ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հոկտեմբերի 21-ին, երբ մենք լուրերի էինք սպասում մեր արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան հանդիպումից, որը ենթադրաբար պետք է նախապատրաստեր Փաշինյան-Ալիեւ հանդիպում ու բանակցային ինչ-որ շփում, թուրքադրբեջանական տանդեմի պատճառով այդպես էլ չհաստատված զինադադարի եւ ընթացող թեժ մարտերի պայմաններում, երկրի վարչապետը սոցիալական ցանցի իր էջից փաստորեն ազդարարեց, որ «Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում եւ այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի», ու դիվանագիտական լուծում գտնելու ջանքերն այս իրավիճակում պետք է համարենք ավարտված: «Այն ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում», ասաց վարչապետ Փաշինյանը ՙ Ռուսաստանից սպասումների մասին էլ նշելով, թե Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը, սրանից հետո էլ կանի առավելագույնը, դրան նա չի կասկածում: Եւ. «Մեր անելիքը պայքարելն է, կանգնել կռվող հերոսների կողքին , առանց Արցախի չկա Հայաստան»: Նա կոչ արեց բոլորին տեղերում կամավորական ջոկատներ ձեւավորել, զենք վերցնել, մեկնել ռազմաճակատ եւ կռվելՙ մինչեւ հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որեւէ տարբերակի եւ վերջնական լուծման: Հաջորդ օրերին սկսվեց նոր թափով կամավորական ջոկատների ձեւավորում-մեկնումը ռազմաճակատային գիծ: Ըստ վարչապետի խոսքիՙ թշնամին վերջին ռեսուրսներն է արդեն ռազմադաշտ նետել, իսկ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում, քանի որ վախենում է 2 բանից. առաջինըՙ մեկ տասնյակ հազարի հասնող դիակներ, որոնք պիտի իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան, ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի կորուստներՙ միլիարդուկեսի հասնող, երկրորդՙ կբացահայտվեն վարձկանների դիակներ, եւ երրորդՙ կբացահայտվեն նաեւ թուրքական զորքերի զինվորների դիակներ: Բանակցություններ, այդպիսով, առայժմ չենք վարում, թեեւ հետո վարչապետի խոսնակի հայտարարությամբ, այնուամենայնիվ, ուղղում եղավ, թե Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, բայց որ Ադրբեջանը հարցի լուծման հիմնական գործոնը համարում է ռազմական ուժը եւ շարունակաբար խախտում է հրադադարի մասին պայմանավորվածություններըՙ հայ ժողովուրդն էլ պետք է կոնսոլիդացնի իր պաշտպանական ներուժըՙ դիվանագիտական ճակատում իր ասելիքը պաշտպանելու հնարավորություն ունենալու համար: Մի խոսքովՙ կռվում ենք, հայ հերոսները մարտի դաշտում հրաշքներ են գործում, զոհվում հաճախ, բայց չեն զիջում իրենց բաժին պատերազմը: Մեր հանրային կյանքը վերածվել է ականջի ու սրտի, որոնք միայն ընկալում են լուրերը ռազմաճակատից եւ ցավը զոհվածնեի եւ վիրավորների համար: Կռվում ընկած եւ վիրավորված մեր տղաների վերաբերյալ ցավալի լուրերն արդեն առարկայորեն առնչվում են բոլորիս, այդ ցավի իրական խորությունը կընկալենք հետո, երբ ցանկալի խաղաղություն լինի, որի վերաբերյալ տարբեր գնահատումներ կան: Ըստ դրանց մի մասիՙ խաղաղությանը ժամեր է մնացել, ըստ այլ կանխատեսումներիՙ պատերազմը երկար կտեւի եւ կծավալվի: