ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԽՈՍՔԻ ՏԵՐ ՄԱՐԴ Է ԵՎ ԱՌԱՋԻՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ԻՄ ԿՈՉԻՆ» 8 ԵԶԱԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՙ 1 ՕՐՈՒՄ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից Հոկտեմբերի 7-ին պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանի ծննդավայրումՙ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում, մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանը եւ լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը: Հանդիսություններին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես եւ սպասվում էր, այդ օրը Ագարակում տեղի ունեցան շքեղ եւ ուրախ միջոցառումներ, ամենուրեք իշխում էր տոնական բարձր տրամադրություն, կային բազմաթիվ հրավիրյալներ, հնչեցին ողջույնի խոսքեր եւ շնորհավորանքներ: Ներկայացվեց նաեւ համերգային ուրույն ծրագիրՙ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ: Տոնակատարությանը ներկա էին աշխարհի տարբեր ծայրերից Ագարակ հրավիրված «Արարատ 73»-ի տղաները... Այս ամենով հանդերձ, ցանկանում եմ ամփոփել իմ ստացած տպավորություններն ու արձանագրել, որ տոնակատարության օրվա շրջանակներում գյուղում տեղի ունեցան Հայաստանի համար աննախադեպ ութ եզակի իրադարձություններ:
1. Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ Հրաչյա Պողոսյանի պատվերով եւ պետերբուրգյան «Տավր» բաց բաժնետիրական ընկերության վարպետների կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծման արարողություն: Նման մեծամասշտաբ աշխատանք առաջին անգամ է տեղադրվում Հայաստանի տարածքում: 2. Ագարակի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինի անվան ռոբոտաշինության դասարանի բացումը: Դասարանի անվանումը նախապես համաձայնեցվել է Յու. Գագարինի դստերՙ «Մոսկովյան Կրեմլ» թանգարան-արգելավայրի գլխավոր տնօրեն Ելենա Գագարինայի հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո նման ծրագիր Հայաստանի տարածքում իրականացվում է առաջին անգամ: 3. Նորաբաց դասարանում տեղի ունեցավ բարերար Հրաչյա Պողոսյանի պատվերով պատրաստված Յուրի Գագարինի կիսանդրու բացումը: Բացման արարողությունը կատարեցին Հրաչյա Պողոսյանը եւ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: 4. Նույն օրը Ագարակի կենտրոնում տեղի ունեցավ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի պատվին անվանակոչված նոր հրապարակի հանդիսավոր բացման արարողությունը: Բացումը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արարողությանը հաջորդեց ծառատունկ. «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակի եւ Ագարակ գյուղի վերածննդի պատվին 2013 թ.-ին բացված «Արարատ-73» հուշարձանի մոտ Ագարակում առաջին անգամ տնկվեց հավերժության եղեւնի: 5. Այդ օրը Ագարակի կենտրոնում տեղի ունցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ հուլիսին Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ արված առաջարկով հիմնված կարի արտադրամասի բացման արարողությունը: Հրաչյա Պողոսյանն առաջինն էր, որ արձագանքեց ՀՀ վարչապետի կոչին եւ իր համագյուղացիներին աշխատանքով ապահովելու նպատակով արդեն իսկ գործում է ավելի քան 20 աշխատատեղ: Կառուցվող կցաշենքի հիմքում Նիկոլ Փաշինյանը եւ Հրաչյա Պողոսյանը զետեղեցին հիշողության պատիճ: Նոր մասնաշենքը թույլ կտա հետագայում ավելացնել աշխատատեղերըՙ հասցնելով շուրջ հարյուրի: 6. Այդ օրը տեղի ունեցավ Հրաչյա Պողոսյանի ինքնատիպ ու յուրօրինակ մտահղացման շնորհիվ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ եւ «Ռոսկոսմոսի»ՙ հանձին Սերգեյ Կրիկալեւի աջակցությամբ տիեզերք տարված Հայաստանի դրոշի հանդիսավոր հանձնման արարողությունը: 195 օր տիեզերքում` միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո Հայաստանի դրոշը վերադարձել է Երկիր: Այն այնտեղ էր տարել տիեզերագնաց Օլեգ Արտեմեւը: Հայաստանի դրոշը նախօրեին անձամբ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովն է բերել մեր երկիր եւ տոնական միջոցառման ընթացքում այն Ագարակում հանձնեց վարչապետին` հանելով փաթեթից, որի մեջ այն դրվել էր հենց տիեզերքում: 7. Նույն օրը, Հայաստանում առաջին անգամ, Ագարակի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու սպասավորիՙ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Վիգեն Մանուկյանին: 8. Դպրոցի բակում տնկվեց դեռեւս Պետրոս Առաջինի կողմից տնկված եւ խնամված դարավոր կաղնու շիվ, որը Հրաչյա Պողոսյանն էր բերել հայրենի գյուղ: Շիվը, որ հայազգի բարերարին նվիրել էին Սանկտ Պետերգուրգի ռուսական թանգարանիցՙ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ծավալած ակտիվ եւ նվիրված գործունեության համար, տնկեցին Սանկտ Պետերբուրգից եւ Մոսկվայից ժամանած հյուրերը: *** Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարել այդ օրը` մի քանի պատճառներով. «Շատերը հարցնում են, թե Հայաստանում վերջին հինգ ամսվա մեջ ինչ է փոխվել: Նրանք, ովքեր ուզում են տեսնել` կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարեւոր բանը` տրամադրությունը, մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը, ինքնավստահությունը: Կարեւոր է արձանագրել, թե ինչն է ժողովրդի համար ամենակարեւորը, դա իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է: «Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ծանոթացա Հրաչյա Պողոսյանի հետ` հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: Երբ խոսում էինք Հայաստանի զարգացման մոդելի մասին, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանը, եկանք եզրակացության, որ կառավարության հիմնական դերն է` ստեղծել հնարավորություններ, որպեսզի գործարարները Հայաստանում ներդրումներ անեն: Պարոն Պողոսյանը խոստացավ, որ ներդրում կանի Ագարակում: Այն մարդիկ, ովքեր ասում են եւ անում, իրենց խոսքի տերն են, մեր ամենակարեւոր գործընկերներն են, նրանք, ովքեր կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլեւ հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր հայ կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել»: - Պարոն Պողոսյան, հատուկ շնորհակալություն Ձեզ, որ մեր հայրենակիցների հետ կապը չեք կորցրել»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու ընդգծել, որ Հրաչյա Պողոսյանը խոսքի տեր մարդ է եւ առաջինն արձագանքեց նոր Հայաստանը շենացնելու իր կոչին: Վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՊՀ Միջկառավարական ասամբելայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Հրաչյան առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 100-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 29 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 7-ը` հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն մեկ տասնյակից ավելի երկիր: |