ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԱՇԽԱՐՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Աշխարհը հայտնվել է նոր իրավիճակում, կորոնավիրուսի համավարակը կփոխի պետությունների տնտեսությունների դիմագիծն այնպես, որ աշխարհի վերաձեւումը միգուցե կլինի անխուսափելի: Չգիտենք` արհեստականորեն է ստեղծվել վիրուսը, որպես նոր աշխարհակարգի հաստատման գործիք, ինչպես դավադրապաշտներն են պնդում, թե, իրոք, բնական հերթական վարակն է` էբոլայի, խոզի գրիպի եւ այլ վտանգավոր համավարակների նման, որպես մարդկության հերթական փորձություն, դա ավելի ուշ մասնագետները կվերլուծեն: Այս պահին այլ է խնդիրը` ամբողջ աշխարհում արդեն 200 հազարից ավելի վարակվածների ու 8 հազարի սահմանն անցած մահերի բացիլի դեմ պայքարի հաջողության աստիճանից է կախված յուրաքանչյուր պետությանՙ թե՛ տնտեսության, թե՛ հասարակության հետագա վիճակը, այդպիսով նաեւ նրա գրաված նոր տեղը ազդեցությունների համաշխարհային քարտեզում: Չինաստանը կարծես հաջողեց:Կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու ծանր փորձությունը բաժին հասավ նաեւ Հայաստանի ներկա իշխանությանը: Սա, ինչպես որ աշխարհի բոլոր կառավարությունների գործունակության, այնպես էլ մեր իշխանության քննությունն է ծանր առարկայից` «Կորոնավիրուսի դեմ պայքարելու հաջողություն» անունով: Աշխարհում էլ, Հայաստանում էլ բնականոն կյանքը մի փոքր հետաձգվում է կարծես: Բոլոր պլանավորված միջոցառումները մոտ երկու ամսով հետ են ընկնում, անորոշ ժամանակով հետաձգվում է ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն, լավ է դեռ Արցախում վարակ չկա ու մարտի 31-ի նախագահական ընտրությունը դեռ վտանգի տակ չէ: 2020թ. մարտի 16 -ից մեկամսյա ժամկետովՙՀայաստանում եւս, ինչպես աշխարհի շատ պետություններում, արտակարգ դրություն հայտարարվեց: Սահմանները սովորական եւ զզբոսաշրջային չվերթների համար փակել են համարյա բոլոր պետությունները, Հայաստանում նույնպես չվերթների մեծ մասը հետաձգվել են, պետությունը կմտահոգվի միայն հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող իր քաղաքացիներին երկիր բերելու մասին: Կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկ առավոտյան կայացած կառավարության նիստին եւ դրանից հետո հրապարակված տվյալներով 122 է, ընդ որում` նրանց մեջ ծանր դեպքեր չկան: Մահ եւս չենք ունեցել: Լավն այստեղ այն է, որ 100-ից ավելի դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ, այսինքն` վիրուսակիրների օջախն այնքան էլ լայն ու տարածուն չէ: Երեկ ավելացող դեպքերը կարի արտադրամասից 500 մեկուսացվածների շարքերից էին, որոնց թիվն էլի կարող է ավելանալ: Կառավարությունը վիրուսով պայմանավորված ճգնաժամային երեւույթները հաղթահարելու համար գործարկում է բիզնեսին աջակցելու 25 մլրդ դրամանոց փաթեթ, նույն չափի սոցիալական աջակցության փաթեթ: Մոտ 80 միլիարդ դրամանոց հիմնադրամ կգոյանա` տնտեսության վերաձեւավորման եւ հետկորոնավիրուսային ժամանակին