ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր Շարունակելով մեր աշխարհընկալումների մասին նշենք, որ համաշխարհային քաղաքակրթության այսօրվա վիճակն ավելի մերձ է մարդկության պատմության այն ժամանակահատվածին, որը համընկավ Ք.ա. առաջին հազարամյակի կեսին եւ կոչվեց «Պատմության առանցքային ժամանակ»: Մի ժամանակաշրջան, երբ դրվեցին արդի քաղաքակրթության հիմնաքարերը, երբ աննախադեպ զարգացում ապրեցին Արեւելքի ու Արեւմուտքի փիլիսոփայությունն ու մշակույթը, երբ ձեւավորվեցին համամարդկային կրոնների սաղմնավորման պայմանները, ծագեց համաշխարհային պատմական զարգացման տրամաբանությունը: Մի բան, որը տեղի էր ունենում որպես գալիք աղետի պատասխան: Հենց այդ ժամանակ, մեր դիտարկումներով առաջին անգամ, մարդկությունը հայտնվեց ինքնաոչնչացման շեմին: Մարդկային ցեղի տարածական աճն ու միմյանց ոչնչացնելու «տեխնոլոգիական» հնարավորությունները դարձան սպառնալի, առաջին անգամ իր խնդիրներն ու նպատակները ըմբռնել չկարողանալու եզրին հայտնված մարդկությունը հայտնվեց կործանման եզրին: Անխուսափելի այդ կործանումից մարկային ցեղին փրկեց «գիտակցականի հեղափոխությունը», որը մարդ էակին դարձրեց այնպիսին, ինչպիսին է նա այժմ: Աշխարհաքաղաքական մերօրյա զարգացումները, զանազան անուններով միջուկային զենքերը, տարատեսակ համաճարակներն ու կենսաբանական «անմեղ» փորձերը, խոզա-թռչնագրիպներն ու կորոնավիրուսներն այսօր էլ են մարդկությանը հասցրել «Առանցքային նոր ժամանակի», նոր մեծ «գիտակցության հեղափոխության» շեմին, առանց որի արդի համաշխարհային քաղաքակրթությունը չի կարող դիմագրավել սեփական գոյությանը նետված մարտահրավերներին եւ հաղթահարել տարածական ժամանակակից բացահայտ սահմանափակ հնարավորությունները: Ողջ աշխարհն այսօր հայտնվել է իր զարգացման նոր որակական փոփոխության շեմին: Հենց փոփոխությունների որակական այս բնույթով է պայմանավորված պատմության ընթացքի զարգացման այսօրվա լարվածությունը: Ակնհայտ է, որ աշխարհն այս օրերին անխուսափելիորեն ու շարունակաբար փոփոխվում է: Ստեղծված այս բարդ պայմաններում հայերի համար հիմնական մարտահրավերն այն է, որ մեզ հետ կամ առանց մեզ, այդ փոփոխությունը տեղի կունենա: Թե այդ փոփոխություններն ինչպիսին կլինեն եւ ինչ որակի, այս դեպքում հստակ չգիտենք: Կարեւորն այն է, որ մենք այնքան գիտակից ու կենսունակ լինենք, որ կարողանանք ինքներս վերափոխվել, հարմարվել ու մեր տեղն ապահովել այդ «Նոր» աշխարհում: Հետաքրքրական է, որ առաջին հայացքից պարզ ու սովորական թվացող այդ գաղափարն այսօր քաղաքակրթության զարգացման հրամայականն է դարձել: Այս համատեքստում այսօր մեր ժողովրդի ու պետության համար օդի նման անհրաժեշտ է դարձել, որ օրվա իշխանությունները սովորեն կառավարել ոչ միայն հասարակության ոգեւորված ու հուզումնալից վիճակները, այլեւ առաջին հերթին եւ ամենից առաջ տնտեսությունն ու դրա զարգացման միտումները: Կարծում ենք, որ հենց այդ պատճառով մեր ժողովուրդն այսօր կանգնած է կողմնորոշվելու եւ վճռական ընտրություն կատարելու անհրաժեշտության առջեւ: Ընդ որում` խիստ կարեւոր է, որ կատարվի ռացիոնալ ընտրություն` հստակ հասկանալով այն, ինչ տեղի է ունենում այժմ: Գիտակցելով այն խնդիրների