ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԻՙ ԱԶԳԱՅԻՆ ՍԽՐԱՆՔԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆԱՐԳԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՕՐԵՐԸ ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր (մարտի 15-16 1921 թ.) 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում, Շառլոտտենբուրգի Հարդենբերգշտրասե փողոցում 24-ամյա հայ ուսանող Սողոմոն Թեհլիրյանը ատրճանակի կրակոցով վերջ դրեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից, թուրքական կառավարության մեծ վեզիր, երիտթուրքերի պարագլուխ Թալեաթ փաշայի կյանքին, իսկ 1922 թվի հուլիսի 25-ին Թիֆլիսում հայ վրիժառուներ Արտաշես Գեւորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը իրագործեցին երիտթուրքերի ղեկավար եռյակի անդամ, Սիրիայում գործող թուրքական 4-րդ բանակի հրամանատար Ջեմալ փաշայի սպանությունը: Այս առթիվ 1922 թվին «Իզվեստիա» ռուսական լրագրում դատապարտող ելույթով հանդես եկավ ռուս բոլշեւիզմի ներկայացուցիչ Կառլ Ռադեկը : Ամբողջովին թուրքական ոգով ներծծված նրա ելույթը հայերեն թարգմանությամբ զետեղվեց «Խորհրդային Հայաստան» լրագրում. «Հայ նացիոնալիստի ձեռքով ընկավ երիտասարդ թուրքերի հեղափոխության եւ երիտասարդ թուրքերի կառավարության իրական ղեկավար Թալեադ փաշան: Նրան հետեւեց այժմ Բաղդատի գեներալ նահանգապետ եւ երիտասարդ թուրքերի մտավոր ղեկավարներից մեկիՙ Ջեմալ փաշայի սպանությունը, որ հավանորեն նույնպես կազմակերպվել է դաշնակների կողմից» : Ահա թե ինչպես է պատասխանում Ռադեկի այս երկերեսանի վշտակցությանը Հայոց մեծ եղեռնի ականատես, իրավագիտության դոկտոր եւ մեծ հումանիստ Արմին Թեոֆիլ Վեգները, որը Սողոմոն Թեհլիրյանին անվանում է ոչ թե «հայ նացիոնալիստ», այլ «ժողովրդական վրիժառու» եւ նրա դատավարությունը Բեռլինում գնահատեց որպես համամարդկային տրիբունալ` իսկ նրա նկատմամբ գերմանական դատարանի կայացրած արդարացման վճիռը` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԱՏԱՎՃԻՌ. «Եվ ահա մի անհայտ հայ ուսանողի ատրճանակի կրակոցը, որ գետին է տապալում Թուրքիայի ներքին գործոց նախկին նախարարին, եւ դրանից ծայր առնող դատավարությունը մի անգամ եւս ստիպեց աշխարհին, եւ առաջին անգամ նաեւ գերման ժողովրդին, իր հայացքն ուղղել համաշխարհային պատերազմի ամենաարյունոտ էջին. եւ բացահայտվում է մի իրողությունՙ մի ողջ ժողովրդի հետեւողական բնաջնջումը երիտթուրքական կառավարության ձեռքով: Հանգամանքների անակնկալ շրջադարձով տեղի է ունենում այն, որ ամբաստանյալըՙ մի տառապող ու անմռունչ զոհ, առանց իսկ այդ մասին անձամբ գեթ մի բառ արտասանելու, սոսկ իր հետեւում կանգնած փաստերի զորությամբ դառնում է մեղադրող, եւ որ այլեւս ոչ թե Սողոմոն Թեհլիրյանն է կանգնում մեղադրյալի աթոռի մոտ, այլ մի մեռելի արյունոտ ստվերըՙ խորապես բացահայտելով այն խորհրդավոր խոսքը (Ֆրանց Վերֆելի - Ա.