RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2020-03-20 > #013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-05-2020



Տեղադրվել է` 2020-05-07 22:24:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2151, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 0

2020-Ի ԴԻՄՈՐԴՆԵՐԸՙ «ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ»

ՆԱԻՐ ՅԱՆ

2020 թվականի շրջանավարտների բախտը չբերեցՙ ոչ «Վերջին զանգ», ոչ ավարտական հանդիսություններ ու երեկույթ. 12 տարի սովորելուց հետո մի կարգին հրաժեշտ էլ չկարողացան տալ դպրոցին: Թվում էՙ դիմորդների բախտը բերեցՙ ընդամենը մեկ քննություն, սակայն ժամանակից շուտ ուրախանալ ու ոգեւորվել պետք չէ:

Մինչեւ հիմա բոլոր բուհերում հայոց լեզուն պարտադիր քննական առարկա էր: Անվիճելի է, որ հայոց լեզվի «Շտեմարանները» ոչ թե գիտելիք ու իմացության մակարդակ են ստուգում, այլ կարող են խճճել ու մոլորեցնել անգամ հայոց լեզվի ու հայ գրականության լավագույն մասնագետին, էլ ուր մնացՙ դիմորդին: Հիմնավորված բողոքներն ու քննադատություններն օգուտ չտվեցին, եւ ծնողները հայոց լեզվի «Շտեմարանների» անգութ գոյության հետ հաշտվածՙ իրենց դիմորդ-երեխաներին սեպտեմբերից ուղարկեցին կրկնուսույցների մոտ: Իսկ կրկնուսույցները կփաստեն, որ մինչեւ դիմորդին վարժեցնելըՙ նախ մեկ-երկու տարի իրենք իրենց են վարժեցրել: «Շտեմարանները» ծուղակ են, որոգայթ. հայրենագիտությունը պաշտողին երկու րոպե է հարկավոր, որ այդ ձեռնարկները բաց անի ու ատի հայոց լեզուն էլ, հայ գրականությունն էլ: Ինչեւէ, մեկ ամբողջ տարի դմորդները կրկնուսույցների վարժեցնելու հմտությունների շնորհիվ սերտեցին հայոց լեզվի չարաբաստիկ «Շտեմարանը»: Ինչքան էլ քննադատենք, պետք է խոստովանենք, որ այն գոնե գրագիտության մակարդակի մասին պատկերացում տալիս է: Ծնողները քննական ամենաթանկ առարկայի գումարը փաստացի ջուրը լցրեցին, որովհետեւ հայոց լեզուն պարտադիր առարկա էր բոլորի համար, իսկ հիմա մատների վրա կարելի է հաշվել այն ֆակուլտետները, որոնցում հայոց լեզուն այս տարի քննական է: Մինչդեռ բուհերի ընդունելության թիվ մեկ նախադրյալը պետք է գրագիտության չափանիշը լինի: Լեզվաբանական, հումանիտար մասնագիտություններում անգլերենն է քննական առարկա, իսկ գաղտնիք չէ, որ այսօր երիտասարդներն ավելի լավ անգլերեն գիտեն, քան հայերեն: Ուրեմն եւ սպասելի է, որ այդ ֆակուլտետներում թեժ մրցույթ կլինի, մանավանդ որ հայոց լեզվի քննություն չի լինելու, որով հնարավոր կլիներ մրցույթը կանոնակարգել ու համաչափության սահմաններ գծել: Հավանականությունը մեծ է, որ հատկապես անգլերեն քննության դեպքում անցողիկ կլինեն միայն շատ բարձր միավորները: Այստեղ կարող էր պատկերը փոխել հայոց լեզուն. նախՙ դիմորդի գրագիտության, մայրենիի իմացության վերաբերյալ պատկերացում կտար, երկրորդՙ մրցակցության օբյեկտիվությանը կնպաստեր:

Երբ երկու-երեք քննություններից դիմորդը միայն մեկն է հանձնում, ռիսկերը մեծանում են, ոչ օբյեկտիվ մրցակցության վտանգն անխուսափելի է դառնում: Երկու-երեք քննություն հանձնելու դեպքում ցածր գնահատականը մյուս քննության բարձր գնահատականով կարելի է հավասարակշռել, իսկ մեկ քննությունը դիմորդի պատրաստվածությունը, գիտելիքների մակարդակի մասին պատկերացումը մերկապարանոց է դարձնում: Համավարակի տարածումը կանխելու նպատակով է ԿԳՄՍ նախարարությունը որոշել մեկ քննություն անցկացնել: Ի վերջո, մեկ օրվա տարբերությամբ կարելի էր նույն կերպ երկրորդ քննությունն անցկացնել: Աստված մի արասցե, վարակակիրը մեկ քննության ժամանակ էլ վարակը կտարածի: Բայց գոնե այս տարվա դիմորդների ճակատագիրը խաղուպարի չէր վերածվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 08-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