ողջ ծավալը, որ ծառացած է մեր առջեւ, միաժամանակ չմոռանալ պարզել, թե ինչ սպառնալիքներ է պարունակում իրավիճակը: Անչափ կարեւոր է, որ դուրս գանք լրագրողական հարթությունից ու վեր բարձրանանք դրանում առկա «գրավիչ» սենսացիաների մակարդակից, կարողանանք գիտակցաբար ընտրել ու ձեւակերպել մեր զարգացման ռազմավարությունը: Հենց այդ ռազմավարությունը պետք է լինի պատասխանը Պատմության այն հարցերի, որոնք այսօր ծառացած են մեր առջեւ: Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը փակուղու առջեւ է հայտնվել: Հինն ամբողջովին մերժելու, քանդելու, սակայն տեղը բացի քարոզչական խոսքերից ըստ էության ոչինչ չդնելու արդյունքում խաթարվել են տնտեսվարման իրական առաջընթացն ու ռիթմիկ համաչափությունը: Առաջընթացի գաղափարը եւ կապիտալիզմ անվանված տնտեսվարման ձեւը պայամանավորել է ամբողջ մարդկության զարգացումը վերջին հարյուրամյակների ընթացքում: Վերանկախացումից հետո մենք էլ որդեգրեցինք տնտեսության կազմակերպման ազգային-պետական այդ համակարգը: Ժողովրդավարության գաղափարն ու գիտատեխնիկական առաջընթացը եւ դրա հետեւում կանգնած մարդկության բարոյական ու գաղափարախոսական կազմակերպումը մեզ համար էլ դարձան Նոր աշխարհի պատմությունը կերտելու ուղենիշներ, սակայն համատարած ալան-թալանի ձեւով մեր «մեկնաբանության» արդյունքում այդ համայնապատկերն այսօր մեր տնտեսությունն ու բարոյահոգեբանական կերտվածքը հասցրել են անդունդի եզրին: Գործող այդ «տնտեսաձեւի» չկանգնեցնելու կամ գոնե չդանդաղեցնելու պարագայում գոյություն ունեցող համակարգի վերջավորության գաղափարն օր-օրի իրական գույներ է ձեռք բերում եւ դառնում ավելի իրատեսական կանխատեսում: Դրանից խուսափելու համար առաջնահերթ խնդիր է դարձել զգացմունքային դաշտից անմիջապես դուրս գալը եւ իրական ու իրատեսական դաշտ վերադառնալը, նախկիններին միանշանակ մերժելուն զուգընթաց` հանուն ընդհանուրի բարօրության, նրանց մտավոր եւ ֆինանսական պոտենցիալը խելացիորեն օգտագործել կարողանալը, հատկապես անվտանգության հարցերում ավելի զուսպ ու հաշվենկատ դառնալը, հասարակությանն արհեստական գունաբաժանումից ու վիրտուալ-իրական դաշտերում ստեղծված թշնամանքից ձերբազատվելը եւ այլն: Պետք է մեզ հաշիվ տանք վերջապես, որ գեղեցիկ բառերի եւ մարդկային քաղաքակրթության զարգացման մասին բազում հայեցակարգերի հետեւում թաքնված է այն բանի իրական ընկալման ու գիտակցման պատասխանատվությունը, թե որտեղ ենք մենք հայտնվել ու ինչ է մեզ հետ կատարվում: Հարկավոր է, որ բոլորս հստակ գիտակցենք. աշխարհը փլուզվում է այն ժամանակ, երբ պատճառները խառնվում են հետեւանքներին. սեւը` սպիտակին, արժեքները` ունայնությանը: Կորոնավիրուսային մթնոլորտի եւ ամենուրեք օդում կախված անորոշության տագնապի ակնհայտ ազդեցությունից այս հոդվածը մուգագույն ստացվեց, սակայն եթե լուրջ մոտենանք հիմնախնդիրներին, ապա իսկապես անհրաժեշտ է, որ բոլորս սթափվենք, ինքնակազմակերպվենք, համախմբվենք ու բռուցքվենք: Իսկ, ինչպես վկայում է մեր հազարավոր տարիների պատմությունը, այդ դեպքում մեզ համար սարսափելի չեն ո՛չ մարդակերպ թշնամիները եւ ոչ էլ որեւէ վիրուս: Հուսանք, որ հաջորդ անգամ ավելի պայծառ ասելիք կունենանք: 10-18.03.2020 |