ՀՀ ՊԱՐԵՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸՙ ՈՉ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐՈՎ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Տարածաշրջանային առումով մեր արեւելյան հարեւանը, որին հայաստանցիներս բոլոր առումներով անխտիր թշնամի ենք համարում, այսօր թե վաղը հրադադար է աղերսելուՙ իր էությանը համաձայն հերթական պատերազմին նախապատրաստվելու նպատակով: Այնպես որ առավելագույնս պաշտպանված լինելու համար մեզ նորովի տնտեսություն է անհրաժեշտ, ֆինանսական միջոցներ, ռազմական համարվող ծախսեր: Անշուշտ իշխանությունների խնդիրն է գտնել այդ միջոցները, եւ նպատակային, առավել արդյունավետ ծախսելու արդյունքում երաշխավորել երկրի ու առանձին վերցրած սահմանից մինչեւ խոր թիկունք բնակավայրերի ամբողջական անվտանգությունը: Օրվա իշխանություններն այս առումներով հաճախ են դիմում քաղաքացիներին, կոչ անելով լրջագույնս մոտենալ խնդիրներին, այն մեր գործողությունների կիզակետում պահել յուրաքանչյուր ակնթարթ: Մտորելու տեղ ու առիթ իրոք շատ կա եւ դրա հերթական դրսեւորումներից էր ՀՀ վարչապետի սեպտեմբերյան հայտնի ուղերձըՙ 2020-2050 թվականներին Հայաստանի վերափոխման ռազմավարության տեսքով: Որ պետական մակարդակով նման ռազմավարություն մինչ օրս չի եղել, դա փաստ է: Անշուշտ կլինեն ոմանք, ովքեր հակադրվելով առավել կարճաժամկետ խնդիրների կատարումով վերջնանպատակին հասնելու պահանջին, միանշանակ կընդունեն նաեւ 30-ամյա ժամանակահատվածի քայլերի անհրաժեշտությունը: Մոտեցման խնդիր է, միայն պարզ չէՙ ով-ինչ հիմնավորումներով: Ասենքՙ խնդիր հռչակվեց նշված տարեշրջանում 20-ապատկել Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը, հանրահայտ ՀՆԱ-ն, որից էլ գանձվող գումարներով կազմավորվում է երկրի բյուջեն, մեր ծախսերի համակարգը: ՀՆԱ-ի աճը ձեւավորվում է տնտեսական գործունեության ցուցանիշով, որը տարվա ընթացքում տեղավորվում է 1-2 տոկոսից մինչեւ 10-12 տոկոսների միջակայքում, որպիսի արդյունք ունեցավ, ասենք Չինաստանը, իր զարգացման որոշ տարիներին: Հիմա այն 6-7 տոկոսների միջակայքում է, որը բավարար ցուցանիշ է, ասենքՙ Եվրոպայի տնտեսությունում լոկոմոտիվի դեր կատարող Գերմանիայի 1-2 տոկոսի կողքին: Կարճ ասած, ՀՀ ՀՆԱ-ն 20-ապատկելու համար մեզ որոշակի աճի տեմպ է պետք, թե միջինում ինչքան, փորձենք պարզել որոշ պարզ թվաբանական գործողությունների օգնությամբ: Սցենար 1-ը կազմել ենք միջին տարեկան մասամբ հավակնոտ 7 տոկոս աճի հաշվով: Ներկայիս 13 մլրդ դոլար ՀՆԱ-ն ընթացիկ տասնամյակի ավարտին կրկնապատկվում է, կազմում 26 մլրդ դոլար, հաջորդ տասնամյակի ավարտին, 2040-ինՙ 47 մլրդ դոլար, որն էլ իր հերթին նախանշված ժամկետի ավարտին, այսինքնՙ 2050-ին մոտենում է 93 մլրդ դոլարի: Վերջին այս թիվը ներկայիս 13 մլրդ-ի ընդամենը 7-ապատիկն է, որը շատ է հեռու սահմանված 20-ապատիկից. 260 եւ 93 մլրդ-ներ: Սցենար 2-ի համար հարկ եղավ միջին տարեկան 10 տոկոս առավել հավակնոտ աճի տեմպ դիտարկել: Ծանոթացեքՙ թող որ սիրողական մակարդակով, այսուհանդերձ պարզ թվաբանական գործողության արդյունքներին: Առաջին տասնամյակի ավարտին ներկայիս 13 մլրդ դոլարը հասնում է 33 մլրդ դոլարի, 2040-ինՙ 78 մլրդ դոլարի, 2050-ինՙ 202 մլրդ դոլարի, որը նույնպես հեռու է կանխատեսված 20-ապատիկը կազմող 260 մլրդ դոլարից: Հասունանում է 3-րդ սցենար կազմելու պահանջ, որը մեղմ ասած պարզապես անիրագործելիության տիրույթում է, քանզի համաշխարհային տնտեսությունում համանման օրինակ չկա, ասենքՙ միջին տարեկան 13-14 տոկոս աճ երեք տասնամյակների ընթացքում: Բայց արի ու տես, որ որոշ երկրներ իրական աննախադեպ տնտեսական ցուցանիշներ ունենում են առանձին վերցրած անգամ 1-2 ոլորտներում, որոնցով է թերեւս պայմանավորվում ողջ տնտեսությունում գործերի վիճակն ու մեր վարչապետի բնորոշած վերափոխումը: Չեմ պնդում, որ ասելիքս տնտեսվարական ասպարեզում անքննելի իրողություն