ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ «Վալդայ» ակումբում ելույթ ունեցող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան պատասխանեց Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերից մեկին գերադասություն տալու հարցին: Նա նշել է, որ ՌԴ-ն գործընկերային հարաբերություններ ունի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ: Տեղի ունեցողը նա ողբերգություն անվանեց: Ըստ նրաՙ տարբեր ընդհանրություններ կան երկու երկրների հետ էլ. Հայաստանի հետ դարավոր կապերն ու քրիստոնեությունն են մերձեցնում, Ադրբեջանի հետՙ Ռուսաստանի բնակչության տասնհինգ տոկոսի իսլամին դավանող հատվածն ու բազմաթիվ այլ կապեր: Հակամարտությունը որակելով էթնիկականՙ Պուտինը հիշեց Սումգաիթում ու Ղարաբաղում ադրբեջանցիների կատարած դաժան հանցագործությունները հայերի նկատմամբ: Միաժամանակ նա նշեց, որ հակամարտությունն անվերջ չի կարող շարունակվել: Այսօր ամենավատ տարբերակով է հակամարտությունը շարունակվումՙ երկու կողմից էլ երկու հազարից ավելի զոհվածներ կան, զոհվածների ընդհանուր թիվը հասնում է հինգ հազարի, եւ Ռուսաստանը բոլոր մյուսներից ավելի է հետաքրքրված կոմպրոմիսի ձեռքբերմամբ եւ ռազմական գործողությունների դադարեցմամբ: |