RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2018-10-05 > #038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018



Տեղադրվել է` 2018-10-18 23:29:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3452, Տպվել է` 493, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՐ

Պ.Ք.

ԱՄՆ-ը 2015 թ. բաժին էր ուզել սիրիական նավթից

Այս տարվա հունիսի վերջերին Դամասկոսի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Արաբական Միացյալ Էմիրությունների մի մասնավոր օդանավ: Ուղեւորների մեջ էին ԱՄՆ զանազան հետախուզական ծառայությունների ղեկավարներ: Պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Սիրիայի Անվտանգության գլխավոր վարչության տնօրեն գեներալ-մայոր Ալի Մամլյուկի հետ:

Վերջինս արդեն երկար ժամանակ նախագահ Բաշար Ասադի մերձավորներից է: Նա հմուտ քաղաքական գործիչ է եւ կարողանում է ընդհանուր լեզու գտնել թե՛ Մոսկվայի եւ թե՛ Թեհրանի հետ: Նրա հետ հաշվի են նստում նաեւ Պարսից ծոցի միապետները, նշում է ռուսաստանցի վերլուծաբան Վլադիմիր Վասիլյովը: Օրինակ, 2015 թ. նա եղել է Սաուդյան Արաբիայում: Հենց Ալի Մամլյուկին են վստահվում ամենաբարդ հանձնարարությունները, այդ թվումՙ հանդիպումները Սիրիայի արտաքին թշնամիների հետ:

Ամերիկացի հյուրերի հետ նրա բանակցությունները տեւեցին չորս ժամից ավելի: Քննարկվեցին Սիրիայի ավելի քան յոթնամյա պատերազմի մանրամասնությունները: Ապա ամերիկացիները հանդես եկան առաջարկությամբ: Նրանց խոսքերով, ամերիկյան զորքերը Էտ-Տանֆից եւ Եփրատի արեւելքից դուրս կբերվեն երեք պայմանովՙ իրանցի զինծառայողների լիակատար դուրսբերումը Սիրիայից, մասնաբաժին Սիրիայի հյուսիս-արեւելքում արդյունահանվող նավթից, հետախուզական տվյալների տրամադրում այն ահաբեկիչների մասին, որոնք ապագայում կարող են սպառնալ Արեւմուտքի երկրներին:

Սիրիական կողմը մերժեց առաջարկության բոլոր կետերը:

Ահաբեկիչների վերաբերյալ հետախուզական տվյալների տրամադրման առնչությամբ հայտարարվեց, որ դրանց բացահայտումը կախված է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխումից: Սիրիան նման տեղեկություններն արդեն կիսում է ԱՄԷ-ի եւ Հորդանանի հետ:

Ինչ վերաբերում է Սիրիայից Իրանի լրիվ հեռանալուն, այս կետով ԱՄՆ-ը պաշտպանում է Մերձավոր Արեւելքում իր գլխավոր դաշնակից Իսրայելի շահերը: Ի պատասխան, Ալի Մամլյուկը ընդգծեց, որ Սիրիան ինքնիշխան երկիր է, եւ որ ԱՄՆ-ը զավթիչ է, որը Սիրիայի տարածք է մտել առանց նրա թույլտվության եւ նույն ձեւով էլ կարող է հեռանալ: Սիրիան չի դավաճանում իր ռազմավարական դաշնակիցներին, եւ նավթարդյունահանմանը ամերիկյան ընկերությունների մասնակցության եւ հետախուզական տվյալների փոխանակման հարցերը կարող են քննարկվել միայն բնականոն քաղաքական հարաբերությունների հաստատումից հետո: Նա նաեւ նշեց, որ Սիրիան մաս է կազմում լայն առանցքի, առկա է դաշինք Թեհրանի եւ «Հզբոլլահի» հետ:

Սիրիայի հրաժարումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ սիրիական բանակը պատրաստվում էր հետ նվաճել Իդլիբի նահանգը: Նման պայմաններում, թվում է, թե Սիրիայի վրա հարձակումը գրեթե անխուսափելի է:

Վերոհիշյալ երեք կետերից գլխավորը, անշուշտ, Սիրիայի հյուսիս-արեւելքում արդյունահանվող նավթից մասնաբաժին ստանալու ամերիկացիների ցանկությունն էր: Այս պայմանի առաջադրումը բացահայտում է քաղաքացիական պատերազմի իրական պատճառները: Սիրիայի պատերազմում ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների գլխավոր խնդիրը Սիրիայի բնական պաշարների զավթումն է:

Նավթի մասնաբաժնի կապակցությամբ Ալի Մամլյուկը ամերիկացիներին ասաց, որ երկիրը շահագրգռված չէ իր թշնամիերի հետ գործարար կապերի հաստատմամբ: Նավթային ոլորտում համագործակցելու համար կան Ռուսաստանը եւ մյուս երկրները, որոնք դավեր չեն նյութում սիրիական ժողովրդի դեմ:

Սիրիայի նավթառատ շրջանը գտնվում է Եփրատից արեւելք: Այդ տարածքը վերահսկում են Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք ստեղծել է եւ որոնց աջակցում է ԱՄՆ-ը: Այդ ուժերը ներկայացնում են հիմնականում քրդերին եւ մասամբ էլ տեղի արաբական ցեղերին: Սիրիայի դեմոկրատական ուժերին ենթակա տարածքում է գտնվում երկրի նավթի պաշարների 70 տոկոսը: Պատերազմից առաջ երկրի բյուջեում նավթարդյունահանման բաժինը կազմում էր 25 տոկոս: Այժմ այն զգալիորեն պակաս է: Սիրիական նավթի խոշորագույն հանքավայրը գտնվում է Դեր Զոր քաղաքից ոչ հեռու:

