1945-Ի ՄԱՅԻՍԻ 9-Ը ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ 1943 թվականի ամռանն էր, թե՞ աշնանը, չեմ հիշում, Էջմիածնում, իմ մանկապարտեզին կից տարածքում նկարահանվում էր «Դավիթ Բեկ» կիոնկարը: Անշուշտ այդ օրերին ես չէի հասկանում, որ ականատես եմ պատմական ու աննախադեպ մի իրողության, ինչը հերոսական մի երեւույթ էր, քանի որ Գերմանիան «ջարդում էր կովկասյան հանրապետությունների դռները», հաց չկար, ֆաշիստի դեմ կռվելու փամփուշտ չկար, իսկ Հայաստանում ֆիլմ էին նկարահանում: Անշուշտ, հետո էի իմանալու նաեւ, որ հենց այդ օրհասական պահին իմ երկրում Գիտությունների Ակադեմիա էր ստեղծվում եւ... Ի՞նչ երաշխիք, որ ֆիլմն ավարտին կհասնի, ի՞նչ երաշխիք, որ այն դիտող կունենա, հարցեր էին, որոնք կախված էին օդում: Եսՙ վեցամյա տղեկս, այս հարցերի պատասխանը ստանալու էի 1963 թվականին, երբ «Արարատը» դարձավ ՍՍՀՄ ֆուտբոլի ախոյան: Բնավ չեմ հիշում, թե ո՞վ ասաց, որտե՞ղ ասաց, ե՞րբ ասաց, թե «վերջապես 12 հայ, մեկ դարպասի վրա են կրակում», եւ կար հաղթանակի հավատ, հաղթանակի ոգի: Ուրեմն ոգին զենքից ուժեղ է... 1941 թվականի ամռանից օրերը դաժան էին, երկրում տղամարդ չկար, Էջմիածինը լիքն էր զորքով, Վեհարանի բակը վրաններով, տանկերով եւ հրետանու սայլակներին լծված ձիերով: Ճեմարանի միջանցքներում անգամ մահճակալներին տեղ չկար, իսկ սրահում մի փոքր հարթակ էր սարքված, որի վրա վիրավոր զինվորների համար երգում ու պարում էր Արեւ Բաղդասարյանը: Կինոժապավենի նման անցնում են կադրերը, որոնք այդ օրերին առտնին էին, ի՞նչ իմանայի, որ դառնալու են պատմական: Լուսաքողարկման պայմաններում, երբ լույսի մի շերտ երեւալու դեպքում խիստ պատժելի էր, մեր տանը հավաքված էին դերասաններ Դավիթ Մալյանը, Հրաչյա Ներսեսյանը, Վաղինակ Մարգունին, ռադիոխոսնակՙ Վարդգես Անդրեասյանը եւ այլք, որոնք մեծ մորիցս «Կիլիկիա» երգն էին սովորում, ինչպես նաեւ բեմադրության պատրաստվող «Վարազդատ» պիեսում երգվելիք «Բամբ որոտանը»: Ե՞րբ հասկացա, որ այդ օրհասական պայմաններում, Էջմիածնում բեմադրվող «Վարազդատը», «Դավիթ Բեկը» ավելի անհրաժեշտ էին, քան մեկ կտոր հացը, չգիտեմ: Թշնամին դուռդ էր կոտրում, իսկ քո թատրոնը ամեն երեկո լիքն էր հանդիսականով: Անբացատրելի, անհասկանալի, նույնիսկ անտրամաբանական էր թվում այս բոլորը, բայց իրականությունը հաղթել էր «անտրամաբանությանը»: Չեմ կարող չհիշել Հաղթանակի օրըՙ Մայիսի 9-ը, մի պայծառ արեւոտ օր էր, ծնողներիս հետ դուրս եկանք մեծ հորս տուն գնալուՙ Տերյանից Շիլաչի: Փողոցները լիքն էին մարդկանցով, հիմնականում կոկ հագած, բոլորն իրար շնորհավորում էին, ուրախությունն ու լացը միասին էին: Այգում, որն այսօր Երեւանի 2750-ամյակի անունն է կրում, նստարանին նստած էր նավաստու համազգեստով մի այր, երեւում էր, որ հայ չէ, գլխարկի ծպիկներից մեկը կախված էր դեպի պարանոցը, նա լուռ էր, գլուխը ձեռքերի մեջ առած: Կարծելով, թե նա վատ է զգում, մենք մոտեցանք, հայրս նստեց նրա կողքին: Նավաստին անհաղորդ էր ու հորս ի՞նչ է պատահել հարցին, հազիվ լսելի ձայնով ասել էր, ինձ հանգիստ թողեք ( ): Անցել է 75 տարի, բայց միայնակ նստած, գլուխը ափերի մեջ առած նավաստուն մինչ օրս չեմ կարողանում մոռանալ: Ես երջանիկ օրեր ունեցել եմ, բայց 1945 թվականի մայիսի 9-ը մնացել է անգերազանց: |