է, բայցեւ կխնդրեի այլ մոտեցման հեղինակներին փորձել հակադրվել համեմատաբար ոչ մեծ երկրներում արձանագրված հետեւյալ զարգացումներին: Ասենք Երկիր մոլորակի հեռավոր մի մասում գտնվող Նոր Զելանդիայում ինչ են մտածել կարագի անհավանական ծավալներով արտադրություն կազմակերպելու ընթացքում, որի հազարավոր տոննաները հասնում են նաեւ Հայաստան, երբ մեր տեղը նորզելանդացի կաթ արտադրողներից ոմանք կարող է եւ չգիտեն: Փոխարենը գիտեն, որ իրենց այդ արտադրանքի հարյուր հազարավոր տոննաները պահանջարկ ունեն եւ օրն ի բուն աշխատում են այս ոլորտում: ԱՄՆ-ում 1868 թ-ից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2020» տեղեկատուի համաձայն, Նոր Զելանդիայից արտահանվող արտադրանքի 1-ին տողում կաթնամթերքն է, որի նպատակով ոչ մեծ այս երկիրը 10 մլն-ից ավելի խոշոր եղջերավորի գլխաքանակ է պահում: Համանման մի այլ պատկեր է հայերիս կողմից զբաղեցնող տարածքն ունեցող Դանիայում, ուր 5,5 մլն բնակչության հաշվով 12 մլն գլուխ խոզ են պահում, խոզամսի տարեկան արտադրությունը հասցնում մինչեւ 1,7 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով 300 կգ-ի, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 4 կգ է: Այն մասամբ իսկ բարելավելու, խորը սառեցված մսի ներկրումները նվազեցնելու, ՀՀ-ում անասնապահության վիճակը բարեփոխելու նպատակով հաճախ եմ դիմել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որոնցից մեկի պատասխանը ներկայացնում եմ ստորեւ. «Առաջիկա 1-2 տարիներին հանրապետությունում խոզի մսի արտադրության ծավալները 80-100 հազար, հետագայում 150-180 հազար տոննայի հասցնելու առումով գտնում եմ, որ խոզի մսի արտադրության նման ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գլխաքանակ եւ անհրաժեշտ քանակի խտացրած կերեր, որի հնարավորությունն այսօր հանրապետությունը չունի»: ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյան , 29.03 2013 թ.: Ի՞նչ թիվ է 150-180 հազար տոննան, որը գյուղատնտեսական միտքն անիրատեսական է համարում. 1 բնակչի հաշվով 40 կգ տարեկան սպառում, որպիսի ցուցանիշ այսօր ունեն Չինաստանը, Վիետնամը, Ֆիլիպինները, շատ ավելինՙ Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Ավստրիան, այլ երկրներ: Եվ հարցըՙ ինչո՞ւ հայաստանաբնակը պետք է զրկված մնա այս պարզ հաճույքը վայելելուց, հնչում է ինքնաբերաբար: Չէ՞ որ նա պատրաստվում էր ապրել ժամանակի իշխանությունների խոստացած բարեփոխված երկրում: Ի վերջո, նշված մսատեսակի այդ ծավալը համարժեք է այն գումարին, որն ստացվում էր ՀՀ ողջ գյուղատնտեսությունից: Նշված ժամկետից հետո Ս. Կարապետյանը պաշտոնավարեց եւս 4 տարի, հետո եկան նորերը, իսկ նախարարության մոտեցումը չփոխվեց: Հիմա էլ, 2018-ին նորոգ իշխանությունը վերացրեց այս կառույցը, դրա հետ նաեւ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները, եւ... ոլորտի կառավարումը թողնվեց թղթարարության հույսին: Չեք գտնի գեթ մեկ փաստ, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմ տեղափոխված գյուղոլորտի որեւէ պաշտոնյա կամ մասնագետ ողջ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ գյուղական համայնք այցելի ու որեւէ կոնկրետ խնդրով զբաղվի: Թղթարարության գրոհներին վերջ չկա, պետական հոգածության խոստումներն անվերջ են, ինչպես անվերջ են ներկրումները, ՀՀ պարենապահովության ու պարենանվտանգության խնդրի հանդեպ ոլորտի պատասխանատուների էլՙ ընդհանրական հավաստիացումները: Տեսեք փոքր ծավալներով գնում կատարելու պարագայում կգ-ի դիմաց ինչ գին է առաջարկում ավստրիական «Պեննի» սուպերմարկետների ցանցը: ՀՀ արժույթով 1500-1700 դրամ, որի առնվազն 40 տոկոսը հարկերն են, որոնք էլ բյուջետային այլեւայլ ծախսերի տեսքով վերադարձվում են հանրությանը: Ահա այսպիսի միջավայր, որին հարկ է ձգտել, մեր հերոսներին ապահովել տնտեսության ասպարեզում ակնկալվող վերափոխումներով: 21.10.2020 թ. |