Մ.), թեՙ «Ոչ թե սպանողը, այլ սպանվածն է մեղավոր»: ... Ահա թե ինչն է այս դատը դարձնում մեկն այն ամենահիշարժան դատավարություններից, որ երբեւէ տեղի են ունեցել Գերմանիայում, քանզի նրանում ի հայտ եկած դեպքերն այնքան խոր, ցնցող ուժով են ներգործում, որ չնայած բացահայտ բռնի սպանությանըՙ երդվյալներն արդարացման վճռի հանգեցին, որով այս դատավարությունը, հակառակ նրան քաղաքական բնույթ չտալու բոլոր ջանքերին, փշրում է արգելքները եւ վերաճում համամարդկային տրիբունալի, իսկ նրա վճիռը դառնում է համաշխարհային պատմական նշանակություն ունեցող մի դատավճիռ: Ինքը Սողոմոն Թեհլիրյանըՙ խորհրդանիշ է միայն, մի հյուլե, որի մեջ կուտակված է մի ողջ անիրավված ցեղի տառապանքը, ցեղ, որն օրհասական ինքնապաշտպանության պահին ի կատար է ածում իր հատուցումը» : (1) Արմին Թեոֆիլ Վեգների Նախաբանն այսօր էլ պահպանում է իր այժմեականությունը եւ քաղաքական հնչեղությունը, քանի որ նրանում խստորեն դատապարտվում են ժողովուրդների տեղահանությունն ու բռնագաղթը, անկախ այն բանից` կատարվել է դա Օսմանյան Թուրքիայում, թե Խորհրդային երկրում, որը նույնպես ուներ ժողովուրդներին բռնագաղթի ենթարկելու մեծ փորձ: Կառլ Ռադեկը մեկն էր ռուսական բոլշեւիզմի գվարդիայից, որի կազմում նմուշի համար ազգությամբ ռուս որեւէ մեկը չկար: Ուստի եւ Ռադեկը այդ ոգով էլ գրում է իր ցեղակից Թալեաթի եւ նրա հայակեր գործակիցների մասին. «Տաճկաստանի կալվածատիրական դասակարգի եւ նրան ծառայող խավերի մեջ կենդանի մնացած մտավոր ու եռանդուն կարողությունների մի փորձ էր երիտասարդ թուրքերի հեղափոխությունը, որի նպատակն էր դիմադրել անգլիական իմպերիալիզմի ու ռուսական ցարիզմի միջեւ Տաճկաստանը անդամահատելու մասին Ռեւելում կայացած համաձայնությանը: ... Բայց Անգլիայի ու Ռուսաստանի իմպերիալիստական քաղաքականությունը սպառնում էր տաճիկ ժողովրդի գոյությանը իրենց հայրերի հողի վրա - այն հողի, որ երկար տարիների ընթացքում տաճիկ գյուղացին ոռոգել է իր քրտինքով»: Այստեղ Կառլ Ռադեկի քաղաքական դեմագոգիան հասնում է իր բարձրակետին: Նա չէր կարող չիմանալ, որ ամբողջ Օսմանյան կայսրությունը հիմնված էր Բյուզանդական կայսրության տարածքի եւ հինավուրց հայկական հողերի վրա, որոնց տերը եւ սնուցողը մինչեւ 1915 թիվը իրենքՙ աշխատասեր հայ գյուղացիներն էին: Ռադեկի ամբողջ համակրանքը, որ նա անամոթաբար ի ցույց էր դնում «Իզվեստիա» լրագրի հազարավոր ռուս ընթերցողներին, Ռուսաստանին հակառակորդ Թուրքիայի կողմն էր, որը ամբողջ Առաջին աշխարհամարտի ընթացքում Անտանտայի թշնամի Կայզերյան Գերմանիայի դաշնակիցն էր: Եվ հաշվի չառնելով Առաջին աշխարհամարտում ռուս ժողովրդի կրած միլիոնավոր կորուստներն ու զրկանքները, Ռադեկը ողբում է, թե «տաճկական գյուղացիական մասսաները ... այս տարիների ընթացքում այնպիսի տանջանքներ կրեցին, որպիսին չի կրել համաշխարհային պատերազմին մասնակցող ոչ մի ժողովուրդ»: Ռադեկի այս կեղծ-սրտաճմլիկ ցավաքաշ խոսքերին ուզում եմ պատասխանել Արմին Վեգների «Ճիչ Արարատից» պամֆլետի դիպուկ խոսքերովՙ իմ թարգմանությամբ. «Եթե կա մի ազգ, որ այս պատերազմից հետո արժանացել է համայն աշխարհի կարեկցանքին, ապա դա