ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՎՐԱՑԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա Գրքի միջազգային տոնավաճառը բոլորեց 70- ամյակը Հոկտեմբերին անցկացվող Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը չափազանց սիրված հանդիպավայր է գերմանացի եւ օտարազգի գրասերների համար: Հասարակական, քաղաքական միտք ձեւավորող այս հարթակն աննկատ չի մնում երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչների, ղեկավարների հայացքից, ամեն տարի ընդգծում են իրենց ներկայությունը, ելույթով հանդես գալիս, մասնակցում բանավեճերի: Այստեղ միտք ու գաղափար են կռում, թրծում, տեսլականն ու մտահորիզոնն ընդլայնվում են, այստեղ գրավորի, տպագիրի թագավորություն է, որ ծնունդ է տալիս կուռ ու քամիչն անցած բանավոր խոսքի, բանավեճի հրաբխից բառի լավան սառչումՙ գիտական հոդված է դառնում, Բանն այստեղ է ապրում: Այստեղ են իրենց բառաստեղծական ու բանաստեղծական տաղանդը քննության դրել Հերման Հեսսեն ու գրաքննադատ Մարսել Ռայն Ռանիցկին, Մաքս Ֆրիշը, այլ հեղինակներ: Գրահրատարակչության առջեւ մեծ մարտահրավերը ստիպում է նոր ուղիներ որոնել, պնդում են գերմանացի հրատարակիչները: Նախ անհրաժեշտ է ընդունել, որ գրքի հետ հանդիպման փաստը ընթերցողի համար իրադարձության պիտի վերածելՙ որեւէ սառը կամ տաք ըմպելիք, գինի, փոքրիկ ուտեստներ, եւ ընթերցանությունը կդառնա սպասելի, ակնկալելի: Գիրքը կդառնա անփոխարինելի, երբ դրա շուրջը, դրա մասին բանավեճ լինի: Ընթերցողն ուզում է անպայման հանդիպել հեղինակին, նրան ունկնդրել, նրա հետ վիճել ու մտածել, նրա հայտնագործությամբ հիանալ: Կարճ ասածՙ այն, ինչ անում է այս տոնավաճառը: Ինչպես վերեւում ներկայացրեցինք, 70- ամյակը ընդգծված շքեղությամբ չանցկացվեց իհարկե, բայց այցելուների տրամադրությունն ու գերմանացի գրքասերների հոգու հրճվանքն ասես մատնում էՙ հոկտեմբերի 10- 14- ը Մայնի Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա միջազգային տոնավաճառն արդեն 70 տարեկան է, ուրեմն տոն է, իսկ այդ տոնի տոնը Վրաստանն է, որն այսՙ բանաստեղծների ու փիլիսոփաների օրրան քաղաքում տարվա հյուր երկրի կարգավիճակից օգտվելովՙ իր մշակութային օկուպացիան այնպես է հաջողել, որ թանգարան, ցուցասրահ, թատրոն, համերգասրահ, փողոց չկա, որ վրացականի ու Վրաստանի ներկայություն չունենա: «Գութեն թագ» չէ, «գամառջոբա, Ֆրանկֆուրտ» ուրեմն : «Այս երկիրը տոն է», հոկտեմբերի 9- ին վերնագրել էր «Ցայթ» շաբաթաթերթի հավելվածըՙ ներկայացնելով Վրաստանի գունեղՙ «պարսկական, եվրոպական եւ ասիական ազդեցություններից հարստացած խոհանոցըՙ «սուփրա սեղանը»ՙ մանրամասն գրառելով տոնական սուփրայի 4 բաղադրատոմսՙ «Կալմախի Սունելեբիթը»ՙ փռում եփված իշխան ձուկը, «Ցիթելի բուլգարուլի ցիցակիս սալաթան»ՙ կարմիր տաքդեղով, ընկույզով սալաթը, «Սակոնլիս խորցիս խարչոն»ՙ ընկույզի թանձրուքով տավարի միսը, «Աջաբսանդալին»ՙ սմբուկով, կարմիր տաքդեղով սալաթը: «Հյուրն Աստծո նվերն է»: Հոկտեմբերի 13- ի առավոտ, երբ տոնավաճառ մտա, հիշեցի, որ «Ցայթը» վրացական այս ասացվածքն էր մեջբերել, եւ գերմանական տոնավաճառն ամեն ինչ արել էր, որ վրաց ժողովրդի այս իմաստնությունը հաստատի: Մինչ Վրաստանի գլխավոր տաղավար հասնելը, մի մեծ հերթ նկատեցի: Վրացական խոհանոցի գինին, կծու- թթուն ճաշակելու համար եթե այսքան կանգնեմ, ոչ մի տեղ այլեւս չեմ հասնի: Խաչապուրին ամենաէժանն էՙ հատը 2,40 եվրո, բայց մարդիկ, նկատելի է, մանրամասն կարդում են ճաշացանկի երկար ու բազմաբաղադրիչ նախուտեստն ու ճաշը եւ հաճախ բարձրաձայնումՙ այ, սա պիտի փորձել, համեղ է երեւում: Գերմանական անշեղ կարգ կաՙ լրագրողների համար մանրամասն տեղեկագրեր են պատրաստում: Այս անգամ դրանք կոկիկ հավաքվել էին սպիտակ կտորե պայուսակներում: ճերմակի վրա պսպղում են վրացական այբուբենի ոսկեգույն տառերը: Ով ստացավ բնապահպանական տեսակետից անփոխարինելի այդ նվերը, գործածելու է սիրովՙ դառնալով Վրաստանն ակամա գովազդողը: Այդ տեղեկագրերից ենք իրազեկ դառնում, որ 70 000 քկմ տարածք ունեցող Վրաստանում 3,7 միլիոն բնակիչ է ապրում: 2015- ին 4 173 անուն գիրք է հրատարակվել, նույն տարվա միջին հաշվարկով գիրքն արժեցել է 11, 75 լարի, որ 3, 86 եվրո է կազմում: Մոտ 100 հրատարակչություն կենսունակ է, 50 գրախանութ կա, որից 41- ը փոքր սրահներ են: 2013- ին 6 տոկոսն է գիրք գնել համացանցի միջոցով, 2015- ինՙ 19 տոկոսը: Ֆրանկֆուրտի տոնավաճառում Վրաստանի բացառիկությունն ընդգծել ենՙ շեշտադրելով ուրույն լեզուն եւ 33 տառերի ճկուն պար գծագրող աննման այբուբենն իհարկե, որ հիշատակում են, թե 2016- ին ՅՈՒՆԵՍԿՕ- ի ոչ նյութական ժառանգության մաս է կազմում: Տաղավարում մարդու հասակը գերազանցող փայտե տառերը շունչ ու հոգի են առնում ամեն քայլափոխիՙ հիացողների ձեռքերի վրա դրանք դաջվածք են դառնում, նրանց ծագման մասին են խոսում բանավեճի հարթակներում, նրանց վարքն են պատմում այդ փայտե տառերի արգանդում պահ մտած գրքերը, որոնց առաջին էջերում փնտրեցինք հղացողի անունն ու զարմանալիորեն չգտանք... Կորյունի, Մաշտոցի անունները մեր ականջին չհասան, ինչպես վրաց հարուստ գրականության մասին վկայող գրադարակների որեւէ անկյունում չհայտնաբերեցինք իրենց համերկրացի որեւէ հայ գրողի երկ: Ոչ Սայաթ- Նովայի «օգնությանն» էին դիմել, ոչ էլՙ Փարաջանովի: «Կովկասյան խոհանոց» գիրքը, որին աչքն անպայման հայում էր, վրացականն ու ադրբեջանականն էր կողք- կողքի համադրել: Վրաց ժամանակակից հեղինակների բազմալեզու հրատարակությունների խիտ շարքում Հայաստանում լույս տեսած հայերեն հրատարակություններն էլ կային: 150- ից ավելի գերմաներեն նոր հրատարակված թարգմանություններով է հարստացել մեր հարեւան երկրի գրականությունն այս տոնավաճառին ընդառաջ, գերմանալեզու 70 հրատարակչատուն վրաց գրականությունը ներառել է իր ծրագրում, 2014- ին Վրաստանում գրքի ազգային կենտրոն հիմնելու եւ 2011- ին թարգմանությանը խրախուսող ծրագրի մեկնարկից ի վեր վրաց հեղինակների 200 անուն գիրք թարգմանվել է գերմաներեն: Ժամանակակից 70-ից ավելի հեղինակներ Ֆրանկֆուրտի տոնավաճառի հարթակում ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները, քաղաքում կազմակերպված 350 գրական միջոցառման ժամանակ նրանք հանդիպեցին ընթերցողների հետ: Վրաց արդի գրական աշխարհի ամենաճանաչված հեղինակությանըՙ լոնդոնաբնակ Ակա Մորչիլաձեին, եթե չհանդիպեիր տաղավարների ներսում, նրա գրքերի այլալեզու ներկայությունն այնքան շռայլ էր բազմել դարակներին, որ 1966- ին ծնված հեղինակի անունն անընդհատ կրկնել էր տալիս: Դրանց մեջ մեկումեջ դրված էր «Ուղեւորություն դեպի Ղարաբաղ» հատորըՙ տարբեր լեզուներով: Մորչիլաձեի կողքին գերմանացիներն ընդգծում են համբուրգաբնակ Նինո Հարաթիշվիլիի տաղանդը: Ժամանակակից գրողների ներկայությունն