պատրաստելու համար: Այդ փաթեթները լինելու են անկանխատեսելի սպառման եւ տնտեսության անկանոնության հաղթահարման անվտանգության յուրատեսակ բարձիկներ` հետագայում կանոնավոր վիճակի անցնելու համար: Նախատեսվում են վարկերի համաֆինանսավորումներ եւ վերաֆինանսավորումներ, տոկոսների սուբսիդավորում` անհրաժեշտության դեպքում, եւ մի շարք այլ միջոցառումներ: Վարչապետ Փաշինյանի խոսքով, քանի որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո բոլորովին նոր աշխարհում եմ ենք հայտնվելու, ինտելեկտուալ աշխատանք պետք է կատարվի` վերանախագծելու բոլոր բիզնեսները, հետկորոնավիրուսային ժամանակին պատրաստվելով, ռիսկերը գնահատելով եւ տնտեսության ապակայունացում թույլ չտալով: Պարենային ապահովվածության խնդիր այս պահին չկա, ըստ երեկվա կառավարության նիստիՙ սննդի լավ պաշար կա` 201 օրվա շաքարավազ , 38 օրվա ձեթ, 64 օրվա հավի մսի , ալյուրի ու հացահատիկի պակաս ընդհանրապես չկա եւ այլն, բացի այդ` ներկրումներ են տեղի ունենում: Բենզինի եւ դիզվառելիքի պաշարներ եւս որոշակի ժամանակի համար առկա են, նաեւ` ներմուծվում են: Վարչապետը երեկ շնորհակալություն է հայտնել գործարարներին` պետությանն օժանդակելու համար, նրանց շնորհիվ աշխարհի ցուցափեղկերը դատարկ են, մերը` լիքը: Շնորհակալության արժանացան նաեւ բուժաշխատողները` նրանց մերօրյա հերոսներ անվանեցին, երկու խավին էլ կառավարության անդամները ծափահարել են: Արտակարգ դրություն Արտակարգ դրության որոշմամբ սահմանափակումներ կան տեղեկատվության տարածման առումով` ԶԼՄ-ներին խորհուրդ է տրվում միայն պաշտոնական տեղեկատվություն տարածել, բացառել խուճապ առաջացնող հրապարակումները, ընդ որում` այդպես էլ հստակ պատկերացում չկա, թե ինչը կարող է խուճապ առաջացնել, ինչն է ուղղակի անհրաժեշտ մատուցել, որ մարդիկ ոչ միայն խուճապի չենթարկվեն, այլեւ անելիքն իմանան: Մի քանի օր արտակարգ դրության մեջ գտնվելով` արդեն կարող ենք գնահատել դրա արդյունավետությունը գործնականում, չնայած արտակարգ դրություն են հայտարարել աշխարհի շատ պետություններ, որտեղ մոլեգնում է կորոնավիրուսը: Հանրությունը համատարած բարձր է գնահատում բուժաշխատողների աշխատանքը, հենց իր` հասարակության տարբեր խմբերի` տարաձայնությունները մի կողմ դնելու եւ կորոնավիրուսի դեմ միասնաբար պայքարելու հակվածությունը հայերիս մոտ, կարելի է ասել, վատ չի ստացվում` տարբեր հանրային եւ անհատական նախաձեռնություններ կան, դիմակներ կարելուց եւ անվճար տրամադրելուց սկսած մինչեւ մեծ թվով կամավորների ներգրավում ու ֆինանսական միջոցների նվիրաբերում կորոնավիրուսի դեմ պայքարում: Մյուս կողմից` հայկական անկարգապահության եւ խանութները սրբելու հին սովորույթն էլ իր տեղն ունեցավ, հատկապես արտակարգ դրություն հայտարարելու պահին, երբ թվաց , թե աշխարհի վերջն է: Հետո, իհարկե, կարգավորվեց, մարդիկ միգուցե հակացան, որ խուճապն ավելորդ է: Ցածր մակարդակի վրա է իքնամեկուսացում հասկացության կարեւորության գիտակցումը, վիրուսի տարածմանը չնպաստելուն իրոք պատասխանատվությամբ վերաբերվելու գիտակցումը, առաջնակի վարակակիրները հենց այդ պատճառով դարձան վարակակիր: Ես երեկ տաքսի նստեցի, որի վարորդը ոչ մի անգամ չէր ախտահանել իր մեքենան: Սակայն փորձառությունն ամեն ինչ տեղն է գցում կարծես, մնում է, որ աշխարհի խուճապին հակադիր` մենք կարողանանք այնպես վերահսկել վիճակը, որ մահ չունենանք, իսկ դրան արտակարգ դրությունն իրոք նպաստում է: Մյուս կողմից, մեր կարծիքով, ԶԼՄ-ներինՙ երբեմն ոչինչ չասող ու ծագող բազմաթիվ հարցերին չպատասխանող պաշտոնական լրատվություն պարտադրելը դեռեւս չի լուծում հանրային իրազեկման խնդիրը ու չի կարող քաղաքացուն պարտադրել` այլընտրանքային տեղեկատվության աղբյուրներ չփնտրել-գտնել, այն էլ համացանցի այս ժամանակում, երբ ֆեյսբուքում մի քսան րոպե անցկացնելով` անհատական էջերում հարյուրավոր հղումներ կգտնես տեղական եւ միջազգային մակարդակով, որտեղից ե՛ւ համեմատական տեղեկատվություն կարելի է ստանալ, ե՛ւ պաշտոնական լրատվությունից տարբերվող լրատվություն, ու արտակարգ դրության գործիքներով դա վերահսկելն ամենեւին ռեալ չէ: Պարտադրել քաղաքացուն ուղիղ եթերով ժամերով հետեւել առողջապահության տեսչության պատասխանատուի` ոչինչ չասող ու ցրողական պատասխաններին, ոչ ոք չի կարող, նույնիսկ եթե ԶԼՄ-ներին պարտադրվում է դա անել: Փառք Աստծո, որ կան մի քանի հազվադեպ պաշտոնյա, որոնց խոսքին հանրությունը հավատում է, եւ նրանց էջերից ողջ օրը դուրս չի գալիս, ասենք` առողջապահության նախարարի, վարչապետի, այդպես լուծելով իր իրազեկման խնդիրը, բայց դա հենց լրատվամիջոցներին է անհավասար վիճակի մեջ դնում: Եւ հասկանալի է, որ արտակարգ դրությամբ ԶԼՄ-ների համար սահմափակումներն ավելի են սնում իրազեկման այընտրանքային աղբյուրներ փնտրելու մարդկանց մարմաջը: Այսինքն, մեր կարծիքով, արգելանքը երբեք էլ ` խուճապ չստեղծելու արդյունaվետ մեթոդ չէ, եթե չասենք` ընդհակառակը: Մանավանդ` այդպես էլ պարզ չէ, թե ինչը կարող է խուճապ ստեղծել, ինչը ոչ: Օրինակ, եթե մարդը տեսնում է, որ ԱՄՆ-ի նման պետությունում խուճապ է, խանութները դատարկ են, ինչքան էլ հանգստացնենք մարդուն, թե մեր պաշարները բավարար են, մարդը չի կարող հետեւություններ չանել վիճակի իսկական պատկերի վերաբերմամբ: Ուրիշ բան, որ միգուցե մեր նոր իշխանությունում, նախորդների նման չեն սովորել դեռ կամ չեն համարձակվում անցյալ ժամանակների նման ամեն ինչ իրենցով անել, բացի այդ` որդեգրված հրապարակային գործելակերպը դա թույլ չի տալիս, ու այդ պատճառով մեզ մոտ վիճակը համեմատաբար բարվոք է: Բայց լրատվական սահմանափակումներն արժե վերանայել` տարբեր «չի կարելիները» լրատվաիջոցների փորձառությանը եւ առկա օրենսդրության կարգավորմանը թողնելով, այլապես սա առավել նման է ԶԼՄ-ների աշխատաքի խոչընդոտման, քան հանրությանն օգտակար արգելանքի: Որպես իսկական հայ Այս ենթավերնագրի տակ` մի փոքր ներկայացնեմ այն համեմատական լրատվությունը, որն ամեն հայ էլ ինքնուրույն ստանում է ամեն օր: Այդ թվում ես` որպես իսկական հայ (հումորով