հայությունն է ու նրա ճակատագիրը: Արեւելքի ու Արեւմուտքի սահմանագծում, Կովկասյան լեռների ստորոտում, որ պատմությունն անվանել է ժողովուրդների կամուրջ, այս ժողովրդին վաղուց հետե հերոսական խնդիր էր վիճակվածՙ միջնորդ դառնալ երկու մշակույթների միջեւ, մի խնդիր, հատկապես ճակատագրական այն պատճառով, որ այս ժողովուրդը, արեւելյան բարբարոս հորդաներով շրջապատված, վաղ դարերից ի վեր հակված էր Արեւմուտքի մշակույթների կողմը: Եվրոպայի խորը անկման ողբալի ու ամոթալի նշանն է դա, որ մենք թույլ տվեցինք անապատի պես ամայացնել հենց այդ երկիրը, եւ որ նրա բնակիչները, իրենց հարազատ տուն ու տեղից քշված, ողբալի գոյություն են քարշ տալիս օտար երկնքի տակ» : Եվ այնուհետեւ, ռուսական բոլշեւիզմի ազգային հարցերի գծով խեղված այս տեսաբանը ոչ թե Թալեաթի գլխավորած երիտթուրքերի ուլտրա-նացիոնալիստական բանդային, այլ տաճկական տեղական բյուրոկրատիային էր վերագրում հայ ժողովրդի ստեղծած ամբողջ ազգային հարստությունը եւ երկիրը կողոպտելու հանցագործությունը եւ ավելի քան մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացման համար միանգամայն բավարար պատճառ է համարում Թալեաթի ցինիկ հիմնավորումը, իբր հայերին իրենց բնօրրանից դեպի խորշակահար անապատները քշելը եւ այնտեղ տապից ու ծարավից մեռցնելը պատերազմական եւ պետական անհրաժեշտությամբ էր թելադրված. «Տեղական բյուրոկրատիան իր ձեռքն էր ձգում կոտորված եւ անապատ ուղարկված հայերի հողն ու ունեցվածքը: Բայց նույնպես կասկածից դուրս է, որ երիտասարդ թուրքերի Կոստանդնուպոլսում նստած ղեկավարները - Թալեադ փաշան եւ Էնվեր փաշան իրենց վճիռների ժամանակ ղեկավարվում էին պետական անհրաժեշտության նկատառումներով» : Արմին Վեգները 1921 թվին լիովին բացահայտել է Թալեաթի եւ նրա քաղաքական հովանավոր Կառլ Ռադեկի առաջ քաշած հայերի տեղահանությունը արդարացնող փաստարկների ողջ սնանկությունը. «Ոմանք փորձում են կատարված անիրավությունն արդարացնել նրանով, թե հայ ժողովրդի տեղահանումը զուտ ռազմական անհրաժեշտության հետեւանք էր, որի իրագործման համար ղեկավար մարմիններն այլեւս պատասխանատու չէին: Բայց մոռացե՞լ են արդյոք, որ Փոքր Ասիան մի աշխարհամաս է, որ տարածքով անհամեմատ գերազանցում է Գերմանական կայսրությանը: Իսկ ինչո՞վ պիտի պատճառաբանեն, որ հայ բնակչությանը ստիպեցին գաղթել նաեւ Արեւմտյան Անատոլիայի վիլայեթներից, որոնցում նրանց թիվը չափազանց փոքր էր որեւէ վտանգ ներկայացնելու համար եւ որտեղ նրանք խաղաղ ու անբասիր լծված էին իրենց աշխատանքինՙ պատերազմական թատերաբեմերից հարյուրավոր մղոններ հեռու: Եվ մի՞թե ամերիկյան դեսպան Մորգենթաուն վեհանձնաբար չէր առաջարկում Թուրքիայից արտաքսված ժողովրդին փոխադրել Ամերիկա: Թուրքական կառավարության կողմից նրա առաջարկը մերժելու այս մի փաստն արդեն բավական չէ՞ ցույց տալու համար, որ ռազմական միջոցառումների շինծու անհրաժեշտությունը, ըստ էության, սոսկ մի պատրվակ էր, «անապատում վերաբնակեցնելը»ՙ մի դատարկ արտահայտություն, ներկա դարի ամենաարյունոտ եղեռնը