Միեւնույն ժամանակ փաստենք, որ չնայած երկրի վարչապետի, նախագահիՙ հարցազրույցների, գրառումների տեսքով եւ այլ ձեւաչափերով տարածվող տեղեկատվության պակաս կարծես թե չկա, սակայն մարդկանց մեծ մասի համար անսպասելի էր բանակցությունների ընդհատումը: Ընդհանուր առմամբՙ այս պահին ճակատում տեղի ունեցողի եւ դրա քաղաքական արտացոլման վերաբերյալ իրազեկումը բավարար չէ, որպեսի ռազմաճակատում հարազատներ ունեցող, արտերկրում ու հայրենիքում ռազմաճակատին օգնելու համար մեծ ջանքեր գործադրող մարդիկ հասկանանՙ ինչ է կատարվում տեղական ու գլոբալ մակարդակով, ավելի լավ պատկերացնեն անելիքը: Երկար ժամանակ գրել ենք, որ պետք է հետ տանել բանակցային գործընթացի վրայի քողն ու արդեն հայերին տեղեկացնելՙ ով, երբ, ինչ տարբերակների շուրջ է բանակցել, ինչ եւ ինչպես եղավ, որ բացի պատերազմիցՙ այս պահին այլ ելք չկա: Ժողովրդից թաքցնելու բան այլեւս պետք չէ ունենալ, նա սեղանին է դրել ամենաթանկըՙ կյանքը: Շատերն են սկսել հասկանալ Հիմա արդեն շատանում են տեղական եւ արտերկրի տեսակետները, որ իրականում ոչ թե միայն հայ-թուրքական առճակատում է այս պահինՙ Արցախի առիթով, այլ տեղի է ունենում տարաշրջանային գլոբալ խաղ, ու այդ խաղի տրամաբանությունն այն է, որ Ռուսաստանի ողջ սահմանային երկայնքով ներկա ՆԱՏՕ -ի անդամ երկրների լուռ ու նույնիսկ երբեմն գործուն աջակցությամբՙ Ռուսաստանին փորձում են վռնդել տարածաշրջանից: Մեր շուրջն առկա երկրներից Վրաստանը եւս ավելի լայնորեն է կրում ՆԱՏՕ-ի ազդեցությունը, ու չնայած այն բանին, որ արդեն ահաբեկիչները հասել են այս երկիր, մեկ օր առաջ վրացական բանկում տեղի ունեցած ահաբեկչոււթյունը ձեզ օրինակ, այս երկրում դեռ չեն կարողանում ըմբռնել, թե ինչ կարող է կատարվել իրենց հետՙՆԱՏՕ-ական Թուրքիայի կայսերական նկրտումների դույզն ինչ իրականացման դեպքում: Սակայն ամենավտանգվածն, իհարկե, մենք ենքՙ ողջ այդ սոդոմ-գոմորի մեջ, երբ մեկ-մեկ թվում է ՙ նոր համաշխարհային պատերազմից հինգ րոպե է պակաս, ու հերթական անգամ հայերս հայտնվելու ենք աշխարհի հզորների դիմակայության որքի տակ: Ռուսները դեռ քննարկում ենՙ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակներըՙ դեսանտի իջեցումից մինչեւ կործանիչների ուղարկում ռազմական իրադարձությունների գրտի: Նրանք, այո, մտածելու բան ունեն, քանի որ կհաջորդի Իրանի, Չինաստանի մասնակցությունը, իսկ տեղի ունեցողը, ըստ որոշ վերլուծությունների, նաեւ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի միասնական գործելը բացառելու համար է: ԱՄՆ-ը ձայն չի հանում, բայց Եվրոպան մուսուլմաններով լցրած Թուրքիայի դաշնակիցն է, իսկ Թուրքիան ուզած պահի ահաբեկիչներով կարող է լցոնելել ուզած երկիր: Սա ես պատմում եմ լրագրողի հասարակ բառերով, բայց կային դիվանագետներ, որոնք, այնուամենայնիվ, դիվանագիտական լեզվով զգուշացնում էին այս բոլորից: Ռուս հանրային գործիչ Սերգեյ Կոռնոուխովը , որը նույնպես խոսում է այս մասին, գլոբալ խաղի հիմնական խաղացողներին այսպես է տեսնում, մեծ Բրիտանիա, որն այժմ չերեւակվելով, իր նավթագազային շահերին տրվածՙ կանգնած է թուրքերի թիկունքում, Իսրայել, Քաթար եւ Մերձավոր Արեւելքի մի շարք