ՓԼՈՒԶՎԱԾ ՏՆԵՐ ԵՎ ԱՄՈՒՐ ՄԱՐԴԻԿ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ի՞նչ են տեսել սերբ լրագրողներըՙ Արցախում - Չեմ կարծում, թե Ադրբեջանը մեզ կթողնի լուսաբանել պատերազմըՙ սահմանի այն կողմից,-այսպես է սերբ լրագրող Ռատկո Ֆեմիչը պատասխանում հարցիս, թե կուզենա՞ր արդյոք սահմանի այն կողմում եւս ծանոթանալ իրավիճակին ու շեշտում է,- մենք հայկակա՛ն կողմում ծանոթացանք ճշմարտությանը: Ռատկո Ֆեմիչն ու ֆոտոլրագրող Ֆիլիպ Կրայինչանիչը հոկտեմբերի 20-ին են վերադարձել Արցախից: Հայկական երկրորդ Հանրապետությունում նրանց թույլատրել են լինել ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Շուշիումՙ տեսնելով ադրբեջանական կողմի հրթիռա-հրետակոծությունների հետեւանքով ավերածությունները, այլեւ լինել Մարտակերտում եւ Մարտունիում: - Կան փլուզված բազմաթիվ տներ, ենթակառուցվածքներ, դպրոց-մանկապարտեզներ, եկեղեցիներ,-պատմում է Ռատկոնՙ խոստանալով Սերբիայում եւս փրկել ճշմարտություննՙ այս պատերազմի մասին: Լրագրողը նշում է, որ իրենք եղել են մի դաշտավայրում, որտեղ ռազմական նշանակության որեւէ կառույց չկա, բայց կան Ադրբեջանի կողմից արձակված կասետային ռումբեր: Հենց որոնց առկայության պատճառով էլ Արցախի քաղաքների փողոցներում սերբերը մարդկանց շատ չեն հանդիպել: - Տղամարդիկ, տղաները առաջնագծում են, իսկ կանայք, երեխաները կա՛մ Հայաստան են տեղափոխվել, կա՛մ էլ ապաստարաններում են,-ասում է Ռատկոն ու միանգամից ժպտում,- այնտեղՙ ապաստարաններում տրամադրությունը հրաշալի է, քանի որ չնայած ծանր կենցաղային ու հոգեբանական պայմաններին, նկուղներում ապրող այդ մարդիկ վստահ ենՙ հաղթելու են: Բայց ե՞րբ: Ե՞րբ է ավարտվելու այս պատերազմը եւ ո՞վ կարող է վճռական ազդեցություն ունենալ գոնե ժամանակավոր խաղաղություն հաստատելու գործում: Ռատկոնՙ ռազմական լրագրության իր փորձով, պատասխանում է. - Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում հիմա պատերազմի ավարտի մասին խոսելը կարող է վաղաժամ լինել: Բայց նման պատերազմները կանխում են գերտերությունները: Այս դեպքում, կարծում եմ, Ռուսաստա՛նն ունի ազդելու լծակներ էլ, հնարավորություն էլ: Իսկ գերտերություններին ու առհասարակ ամբողջ աշխարհին սերբ լրագրողները պատմելու են ոչ թե թուլացած, այլ ամուր մարդկանց պատմություններ, որոնք այս պահին բաժանված են երկու խմբիՙ նրանք, որոնք սպասում են հաղթանակին, եւ նրանք, որոնք առաջնագծում են ստեղծում այդ հաղթանակը: Ամեն դեպքում, ֆոտոլրագրող Ֆիլիպ Կրայինչանիչը նկարել է ոչ միայն Արցախի քաղաքների ավերածությունները, այլեւ ապաստարաններում ժամանակավոր ապրող մարդկանց, որոնք վաղը նորից են կառուցելու Արցախը: Սերբ լրագրողների այցը Հայաստան եւ Արցախ կազմակերպել եւ ապահովել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը , որը եւ սիրով համաձայյնեց թարգմանել մեր զրույցը Ռատկոյի եւ Ֆիլիպի հետ: |