սքողելու համար, որի նպատակը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի ժրաջան ու բարձր կանգնած ռասայի իսպառ ոչնչացումը»: (2) Ձայնակցելով իր ցեղակից, սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլին , որը XIX դարի սկզբին բանակցում էր Սուլթան Համիդի հետՙ Արարատի ստորոտում ապրող հայ ժողովրդին վերացնելու մասին (նրանց նամակագրությունը հրապարակել եւ նոր բացահայտումներ է արել հրեա անաչառ ցեղասպանագետ եւ հումանիստ Յաիր Աուրոնը ), Ռադեկը 1922 թվին ռուսական «Իզվեստիա» լրագրում առանց խղճի խայթի մեղադրում է արդեն 1915-16 թվերին ոչնչացված ավելի քան մեկ ու կես միլիոն հայերին. «Եվրոպական իմպերիալիզմի պետությունները հայերին իբր վառոդ են գործադրում տաճկական ֆրոնտը պայթեցնելու համար: Մարտնչող Տաճկաստանի ղեկավարների առաջ հարցը սուր կերպով էր դրված - ապրել կամ մեռնել: Եվ խեղճ հայերի արյունով ներկած երիտասարդ թուրքերի ձեռքերի մեղքը ոչ նվազ չափով ընկնում է նաեւ անգլիական ազնվացեղ լորդերի եւ Ռուս ցարական դիպլոմատիայի վրա» : Երկու հրեշավոր մարդակերներին Ռադեկը փորձում է ներկայացնել բոլշեւիկյան ոգովՙ որպես համաշխարհային հեղափոխության համար նահատակված թուրքական պրոլետարիատի զավակներ. «Եվ պիտի արդարություն տալ Թալեադ փաշային, որ կարողացավ Խորհրդային իշխանության նշանակությունը հասկանալ նրա համար ամենածանր վտանգների ժամին: 19 թվի սեպտեմբերին, երբ Դենիկինը մոտենում էր Օրյոլին, Թալեադ փաշան արտասահմանում բանակցություններ է վարում Խորհրդային ներկայացուցիչների հետ եւ պաշտպանում է ռուս-տաճկական մոտեցման գաղափարը: ...Հին Տաճկաստանը կործանվել է: Այն, որ կոչվում էր Երիտասարդ Թուրքիա, չկարողացավ Տաճկաստանին երիտասարդացնել:...Կամ Տաճկաստանը ժողովրդական կլինի, կամ նա ամենեւին չի լինի: Մեզ թվում է, որ այս բանը հասկացել է ոչ միայն երկաթուղային բանվորի որդի Թալեադ փաշան, այլեւ հին սեղանավոր (լումայափոխ-Ա. Մ.) Ջեմալը: Այս բանը ավելի լավ պիտի հասկանան նրանք, որոնք հունական ճակատում տարել են տաճկական զինվորի դժվարին տանջանքները»: Իր ամբողջ հոդվածում Կառլ Ռադեկը երդվյալ ոճրագործի նման լռության է մատնում Մեծ եղեռնի զոհ դարձած հայ ժողովրդի նկատմամբ հուդա-բոլշեւիզմի իրագործած վրեժխնդրությունը: Մարտի 16-ի առավոտյանՙ նախորդ օրը տեղի ունեցած ցեղակից Թալեաթ փաշայի սպանության հրեշավոր վրեժխնդրությամբ բոլշեւիկների ղեկավարությունը, Կրեմլում ընդունելով Մոսկվայի թուրք դեսպանին, առանց Խորհրդային Հայաստանին որեւէ կերպ տեղյակ պահելու, արտաքին գործերի նախարար Չիչերինին հանձնարարեց Մոսկվայի թուրք դեսպանի հետ ստորագրել «Ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության պայմանագիր», որով միակողմանի, պատերազմում պարտված եւ քայքայված Թուրքիային էր հանձնվում Կարսի մարզը, Սուրմալուի գավառը եւ Հայաստանի խորհրդանիշ` Արարատ լեռը, Ադրբեջանին` Նախիջեւանի գավառը, իսկ նույն թվի հուլիսի 5-ին` նաեւ Արցախը: 1921 թվի մարտի 16-ի «սեւ գործարքով», որ կնքվեց «կարմիր Լենինի» եւ հայի արյունով կարմիր ներկված Քեմալի միջեւ, Հայաստանին պատկանող լայնածավալ հողերը Արարատ լեռան հետ միասին նվիրաբերվեցին Թուրքիային: Այն պատճառաբանությունը, թե այդ ժամանակ Ռուսաստանը թույլ էր, իրականության հետ որեւէ կապ չունի: 8,4 տոննա ոսկի, մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք քայքայված Թուրքիային նվիրաբերող բոլշեւիզմի ղեկավարությունը չէր կարող այնքան անօգնական լինել, որ այլ ժողովրդին պատկանող բազմադարյան հայրենիքը եւս անամոթաբար հանձներ հենց իրՙ Ռուսաստանի դարավոր ոխերիմ թշնամուն: Այդ պայմանագրի ստորագրումը Ռուսաստանի կողմից կատարյալ դավաճանություն էր ցեղասպանությունից արյունաքամ եղած հայ ժողովրդի դեմ, որի զորավար զավակները եւ զինվորները` Ալեքսանդր Սուվորովից սկսած, բազում պանծալի հաղթանակներ են պարգեւել Ռուսական կայսրությանը վերջին 250 տարում թուրքերի դեմ մղած պատերազմներում: Դա դավաճանություն էր նաեւ հենց ռուս ժողովրդին, որի հոգեւոր հայրերը եւ փիլիսոփա-մտածողները` հավատալով Արարատի փրկագործող ուժին` ասում էին. «Наше спасенье в горах Араратских» - «Մեր փրկությունը Արարատյան լեռներում է»: Այդ պայմանագիրը մի բացարձակ հակահայկական գործարք էր` կնքված հայ ժողովրդի եւ նույնիսկ հայ կոմունիստների թիկունքում` Խորհրդային Ռուսաստանի բոլշեւիկ ղեկավարության կողմից: 1844 թվի ամռանը, երբ աշխարհահռչակ երկրաբան, Բեռլինի Հումբոլդտի համասլարանի պրոֆեսոր Հերման Աբիխը փորձեց Բայազեդի կողմից բարձրանալ Արարատի գագաթը եւ հանդիպեց տեղական իշխանության արգելքին, նա զայրացած հայտարարեց. «Երանի՛ այն ժամանակ, երբ Արարատը բոլոր կողմերից կլինի հայկական» : Բայց 1921 թվի մարտի 16-ի հակահայկական գործարքով Արարատը բոլոր կողմերից դարձավ թուրքական: Այո, 1921 թվի մարտի 15-ի բեռլինյան անձնազոհ սխրանքին իբրեւ վրեժխնդրություն, ցավոք, հաջորդեց մարտի 16-ի մոսկովյան նենգադրուժ դավադրությունը, - դրանք հայոց պատմության այն հաջորդական տարեթվերն են, որ սերունդներն իրավունք չունեն մոռանալու: 2011 թվին լրացավ Մոսկվայի պայմանագրի 90-ամյակը: Դրանից մի քանի ամիս առաջ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՙ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 25 տարով կնքված պայմանագիրըՙ ժամկետը լրանալուց դեռ մի քանի տարի առաջ, անբացատրելի պատրաստակամությամբ երկարաձգեց մինչեւ 49 տարի, որի դիմաց թվում էր, թե Մոսկվան չեղարկելու է հիշյալ պայմանագիրը: Մինչդեռ, 2011 թվի մարտի 15-ին Կրեմլում ընդունելով Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանին ՙ Ռուսաստանի դաշնության այն ժամանակվա պրեզիդենտ Դմիտրի Մեդվեդեւը նրան նվիրեց արխիվից հանած այն լուսանկարը, որտեղ պատկերված է երբեմնի արտաքին գործերի նախարար Չիչերինի եւ թուրք դեսպանի կողմից պայմանագրի ստորագրման պահը: Բոլշեւիկյան այդ ստոր գործարքը հավիտյանս չի ջնջվելու հայ ժողովրդի հիշողությունից եւ մշտապես հիշեցնելու է մեզ, թե մեր ռազմական դաշնակիցը իր ժամանակավոր շահերի համար ինչպիսի ծանր