Վերոհիշյալ ուժերի միակ հույսը ներսիրիական երկխոսությունն է: Քրդական շարժման մի մասը արդեն երկխոսություն է սկսել Դամասկոսի հետ, քննարկվում է շրջանի որոշակի իքնավարության հարցը: Այն ծագեց սիրիական Մանբիջ քաղաքի շուրջ թուրք-ամերիկյան գործարքի կնքումից անմիջապես հետո, որը հարվածեց քրդերի շահերին: Քրդական շարժումը բաժանվեց երկու մասի: Մի մասը երկխոսություն սկսեց կառավարության հետ, մյուս մասը շարունակում է շարժվել ԱՄՆ քաղաքականության նավարկուղիով:

Սակայն Դամասկոսի հետ քրդերի պայմանավորվածությունները անտեսում են ամերիկյան նավթային ընկերությունների շահերը:

Սիրիայի կառավարությանը հարկ կլինի համաձայնության հասնել նաեւ տեղաբնակ ցեղերի հետ: Նրանց աջակցության դեպքում երկրի հյուսիս-արեւելքում հաղթանակ տանելու հնարավորությունները զգալիորեն կմեծանան: Ըստ երեւույթին, տրամաբանական է, որ ցեղերին մասնաբաժին հատկացվի ապագա նավթահանույթից, եւ դա վճռական փաստարկ կլինի բանակցություններում:

ԱՄՆ-ը տարածաշրջնում եւ հատկապես Դեր Զորում մնալու եւս մեկ կարեւոր պատճառ ունի: Հենց Դեր Զորով են անցնում տարածաշրջանը եւ մասնավորապես Իրաքն ու Սիրիան կապող հիմնական մայրուղիները: Իրաքը շահագրգռված է դեպի Սիրիա միջանցքի բացմամբ: Իհարկե, ԱՄՆ-ը դա չի կարող թույլ տալ:

Այստեղ ԱՄՆ-ին ակտիվորեն կարող է օգնել Իսրայելը: Սիրիա-Իրան ռազմական համագործակցության համաձայնագրի կապակցությամբ Իսրայելի վարչապետը սպառնացել է հարվածներ հասցնել սիրիական օբյեկտներին եւ Սիրիայի տարածքում գտնվող իրանական օբյեկտներին: Այսպիսով, Սիրիայում գլխավոր գոտեմարտը դեռ առջեւում է: Սպասվում է պատերազմ երկրի հյուսիս-արեւելյան նավթային պաշարների համար, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Դամասկոսը Մոսկվայի եւ Թեհրանի օգնությամբ կարող է խնդիրը լուծել ներսիրիական երկխոսության, տեղաբնակ ցեղերի աջակցության միջոցով, ինչպես նաեւ պարտիզանական լայն շարժման կազմակերպման պայմաններում, Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զորքերի ներկայությանը մեծ վնասներ պատճառելու միջոցով:

Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, վերջերս Ժնեւում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Բոլտոնը իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Ասադի կողմից քիմիական զենքի օգտագործման դեպքում ԱՄՆ-ը սաստիկ հարվածներ կհասցնի Սիրիայի խորքում գտնվող օբյեկտներին: ՌԴ պաշտպանությունը իր հերթին հաղորդել էր, որ ամերիկա-բրիտանա-ֆրանսիական ուժերը կարող են Սիրիային հարվածներ հասցնել, որպեսզի քողարկեն Հալեպի եւ Համայի վրա հարձակումներ ձեռնարկելու եւ դրանք զավթելու զինված խմբավորումների ծրագրերը:

Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայի կառավարությունը «Հզբոլլահին» պաշտոնապես խնդրել է երկրի տարածքում մնալ նաեւ պատերազմի ավարտից հետո, որպեսզի մասնակցի հաշտեցման գործընթացին: 2018 թ. օգոստոսին Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին Դամասկոսում նախագահ Բաշար Ասադի հետ ստորագրեց ռազմական համագործակցության համաձայնագիր:

Օգոստոսի վերջերին Պարսից ծոցի շրջան մուտք գործեց ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը, որը հանդերձավորված է «երկիր-օդ» դասի «Թոմահաուկ» թեւավոր հրթիռներով: Բացի դրանից, B-1B տիպի մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ ուղարկվեցին Քաթարում գտնվող ամերիկյան ռազմակայան: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվեց, որ դրանք նախատեսված են մոտ ժամանակներս սպասվող հակասիրիական հարվածների համար:

Որպես ամփոփում կարելի է ասել, որ ամերիկացիներին անչափ զայրացրել են «զավթիչներին», այսինքն ամերիկացիներին դուրս քշելով մասին Ասադի գեներալների արած կոչերը: Ըստ որում, ամերիկացիները ռազմական գործողություն ձեռնարկելու դեպքում ստիպված կլինեն կռվել ոչ թե առանձին խմբավորումների, այլ յոթնամյա պատերազմի ընթացքւմ փորձ ձեռք բերած սիրիական բանակի ընտիր զորամիավորումների դեմ: Անմասն չեն մնա նաեւ իրանական բանակի զորախմբերը: Եվ իրադարձությունների նման զարգացման դեպքում տարածաշրջանում ամերիկացիների վարկին կհասցվի անչափ ուժգին հարված: Ասադը Սադդամ Հուսեյնի ժամանակներից ի վեր կդառնա առաջին ղեկավարը, որը պաշտոնական մակարդակով հանդես կգա ԱՄՆ-ի դեմ: Ամերիկացիներին մնում է միայն նորանոր զենքեր մատակարարել Իդլիբում մնացած ահաբեկչական խմբավորումներին եւ ՄԱԿ-ում երկարատեւ նիստերի ընթացքում արդարացնել սիրիական տարածքի մի մասի անօրինական գրավումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