ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԿՐԱԿԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ. «ՓԹԻԹ» ՀԱՆԴԵՍ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Օրերս, բոլորովին պատահաբար, ձեռքս ընկավ Բեյրութում լույս տեսնող «ՓԹԻԹ» (http://www.e-ptit.com/) մանկական հանդեսի հերթական համարները: Սա, թերեւս, այն պատահականություններից էր, որոնք կցանկանայի ապրել ամեն օր: Հիացմունքով ձեռքս առա հանդեսն ու ափսոսանքով բացեցի, որովհետեւ մի քանի նախադեպերից գրեթե վստահ էի, որ բացելովՙ ներսում պիտի տեսնեմ նախադասություններ, որտեղ օտար բառերի արանքում հայտնաբերելու եմ միայն մեկ-երկու կուչ եկած բուն հայկազյան բառեր: Բայց ահա, հենց այդտեղ էր իսկական անակնկալը, մտավոր-մշակութային պարգեւը, որ բերկրանք պատճառեց ինձ, եւ անշուշտ կպատճառի յուրաքանչյուրին, ով գոնե մի փոքր մտահոգ է հայոց լեզվի ու մշակույթի հետագա ճակատագրով: Անաղարտ հայերեն, ահա «ՓԹԻԹ» հանդեսի գերագույն նպատակը, որին, արդեն ավելի քան 10 տարի նվիրված են հիմնադիր-խմբագիրներՙ Վերժին Չերչյան-Աբրահամյանն ու Կարո Աբրահամյանն ու իրենց ընկերները: Այս հանդեսն իր գոյությամբ հանդիսանում է սփյուռքում հայապահպանության այն սյուներից մեկը, որոնք անշահախնդրորեն լծված են հայ մշակույթի պահպանման գործին: Արդար չենք լինի, եթե ասենք, որ «ՓԹԻԹ»-ը հայկական սփյուռքի միակ հանդեսն է, բայց առավել անարդար կլինենք, եթե չընդունենք, որ իր թիրախավորմամբ, այն էՙ հայ մանկան հայեցի զարգացումը, քչերից մեկն է, եթեՙ ոչ եզակին: Ցավով տեղեկացա, որ այս հայանպաստ հանդեսը պատշաճ կերպով օժանդակություն չի ստանում հայկական կրթական ընկերությունների (բացառությամբՙ Գալուստ Գյուլբենկայն հիմնարկության եւ առանձին անհատների) կողմից: Ցավալի է նաեւ այն փաստը, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը, որի կոչումն ու գերնպատակն է ամեն գնով, մանավանդ սփյուռքում, ամրապնդել հայկական մշակույթը, գործնականում անտարբեր է հանդեսի ճակատագրի հանդեպ, եւ մեր իմացությամբՙ չի փորձում որեւէ տիպի օժանդակություն ցուցաբերել: Հուսով եմ, գոնե այս գրությունը կհասնի համապատասխան մարմիններին, որոնք էլ կփորձեն որեւէ կերպ օժանդակել հանդեսի հետագա աշխատանքին: Առաջիկայում, հընթացս «ՓԹԻԹ»-ի յուրաքանչյուր համարի լույսընծայմանը, կանդրադառնամ հանդեսի անելիքներին ու խնդիրներին: |