը, իր արբանյակ զույգ կազմակերպություններով հանդերձ: Այս տեսակետից նույնպես հատկանշական է այն շարժումը, ես պիտի ասեիՙ բեկումը, որը կատարվեց Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Մարդիկ, բազմություններ հետեւեցին ո՛չ թե նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլՙ անձամբ նրան, նրա «Քայլին»: Խոստովանենքՙ այդ փաստը ֆիասկո էր մեր բոլո՛ր կուսակցությունների եւ ընդհանրապես կուսակցականության համար: Կտրվածությունը ժողովրդից, հատկապես նրա երիտասարդական ակտիվ զանգվածից, ամենեւին էլ լավ վկայություն չէ քաղաքական կազմակերպությունների, ո՛րեւէ կազմակերպության համար: Այժմ բոլոր կուսակցություններից պահանջվում է վերանայել իրենց գործելակերպը, երբեք չկորցնել իրականության զգացողությունը, չխաբվել ու չխաբել հարյուր հազարավոր ցուցակագրված անդամների հավատարմության երդումով, ու մանավանդՙ զգալ լայն զանգվածների շնչառությունը: Այսուամենայնիվ, գտնվում ենք մի հանգրվանում, ուր կուսակցությունների գոյությունը անհրաժեշտություն է: Նկատի չունեմ արհեստածին, փողածին, իշխանածին համախմբումներին, այլՙ իսկապես գաղափարակիր, ժողովրդական, հանրօգուտ աշխատանքի ընդունակ կազմակերպություններին: Հավանենք կամ ոչ, այժմ մեր պետությունը կառավարման նոր համակարգ է ընդունել, որը բնութագրենք այսպեսՙ ձեւով խորհրդարանական, բովանդակությամբՙ վարչապետական: Բոլոր պարագաներում, նոր համակարգը պահանջում է կայուն եւ հստակ գաղափարախոսություն, ազգաշահ տեսակետներ կրող գործունյա կուսակցություններ, քաղաքական, քարոզչական եւ ընտրական հմտություններ: Մնում է նաեւ ժողովրդի գիտակցությանը հասու դարձնել այդ անհրաժեշտությունը եւ դրական օրինակներով ցույց տալ, որ քաղաքական լուրջ կազմակերպությունները ընդունակ են, խորհրդարանում թե նրա պատերից դուրս, գործադիր իշխանություններում թե ժողովրդի առօրյա կյանքի տարբեր մարզերում, օգտակար, ազգաշահ գործ կատարել: Հակակուսակցականությունը ելք չէ՛: |