այլ պետություններ, որոնք ներքաշված են գազային խնդիրներն իրենց օգտին լուծելու գործում, Թուրքիա, որը վերածվում է տարածաշրջանային հրեշի: Այս բոլորը, ըստ Կոռնոուխովի, հիշեցնում է անցած դարի երեսնականների սկզբին Եվրոպայում կատարվողը, որը հետո վերածվեց գլոբալ մարդկային ողբերգության: Նույն կերպ այժմ նկատելի են գլոբալ Թուրան եւ այդ գործին ծառայող միասնական մեծ զորք ստեղծելու Էրդողանի ամբիցիաները: ԱՄՆ-իՙ Իրանին խփելու ծրագրերը չեն անհետացել, Թուրքիան կուզենար Արցախը վերցնել, այնտեղ այդ դեպքում ռազմաբազա կունենար նաեւ ԱՄՆ-ը, ըստ Կոռնոոուխովի մտորումների, որ զգուշացնում է Ռուսաստանի շուրջ սեղմվող գորտու մասին, դրա մի դրսեւորումը Արցախի սահմանների մոտ այժմ տեղի ունեցողը համարելով: Նա այդ համատեքստում ավելի առաջ է գնումՙ Լեհաստանն ուզում է Ուկրաինայից հսկա տարածքներ կծել, անգամ Բելոռուսից, Գերմանիան խեթ է նայում երբեմնի Արեւելյան Պրուսիա Կալինինգրադին: Իսկ Ռուսաստանի շուրջ լարվածությունը նա մեխանիկորեն տարածում է նրա դաշնակից Հայաստանի վրա: Այնպես որ Ղարաբաղը այս մեծ գլոբալ խաղում շատերին խանգարող փոքրիկ սեպ է, ու երբ այդ գլոբալ հայացքով նայենքՙ ռազմական իրադարձությունների բոլորովին այլ քարտեզ կտեսնենք: Ըստ նրաՙ Արցախի անկախության ճանաչման մեխանիզմն այս պահին չի աշխատի, հարկավոր է արագորեն հանրաքվե կազմակերպել Արցախում եւ միանալ Հայաստանին: Ռուսաստանն այս դեպքում ավելի լավ կիմանա անելիքը, մանավանդ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե Բաքուն պաշտոնապես նման խնդրանքով դիմի: Հետաքրքրական է, որ մի հարցազրույցում երեկ Արցախի հանրաքվեին վերստին դեմ է արտահայտվել Ալիեւը : Մենք ո՞ նց կարող էինք քնել Հիմա որ հետ եմ նայում, թե ինչով էր զբաղված հայ հանրությունը մինչեւ սեպտեմբերի 27-ը, եւ անգամ 27-ից հետո մի քանի օր ավտոպիլոտովՙ շվարում եմ, պապանձվում եմ. խոսքեր չեմ գտնում բնորոշելու:Ոնց որ մեկը հայերիս աչքերն ու ականջներն այնպես փակած լիներ, այնպես զբաղեցներ մեզ իրար միս կրծելու անագորույն օրակարգով, որ ոչինչ չտեսնեինք ու չլսեինք, չհասկանայինք մեզ սպառնացող իրական վտանգը, մեր հիմար, անիմաստ, գզվռտոց օրակարգից չբարձրացնեինք մեր գլուխը ու չտեսնեինք մոտեցող փոթորիկը: Հայեր ջան, ինչու էինք այդպես վարվում: Ինչու հիմա էլ չենք սաստում պարտվողականություն ու խուճապ տարածողներին; Ինչու հանկարծ հիմա արթնացանքՙ որ աշխարհի չափահաս ու աշխատունակ հայերից ամեն մեկը եթե 50 դոլար ամսական, շեշտում եմ, ամսական ուղարկեր Հայաստանի ու բանակի կարիքներինՙ դա ուղարկողի համար նկատելի գումար չէր լինի, իսկ մենք պարզապես հիմա հզոր պետություն կլինեինք: Ինչու էինք մեր ուղեղը ծալել, մի կողմ դրել, ինչու ենք միշտ գործի դնում հայի հետին խելքը, ինչու երբեք ծառերի հետեւի անտառը չենք տեսնում: Առանձին-առանձին ոոոոնց գիտենք ու ոնց ենք առիթի դեպքում պատմում հրեաների փորձըՙ նրանք տասնամյակներով արդեն, ուր էլ լինեն աշխարհում, իրենց փոքրիկ պետությանը պարտադիր մասհանում ունեն, ազգային տուրք, այդ պետությունն էլ, որտեղ էլ լինի հրեան, փորձանքի ու կարիքի առաջ միայնակ չի թողնում հրեային: Ինչ էր պետքՙ նույնն անելու համար, բացի խելքից: Լավ էՙ գոնե հիմա ենք միացնում ուղեղներս: Կամ հիշում եքՙ սովորական հայ մարդը ինչով էր զբաղվածՙ սեպտեմբերի 27-ից առաջՙ նա ապրում էր արեւի, բարեկեցության ու փող աշխատելու հոգսերովՙ մտքի ծայրով անգամ չանցկացնելով թշնամու մոտիկ լինելը: Ամեն ինչ տեսած հայերիս համար, փաստորեն, երբեք փորձառությունը չի վերածվում զգուշության, այն զգուշությունը, որը հայերեն տառերով գրված էր Լեդի Գագայի տեսահոլովակի հետնապատկերում: Ինչով էին զբաղված մեր ԶԼՄ-ներըՙ իրենց տերերի պատկերով ու նմանությամբ կատարում էին «ֆաս» հրահանգը տերերի մրցակիցների ու հակառակորդների նկատմամբ, ու այդ հակառակորդը ոչ մի դեպքում ու անգամ տեսականորեն թուրքը չէր: Լավ էլի, ոնց կարող էինք մեզ էդ շռայլությունը թույլ տալ; Հիմա գոնե խելքի կգա՞նք, զոհված եւ այս պահին էլ զոհվող մեր ջահել-ջիվան տղերքի արյունը մեզ բոլորիս կփոխի՞: Համենայնդեպսՙ այն լուրերը, թե Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները հանդիպել են, քաղաքական ուժերը միասնական մոտեցումներով դիմում են օրվա հրամայականով, հանդիպում վարչապետի հետ, ու բոլորը միասին խորհրդակցում են ելքերի որոնման ուղղությամբ, մի պուճուր հույս արթնացնում է, որ կփոխվենք: Մեդիա պատերազմում դեռ չենք հաղթում Եւ վերջում տեղադրեմ մեր նախկին աշխատակից, այժմ ԱՄՆ-ում բնակվող Արեւիկ Բադալյանի հարցադրումները, որոնք վերաբերում են միջազգային մեդիա դաշտում մեր մղելիքՙ դեռեւս ոչ հաղթական պատերազմին, իսկ այդ պատերազմում հաղթելը կարեւոր է: Արեւիկի հարցադրումների հետ լիովին համաձայն եմ. «Ժողովուրդ ջան, առանց նեղանալու, բայց էս տեղեկատվական պատերազմը տանուլ ենք տալիս: Ես գուցե չգիտեմ, ուստի խնդրում եմ ինձ ասեք. - Կա՞ արդյոք միասնական կենտրոն, որ համակարգում է ողջ մեդիա աշխատանքը - Ո՞վ է զբաղվում արտերկրի մեդիայով, ըստ երկրների - Ո՞վ է համակարգում սոցիալական մեդիայի աշխատանքը (մի քանի խմբերի մասին գիտեմ, բայց կա՞ արդյոք պետական համակարգում) - Ինչի՞ զինուժի նյութերը յութուբում հազարներով չկան - Ո՞վ է զբաղվում հարցազրույցներին մասնակցող էքսպերտների պատրաստմամբ, ինչի՞ է անընդհատ նույն մարդը խոսում ու ընդ որում վատ: - Որտե՞ղ են մեր հիմնական մեսիջները, ո՞ւր են դրանք տարբեր լեզուներով - Ինչի՞ չի օգտագործվում արտերկրում ապրող հայ ուսանողների ներուժը - Ինչի՞ մենք չունենք բոտերի բանակ, որ կգնան ու ամեն նյութի տակ քոմենթներ կթողնեն - Ինչի՞ մենք չունենք տարբեր լեզուներով ռելիզներ, որ կուղարկվեն մեդիաներին օրը տասն անգամ - Ու՞ր է Արցախի պատմությունըՙ ամերիկացի երրորդ դասարանցուն հասկանալի բացատրությամբ Գուցե էս ամեն ինչը կա, ես չգիտեմ, խնդրում եմ օգնեք: Ես օրական մի քանի ժամ ծախսում եմ տարբեր սոցիալական մեդիաներում գրելով ու քոմենթելով, պատրաստ եմ 24 ժամ էս գործով զբաղվել, բայց մեզ օգնել է պետք, ուղղություն տալ, որպեսզի բոլորս միացած նույն մեսիջով ամբողջ աշխարհին հասցնենք մեր ասելիքը»: Արեւիկին հասկանում եմ, իսկ նրա նման անգլերենի (մյուս լեզուների) տիրապետողների եւ մեդիա պատերազմի մարտիկ դառնալու պատրաստակամություն ունեցողների ուժերը պետք է օգտագործել: |