հարված կարող է հասցնել ամենապատասխանատու պահին: Ֆրանսիացի խոշոր վիպասան Անատոլ Ֆրանսը այսպիսի պատմվածք ունի. մի խնջույքի ժամանակ հռոմեացի պատրիկները ահաբեկված խոսում են Հռոմում տարածված Քրիստոսի վարդապետության եւ նրա հետեւորդների մասին: Նրանցից մեկը, որ ծերունի Պիղատոսն էր, հարցնում է. - Ո՞վ է այդ Քրիստոսը եւ ի՞նչ վարդապետություն է դա: - Դա այն հրեան է, որին դու խաչեցիր 17 տարի առաջ: Պիղատոսը զարմացած դեմք է ընդունում եւ լարում հիշողությունը. «Ինչ-որ այդպիսի բան չեմ հիշում», - պատասխանում է նա: Այսպես ահա այսօրվա Թուրքիան էլ Պիղատոսի նման զարմանում է եւ ուրանում հայ ժողովրդի դեմ իրագործած ցեղասպանությունը` ինչ-որ նման բան չի հիշում: Մյուս կողմից էլ` Ռուսաստանի ղեկավարությունը մոռանում է, որ հայերի տեղահանությունն ու բռնագաղթը դեպի Միջագետքի անապատներ տեղի ունեցան հենց Ռուսաստանի պատճառով, քանի որ երիտթուքերը հայտարարում էին, թե հայերը` ռուսներին սահմանակից լինելով, մեծ վտանգ են ներկայացնում իրենց համար: 2003 թվականին Երեւան էր եկել մի թուրք հայտնի լրագրող, որն Արարատը տեսել էր միայն Դողու-Բայազեդից, իսկ այն կողմից լեռն ընդամենը թեք սարալանջ է ներկայացնում: Եվ ահա, Երեւանում, տեսնելով իր առջեւ, ինչպես Մովսես Խորենացին է ասում` ուղիղ գետնից բուսած, դեպի վեր խոյացող վեհատեսիլ Արարատը, թուրք լրագրողը հիացած բացականչեց. «Ժողովուրդն է՞լ այս լեռը կտա ուրիշի»: Թուրք լրագրողի այս զարմանքի մեջ կար եւ արդարացի նախատինք: Այդ օրերին ես ելույթ ունեցա «Հ1» հեռուստաալիքով ու Հանրային ռադիոյով, հիշեցի այդ դեպքը եւ թուրք լրագրողին պատասխանեցի մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի էքսպրոմտի պես կարճ ու դիպուկ բանաստեղծությամբ. Արարատի ծեր կատարին դարն է եկել վայրկյանի պես ու անցել, Մահախուճապ սերունդների աչքն է դիպել լույս գագաթին ու անցել. Հերթը հիմա քոնն է (ով թուրք), դո՛ւ էլ նայիր սեգ ճակատին ու անցիր: 2021 թվականի մարտի 15-ին եւ 16-ին լրանալու է Սողոմոն Թեհլիրյանի սխրանքի եւ հուդա բոլշեւիզմի ձեռքով հայ ժողովրդի հայրենազրկության 100-ամյակը: Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Վլադիմիր Պուտինին կհաջողվի «հայ-ռուսական բարեկամության» վրայից քերել հուդաիզմի այդ սեւ խարանը: Ինքըՙ Կառլ Ռադեկը, որը Խորհրդային Միության եւ անգամ Ստալինի վերաբերյալ բազմաթիվ կծու անեկդոտների հեղինակ էր, 1937 թվականին դատապարտվեց 10 տարվա բանտարկության եւ այդքան մեղմ պատիժըՙ սպասվող մահապատժի փոխարեն, բացատրվում է նրանով, որ հետաքննությունը անհրաժեշտ ցուցմունքներ էր ստանում նրանից մյուս «տրոցկիստների» եւ Բուխարինի առաջիկա դատապարտման համար: Մի-երկու անհաջող փորձից հետո նա սպանվեց բանտակիցների ձեռքով Վերին-Ուրալյան բանտում 1939 թվականի մայիսի 19-ին: 1) Արմին Թ. Վեգներ. Թալեաթ փաշայի դատավարության սղագրական տեղեկագրի նախաբանը (Բեռլին, հունիսի 2-3 1921 թ.) 2) Արմին Թ. Վեգներ. Թալեաթ փաշայի դատավարության սղագրական տեղեկագրի նախաբանը: |