RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2020-03-20 > #013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-05-2020



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2020-05-07 22:24:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2056, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՎԱՐԺԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու

Սերգեյ Գալստյան: Վեց տասնամյակների ընթացքում, տակավին ուսանողական տարիներից ցայսօրՙ մտավորական, մշակութային գործիչ, արվեստաբան, որն իր արժեքավոր ներդրումն ունի հայ արդի մշակույթի զարգացման գործում: Սովորելով Երեւանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում, նա արդեն ուսանողական տարիներից մեծ սիրով ու հետաքրքրությամբ զբաղվել է կինոարվեստով. մասնագիտորեն ուսումնասիրել է դրա համաշխարհային պատմությունը, տեսությունը, կարդացել մի շարք զեկուցումներ: Համալսարանն ավարտելուց, 1967 թ.-ից եռանդուն կերպով աշխատել է Հայաստանի կինոարվեստի ասպարեզում, եղել է փաստա-վավերագրական ֆիլմերի կինոստուդիայի խմբագիր, տասնվեց տարի հեռուստատեսությամբ վարել է «Վավերագրական կինոյի ժամ» իր հեղինակային հաղորդաշարը, դարձել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ: Նրա քսանվեց հեղինակային գրքերը նվիրված են հայ կինոյի արժանահիշատակ երեւույթներին: Դրանց շարքում են. մեծապես հիշարժան հայկական անիմացիոն կինոյի պատմությանը վերաբերող «Կախարդական գորգը» (2008 թ.), հայկական վավերագրական կինոյի պատմությանըՙ «Ժամանակը եւ փաստը» (երկու հատորով, 2013 թ., 2014 թ.) եւ այլք: Իսկ ա՛յդ ասպարեզին նվիրված բազմաքանակ հոդվածները, մենագրությունները, որոնք բարձր մասնագիտական վերլուծությամբ անդրադարձել են հայ կինեմատոգրաֆիայի զարգացման միտումներին, խնդիրներինՙ տպագրվել են «Գրական թերթ», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում, նաեւ «Գարուն», «Նոր դար», «Литературная Армения», «Առագաստ» ամսագրերում: Հայաստանի մամուլը պարբերաբար նույնպես անդրադարձել է նրա ստեղծագործությանը, նշելով դրա կարեւորությունը: Սերգեյ Գալստյանի մասին Սփյուռքի առաջատար օրաթերթերից մեկումՙ «Ազդակ»-ում տպագրվել է տողերիս հեղինակի հոդվածներից մեկը (09.11.2007 թ., Բեյրութ): Նշելի է գնահատանքի արժանի այն իրողությունը, որ Սերգեյ Գալստյանը իր հոդվածներով ու գրքերով անդրադարձել է հայ կինեմատոգրաֆիայի ոլորտի մեծանուն ներկայացուցիչներին, յուրովի մասնագիտական վերլուծությամբ եւ խոր մարդկային մեկնաբանմամբ ներկայացնելով նրանց ընդհանրական կերպարները: Այդպիսիների շարքում են անվանի կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանը, Ռուբեն Գեւորգյանցը, Ռոբերտ Սահակյանցը, Ներսես Հովհաննիսյանը: Բացի այդ, նա հեղինակ է յոթ վավերագրական ֆիլմերի գրական սցենարների:

Խոսելով կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանի մասին, անհրաժեշտ է ներկայացնել նրան նաեւ որպես մեր գրական անդաստանի, Հայաստանի Գրողների միության կողմից ճանաչված, գնահատված անձ: Տասնյակ տարիներ նա աշխատել է ՀԳՄ-ում նախ որպես նախագահի խորհրդական, ապաՙ գեղարվեստական գրականության պրոպագանդայի բաժնի տնօրեն: Եղել է նաեւ Հայաստանի Թեքեյան մշակութային միության քարտուղար, քաջալերելով դրա գրական ոլորտի գործունեությունը:

Սերգեյ Գալստյանը օժտված լինելով նաեւ գրական-ստեղծագործական ձիրքով, հեղինակ է պատմվածքների, վիպակների, որոնք նույնպես անտարբեր չեն թողնում իրենց ընթերցողներին:

Կենսագրական բազո՜ւմ փաստեր... Սակայն լոկ փաստեր չեն դրանք: Դրանցից յուրաքանչյուրի հիմքում եւ յուրաքանչյուրի ետեւումՙ մի ինքնատիպ, հարուստ հոգեմտային ներաշխարհով, եռանդուն ինքնանվիրվածությամբ ազգային մշակույթի հանդեպ օժտված մարդու կերպարն է:

Սերգեյ Գալստյան: Լրացավ նրա 80-ամյակը: Շատ է, թե՞ քիչ... Շատՙ համադրելով, «հաշվարկելով» իր մեծածավալ արածը, քիչ էՙ հաշվի առնելով այն անելիքները, որ ունի ծրագրավորած մտավորական, կինոգետ, գրող Սերգեյ Գալստյանը: Նա ինքնատիպ է իր գործունեության բոլոր ասպարեզներում: Նրաՙ կինոգետի մասին ճշգրիտ բնորոշումը տվել է կինոգետ Հրանտ Հակոբյանը . «Սերգեյ Գալստյանի կողմից նախ եւ առաջ արժեւորվում է մարդը, ստեղծագործողը եւ նրա հոգու տվայտանքները: Կինոգետի ու նաեւ հոգեբանի անաչառ ու սթափ մոտեցումով նա ի ցույց է դնում հարյուրավոր ռեժիսորների նկարահանած ֆիլմեր, երբեք չշփոթելով նրանց ստեղծագործական ձեռագրերը: Սերգեյ Գալստյանը հայ կինոարվեստի գործիչներին նվիրված հսկայական աշխատանք է կատարել, մասնավորապես նաեւ ազգային կինոյի կենսագրությունը մոռացումից փրկելու եւ հետագա սերունդներին փոխանցելու հեռատես ու սրտացավ մարդկային մոտեցմամբ»:

Սերգեյ Գալստյանը մշտապես երախտիքով է հիշում իր կյանքի կարեւորագույն այն եղելությունը, որի շնորհիվ բազում անձնական շփումներ է ունեցել տարբեր ասպարեզների մեծ արվեստագետների հետ, ինչը անուրանալի նշանակություն է ունեցել իր ե՛ւ հոգեկան, ե՛ւ ստեղծագործական կյանքում: Սերգեյ Փարաջանով, Արմեն Ջիգարխանյան, Ֆրունզե Դովլաթյան, Հենրիկ Մալյան, Խորեն Աբրահամյան, Մինաս Ավետիսյան, Պերճ Զեյթունյցան, Աղասի Այվազյան, Մուշեղ Գալշոյան, Վարդգես Պետրոսյան, նաեւ ԽՍՀՄ-ի ու արտերկրի այլազգի անվանի արվեստագետներ: Ամենքի սրտի խոսքը եւ մասնագիտական բարձր գնահատանքը սրբությամբ է պեղել, հավաքել եւ հիշատակել իր ժողովածուներում:

Սերգեյ Գալստյանի ամբողջ կյանքըՙ իր տարբեր էական ոլորտներովՙ գործնական, ստեղծագործական, անձնականՙ հոգեմտային հարուստ ենթաշերտերով հարստացրել է նաեւ իր գրական սեռի երկերը: Դրանցից առանձնանում է վերջերս լույս տեսած «Մաեստրո» գիրքը: Պատումի գլխավոր հերոսը նկարիչ Նաղաշ Գնունին է, որի էության հիմքում զետեղված են մեր կերպարվեստի մեծանուն ներկայացուցիչներիՙ Երվանդ Քոչարի եւ Էդվարդ Իսաբեկյանի մարդկային եւ ստեղծագործական կերպարների ելեւջէները: Ինչպես խորաթափանցորեն գրել է Ֆելիքս Բախչինյանը («Ազգ», 06.09.2019). «Սերգեյ Գալստյանը գիտակցում էր նրանց հմայքի գաղտնիքը, ովքեր սեփական ստեղծագորություններով ապացուցում էին կյանքի կապվածությունը արարչագործ նախասկզբի հետ, եւ ոչ միայն... ազգայինը հիմնավորում էին հենց այդ սկզբի մեջ, առաջ նայում ազգային իրենց դիտակետից»:

Ընդհանրապես, Սերգեյ Գալստյան մարդ-արարածին բնորոշ է Տիեզերքին, Արարչին, մեր մարդկային նախասկզբին ուղղված ներքին հայացքը: Դա նուրբ երանգներով, յուրահատկորեն արտահայտվել է նաեւ ժամանակին տպագրված իր «Օվսաննա, օրհնություն առ Աստված» սիրավեպում: Հիշարժան է, որ հեղինակը իր գլխավոր «հերոսներից» մեկինՙ Հրեշտակի ձայնին չի՛ տվել նեղ-հոգեւորական, կրոնական իմաստավորում: Այլ մեկնել է այն որպես մարդկային հոգեվիճակների (հատկապես սիրո ոլորտում) հոգեբանական յուրովի լուծում: Շեշտելով իր մարդկային, անձնական հավատքը արարչաստեղծ Տիեզերքի եւ դրա հավերժականության հանդեպ, իր գրածի իմաստով Սերգեյ Գալստյանը շեշտում է, որ երբ սիրո թեւերից մեկըՙ Հույսը մի օր ընկնում-մեռնում է, ապա թեւ է առնում նորը, այն, որը կոչվում է թեկուզ կորուսյալ, բայց եւ հավերժ սիրո երգ: Այն, որի անունը առ Աստված ձոնված Օվսաննա է...

Եվ այսպես. մեր անվանի մտավորական Սերգեյ Գալստյանի ծննդյան 80-ամյակն է: Քսան տարի առաջ, իր 60-ամյա հոբելյանի առթիվ լույս աշխարհ եկավ նրա «Հայելի» գիրքը: Բացառիկ հետաքրքրական, աննախադեպորեն ինքնավերլուծական ու համամարդկայնորեն հոգեբանական վերազննումներով է ստեղծված այն: Հեղինակը ինքնակենսագրականորեն բաժանում է իր կյանքը վեց տասնամյակների, նկարագրելով, պատմելով, բնորոշելով դրանցից ամեն մեկը (սկսած իր պապենական հողից, պատմական փաստերից), թեպետ ինքնակենսագրական, սակայն հոգեբանական, հոգեմտային, կենսափիլիսոփայական իմաստավերլուծական ոճով:

«Հիսուն տարին չոքեց դռանս»ՙ նման խոսքով Հայելին բացում է Սերգեյի առջեւ նրա կյանքի նոր էջը: Հայելինՙ նրա գլխավոր «հերոսն» է:

Իսկ հիմա նրա հոգու, նրա կյանքի Հայելին ասում է. ութսուն տարին չոքեց դռանդ:

Եվ մենք շնորհավորում ենք ութսուն տարվա մուտքը նրա կյանքի մեջ, մաղթելով, որ նրա կյանքի բազմահնչեղ Երգը, որի անունը առ Աստված ձոնված Օվսաննա է, որը մշտապես կհնչի մեր իրականության մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