ընդունեք կամ ցավով), քանի որ ընտանիքիս անդամներն ու մտերիմներս աշխարհի տարբեր ծայրերում են ապրում եւ ամեն օր են ինձ հղում տեղեկատվությունը`կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին: Դա ոչ թաքցնել է հնարավոր, ոչ էլ դրա իմաստը կա, իսկ բաղդատական լրատվությունը միայն կարող է ճիշտ եզրահանգումների տեղիք տալ: Գլենդելում բնակվող գործընկերուհուս` Կարինե Դանիելյանի տեղեկությամբ (մանրամասները տես` այսօրվա «Ազգում»)` Գլենդելում մեկ օր առաջ մի քանի վիրուսակիր կար, ոչ մի մահ դեռեւս, ի տարբերություն ողջ ԱՄՆ-ի: Կանադայի վարչապետը 82 միլիարդ կանադական դոլար ներարկում է խոստանում` կորոնավիրուսի դեմ պայքարում, դրանից 27 միլիարդը աշխատող ձեռնարկություններին եւ նրանց աշխատակիցներին աջակցելու համար: Այն կանադացիները, որոնք որեւէ տեղից ապահովագրություն չեն ստանում, որպես աջակցություն երկու շաբաթը մեկ 900 կանադական դոլար կստանան, մինչեւ տասնհինգ շաբաթ տեւողությամբ: Ընդ որում կվճարվեն նաեւ այն ծնողները, որոնք հարկադրված են տանը նստել` դպրոցներում պարապմունքները դադարեցնելու պատճառով: Հարկային, հիպոտեքային եւ այլ վճարումների ժամկետները երկարաձգվում են: Կանադայում դպրոցները ժամանակավորապես փակ են: Մարտի 18-ին Կանադայում վարակվել էր 569 մարդ, 8 մահվան դեպքով: Քվեբեկում, որտեղ իմ հարազատն է ապրում` վարակվածների թիվը հատում էր հարյուրը, մահվան դեպքերը մի քանիսն էին: Ընդհանրապես` բոլոր երկրներում վարակվածների մեծ մասը վարակը բերում է դրսից, Կանադայում 74 տոկոս վարակվածները դրսից են եկել, 10 տոկոս նրանց հարազատներն են, հոսպիտալացման կարիք ունեն 12 տոկոսը: Միացյալ թագավորությունը, որտեղ եւս իմ ազգականնեերն են բնակվում, ընտրել է կորոնավիրուսի դեմ պայքարի իր ձեւը, որը մի փոքր վախ է ներշնչում: Դպրոցներն ու հաստատությունները չեն փակվել, երեխաները դեռ մեկ շաբաթ դասի են գնալու, տնից դուրս չգալ խորհուրդ են տալիս հատկապես մեծահասարկներին, իսկ անգլիացիների կարծիքով մնացածը կարող են վարակվելով եւ վարակը հաղթահարելով` հաղթել կորոնավիրուսին, ջերմություն ունենալու դեպքում էլ առաջարկում են ինքամեկուսանալ, ընդամենը: Միայն թոքաբորբի պարագայում են մարդկանց հոսպիտալացնում: Խանութները այս երկրում եւս դատարկվում են մեծ արագությամբ, ճիշտ է դրանք անընդհատ լցվում են ապրանքով, բայց դատարկվում են շատ ավելի արագ, այսինքնՙ ինչպես ԱՄՆ-ում, այստեղ եւս խուճապային առեւտուր է կատարվում: Ռուսաստանում դեռ վարակվածները շատ չեն, այստեղ արտակարգ դրություն չկա, բայց այս երկիրը փակել է իր սահմանները: Իշխանությունը 300 միլիառդ ռուբլի է հատկացնում կորոնավիրուսի հարուցած հետեւանքները մեղմելու, այնտեղ երեկ գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Իսկ մեր հարեւան Իրանում, որտեղ վարակվածների թիվն անցնում է 17 հազարից, յուրաքանչյուր տասն րոպեն մեկ մարդ է մահանում կորոնավիրուսից, մեկ ժամում վարակվում է 50 մարդ, վարակվածներից 1000-ից ավելին մահացել են: |