ԳՐՔԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԸ ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Վահան Քոչարը, որին տեսան ու ճանաչեցին Հայաստանի եւ արտերրի հայտնի եւ անհայտ մարդիկ, մեծ արվեստագետ-լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի զավակն էր, Գրիգոր Գուրզադյանի, Նիկոլայ Քոթանջյանի, Լեւոն Կոջոյանի, Արտաշես Հովսեփյանի, Վիգեն Թադեւոսյաի ընկերն ու բարեկամը: Անդրանիկ Քոչարին ընծայագրված պատկերագրքի էջին Երվանդ Քոչարն ասել էր. «Մեծ Քոչարին փոքր Քոչարիցՙ մեծ սիրով»: Վահանը ոչ միայն լայնացրեց հոր արվեստի տարածությունը, այլեւ հայրենի հողի վրա կառուցեց տուն, որը ճակատագրի բերումով դարձավ Անդրանիկ Քոչարի եւ հայ մեծ լուսանկարիչների առաջին թանգարան-ցուցասրահը: Վահանն ավարտել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլետը, բայց նկարչության մեջ խորացել էր Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցում այդ հաստատության լավագույն տարիներին: Պատանի Վահանը բոլորի ուշադրության կենտրոնում էր: Նրա մասին գրում էին Հայաստանի ճանաչված արվեստաբանները: Հոր շնորհիվ շփվել էր ժամանակի մեծանուն անհատների հետՙ Վիլյամ Սարոյան, Իլյա Էրենբուրգ, Ռուբեն Մամուլյան... Վահանն ուներ ստեղծագործական մեծ եռանդ եւ աշխատում էր անընդհատ ու անընդմեջ: Մեծ քանակ են կազմում նրա գեղանկարները, որոնցում հետաքրքրական կերտվածքները քիչ չեն: Գրքի ձեւավորման, գրքի դիզայնի բնագավառներում նա իսկական պրոֆեսոր էր եւ նրա ստացած մրցանակները քիչ բան են ասում ինքնատիպ, տաղանդավոր վարպետի մասին, ինչպես քիչ բան են ասում (իր լուսանկարների մասին) Լոնդոնում եւ այլ քաղաքներում բացված անհատական ցուցահանդեսները: Որովհետեւ նա վաղուց մոտեցել էր Անդրանիկ Քոչարի լուսանկարչական ապարանքի դարպասներին եւ զուգահեռաբար փորձում էր հատկապես սեւ-սպիտակ լուսանկարի մեջ գտնել հայկական խորությունը ներկայացնելու երեւույթը: Վահանը իր մշտապես ծանր ուսապարկով ժամանակին գնաց Արցախ, Գարդմանք: Այդ լուսանկարները առանձին կերտվածքներ են, կարծես խոսում են Իսպանիայի եւ Հայաստանի հոգեհարազատության մասին, հատկապես, եթե դու ընթերցել ես Կոստան Զարյանի «Սպանիա» հոյակապ գիրքը, Վարդգես Սուրենյանցի ճանապարհորդական նոթերը: Չափազանց զբաղված Վահան Քոչարը 2007-ին հրատարակեց «Հայ լուսանկարիչներ» մեծածավալ, կոթողային պատկերագիրքը: Եվ կարծես նաեւ ավարտել էր Աբգար թագավորին ուղարկված Փրկչի դիմանկարի խորհրդավոր պատմությանը վերաբերող իր մտորումները, որոնց նախնական տարբերակը հրատարակվեց «Ազգ»ում: Վահան Քոչարը կյանքում շատ բնական մարդ էր, բնական պահվածքի ու մաքուր, անխառն նկարագրի տեր անձնավորություն: Սուտ ու քաղքենի մտավորականի հովեր չուներ: Էությամբ մտավորական էր: Հպարտանալու տեղ ուներ. թեեւ գրասեղանային գիտնական չէր, բայց արել էր իսկական գիտնականին վայել մանրակրկիտ ու խորապես արդյունավոր աշխատանք: «Հայ լուսակնարիչներ»ի պատկառելի հատորը պատիվ կբերեր ամեն մի գիտնականի եւ ուսումնասիրողի: Եվ դեռ պատրաստ էին երկրորդ եւ երրորդ հատորները: Ինչպե՞ս էր կարողացել հավաքել այդքան նյութ, կատարել այդքան խորը ու այդպիսի մանրազնին ուսումնասիրություն, մշտապես լինելով ու մնալով առօրյա ծանր ու բազմազբաղ աշխատանքի մեջ: Ուղղակի զարմանալի էր, թեեւ տաղանդավոր մարդու արածի վրա ոչ թե պետք է զարմանալ, այլ հիանալ իր արածով:Հրաշալի հոդվածներ էր գրում, գրում էր նյութի խոր իմացությամբ: Եվ բարձր ճաշակ ուներ, մանավանդ գրքի ձւեավորման, գրքի գեղագիտության առումով: Բարձր ճաշակը օդից չի ծնվում, բարձր ճաշակը ամենքին չի տրված: Դա տաղանդի նման էՙ կամ ունես, կամ չունես: Վահանը ուներ այդ ճաշակն ու տաղանդը: Եվ աշխատավոր էր, իսկական աշխատավոր: Հողագործ լիներ, Վրթանես Փափազյանի խոսքով կասեինքՙ «հողի աշխատավոր»: Եվ քանի որ գիրք ստեղծող էր, գրքի տքնաջան աշխատանքն անում էր ազնիվ հողագործի պես, ուրեմն արդար կլինի, որ իրեն ասենք «գրքի աշխատավոր»: Նա գրքի ազնիվ աշխատավորն էր: Վահանն աշխատանքի պահին ամբողջովին սեւեռուն ուշադրություն էր, իսկ ընկերական շրջապատումՙ զրնգուն փոթորիկ: Ահա թե ինչու է մեր տխրությունն անհատակ: |