իհարկե մոռացության չի մատնում վրացՙ 5- րդ դարի գրական ամենահին նմուշըՙ «Շուշանիկի վարքը» կամՙ «Սուրբ Շուշանիկ թագուհու նահատակությունը», որ ներկայացվում է տարբեր լեզուներով, ինչպես նաեւ վրաց էպոսըՙ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը»: Գրքի տոնավաճառում վրացիների թե՛ ավանդաշատ թատրոնը կարՙ Շոթա Ռուսթավելի, Մարջանիշվիլի, Սուխումի պետական թատրոններ, թե՛ Ռեզո Գաբրիաձեի մարիոնետներինը, թե՛ ժամանակակից դրսեւորումներՙ լուսաձայնային, ստվերալուսային խաղ, որի հենքն ու մակերեսը այբուբենն էր դարձյալՙ վրացիների ինքնության ողնաշարը: Ներկայացված էր գիտությունն ու նորարությունըՙ 2 գործարար իրենց «ստարտափն» էին մատչելի դարձնում, մանկական եւ պատանեկան հրատարակչությունները «Կախարդական աշխարհ» խորագրի տակ հեքիաթների ու առասպելների զարմանահրաշ, գաղտնիքներով կողպված աշխարհն էին բացումՙ պատկերազարդ, նկարազարդ տպագրության բանալիով: Վրաստանի զբոսաշրջային գործակալությունը վիրտուալ իրականություն անվանյալ ակնոցի միջոցով բացահայտել էր տալիս Վրաստանի գեղեցկությունները: Տեխնո երաժշտության երկրպագուները չէին ձանձրանում, բալետի սիրահարներին անակնկալ հանդիպում էր սպասվում Սուխիշվիլի ազգային բալետային խմբի հետ, օպերային թատրոնում ելույթ էին ունենում Վրաստանի ֆիլհարմոնիկը, ջութակահարուհի Լիզա Բաթիաշվիլին, Վրաստանի տարբեր քաղաքներից ժամանած երգչախմբեր, իսկ վրացական ֆիլմերի ցուցադրությունը դեռ չի ավարտվել: Մշակութային 100-ից ավելի հարթակներում ծանոթությունը Վրաստանի հետ ընթացքի մեջ է, իսկ թանգարաններումՙ ի՜նչ խայծեր կան: Ֆրանկֆուրտի 16 թանգարան ցուցադրում է անտիկ եւ արդի նկարչություն, լուսանկարչություն, ճարտարապետություն, դիզայն, իլուստրացիա: «Մեդեայի սերը կամ ոսկե գեղմի եւ արգոնավորդների պատմությունը» անվանյալ ցուցահանդեսը, որ Liebieghaus- ում տեւելու է մինչ 2019- ի փետրվարի 10-ը, աշխարհի տարբեր թանգարաններիցՙ Լոնդոնից, Նեպալից, Հռոմից ու Փարիզից վարձակալել է թեմատիկ առարկաներՙ լրացնելով Վրաստանի ազգային հարստությունը նկատվող Կոլխիդայի ոսկյա արժեքավոր գտածոները: Հասցրեցի դիտելՙ Զենքենբերգ բնագիտական թանգարանում ցուցադրվող Homo georgicus- ը: Ըստ ցուցահանդեսում ներկայացված վահանակի եւ զուգընթաց անգլերեն ֆիլմի, Աֆրիկայից դուրս ամենահին մարդուՙ առաջին եվրոպացու 1, 8 միլիոն տարվա լավ պահպանված գանգը գտնվել է Հայաստանին սահմանամերձ վրացական Դմանիսիում: Գրքի տոնավաճառի շրջանակներում Ֆրանկֆուրտի Գյոթե համալսարանը եւ Թբիլիսիի ամենամեծՙ Իվանե Ջավախեթի պետական համալսարանները համաձայնագիր են կնքելՙ գիտական սերտ համագործակցության եւ ուսանողների փոխանակման վերաբերյալ: «Մաղթում եմ, որ հյուր երկիր լինելու առիթը Վրաստանին հնարավորություն տա դռներ բաց անել, իսկ վրաց գրականությունը Ֆրանկֆուրտից ճանապարհ հարթիՙ դեպի մեծ աշխարհ», բացման հանդիսությանն ասաց տոնավաճառի տնօրեն Յուրգեն Բոոսը : Մեր տպավորությամբ այն արդեն մեծ ճանապարհին էՙ հոկտեմբեր ամսվա ամառն ավարտվեց Ֆրանկֆուրտում, հովը վրաց գրականության առագաստը Մայն գետի հորձանքով տանում է հեռու: Հոկտեմբերի 14- ին ժամը 15. 30- ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Վրաստանն իր հյուր լինելու պատվավոր դերը հանձնեց Նորվեգիային: Հայկական տաղավարի եւ մեր մյուս հանդիպումների մասինՙ առաջիկա համարում: |