ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԹԱԳԱԲԱՑԻԼԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Գլենդեյլ ԱՄՆ-ի հիսուն նահանգներում վիրուսակիրների թիվը հասավ 8006-ի, մահվան դեպքերինըՙ 129-ի: Ամենահայաշատ Կալիֆոռնիա նահանգը մոտ 40 մլն բնակիչ ունի: Մարտի 18-ի դրությամբ վիրուսակիրների քանակն այստեղ արդեն 472-ի եւ մահվան դեպքերինըՙ 13-ի հասան: Գլենդելում առնվազն երկու շաբաթով ներքին արտակարգ իրավիճակ է հայտարարված: Մարտի 18-ին այստեղ գրանցվեց պսակավարակի չորրորդ վիրուսակիրը: Սակայն ինչպես ողջ նահանգում, այնպես էլ Գլենդելում թվերը փոփոխվում են մեծ արագությամբ: Քաղաքային իշխանությունները խիստ ժլատ, անբավարար ինֆորմացիա են հաղորդում վարակակիրների մասինՙ ովքեր են, ի՞նչ տարիքի եւ ազգային պատկանելիության, որտե՞ղ են վարակվել, արդյոք շրջապատը մեկուսացվե՞լ է, թե՞ ոչ, ո՞ր հիվանդանոցում են տեղավորել նրանց: Բացատրությունը անձի հիվանդության, անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիության օրենքի պահպանությունն է: Համաճարակը հիմնովին փոխել է գլենդելցիների առօրյան: Խանութներում թալան հիշեցնող առեւտուր է ընթանում: Մեծ առեւտրային կենտրոնների շուրջը անհավանական հերթեր են ախտահանիչ հեղուկների, զուգարանի թղթի, անձեռոցիկների, հիգիենային պարագաների համար: Երեկվա դրությամբ այդ սոդոմ-գոմորը մասամբ մեղմացել էր, բայց իրավիճակի փոփոխմանը զուգահեռ նույնի կրկնությունը կարելի է կանխատեսել: Մարդկային ինքնապահպանման բնազդները նույնկերպ են գործում ե՛ւ ամենաաղքատ, ե՛ւ ամենահարուստ երկրներում: Առեւտրային շատ կետերում բառացիորեն մարտեր էին ընթանում հացի, զուգարանի թղթի իրենց բաժինները ճանկելու համար: Եվ այդ ամենը ուտելիքի առատության երկիր Ամերիկայում: Մարդիկ մեծաքանակ պարենի հետ սառնարանները բեռնում են նաեւ լավաշով, հացի տարբեր տեսակներով: Առավել հոռետեսները նաեւ սկսել են զենք գնել այն պատճառաբանությամբ, թե եթե ոստիկաններն էլ վարակվեն, ով է իրենց պաշտպանելու... Քաղաքային տրանսպորտըՙ հանրային սպասարկման ավտոբուսներն ու տաքսիները չեն դադարեցրել աշխատանքը: Իմ տան փողոցահայաց պատուհանից ժամանակ առ ժամանակ հետեւում եմ հայտնվող ու անհետացող ներքաղաքային ավտոբուսներին: Առանց որեւէ չափազանցության դրանք կա՛մ բացարձակապես դատարկ են, կա՛մ հազարից մեկ մի մոլորված ուղեւոր է երեւում ավտոբուսների ներսում: Այնուամենայնիվ դեռ շարունակում են աշխատել: Մարտի 16-ի կեսգիշերից Գլենդելում փակվեցին բոլոր ռեստորանները, կինոթատրոնները, զվարճանքի կենտրոնները, բարերը, մարզադահլիճները: Փակվել են նաեւ դպրոցները, մանկապարտեզները, առեւտրային խոշոր կենտրոնները: Մարդիկ խուսափում են փողոց դուրս գալ, երեխաներին զբոսանքի տանել: Թվում է, թե թագաբացիլի ուրվականը հենց բաց օդում կարող է որսալ նրանց: Հատկապես 65-ից բարձր տարիք ունեցողներին իշխանությունները հորդորում են մնալ տներում եւ ծայր անհրաժեշտության դեպքում միայն դուրս գալ տնից, ասենք մթերք գնելու կամ դեղատուն գնալու համար: Նրանց թոռներին ու զավակներին ապսպրում են այս դժվար ժամին օգնության հասնել իրենց մեծերին, քանի որ թիիրախային խմբում հենց նրանք են հայտնվել: Քաղաքային իշխանությունները բարդ ժամանակաշրջան ապրող քաղաքացիների համար հոգեբանական ու նյութական օգնության մանր ու մեծ միջոցառումներ են իրականացնում: Գլենդելում փողոցային երթեւուկության կանոնների խախտման, մասնավորապես սխալ կայանումների դեպքում ֆինանսական տուգանքներ չեն սահմանվելու: Հոսանքի, գազի վարձավճարները ուշացնելու պատճառով էլեկտրականության ու գազի անջատումներ չեն լինի: Իսկ երկրի նախագահի որոշմամբ գալիք շաբաթների ընթացքում ամերիկյան ընտանիքներին կուղարկվեն նվազագույնը հազարական դոլարների չեկերՙ իբրեւ թագաբացիլի գրոհին հակընդեմ խորհրդանշական փոխհատուցում: |