ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է. ԳԱՐԵԳԻՆ Բ ՆԱԻՐ ՅԱՆ Վեհափառ Հայրապետի հարցազրույցը «Լա Ռեպուբլիկային» Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը օրերս հարցազրույց է տվել իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին: Բավականին ծավալուն զրույցի ընթացքում Վեհափառն անդրադարձել է պատերազմի պատճառ ու հետեւանք հանդիսացող կարեւորագույն խնդիրներին: Նա վերահաստատել է այն աղաղակող ճշմարտությունը, որը հարյուր տարուց ավելի անտեսում է աշխարհըՙ Թուրքիան հենց այնպես չի խառնվել այս պատերազմին, նրա գերնպատակը նույնն է, ինչ նախորդ դարասկզբինՙ ցեղասպանել հայերին: Վեհափառը հենց այս փաստն է շեշտել իտալական պարբերականի հետ հարցազրույցում: Նրա նշած ուղերձները, ձեւակերպումները հստակ մատնանշում են Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմի իրական նպատակներն ու նկրտումներըՙ խաղասեղանին հայկական երկու պետությունների ազգային անվտանգության հարցն է: Միջազգային կառույցների աչքի առաջ թուրք-ադրբեջանական ահաբեկիչները հարձակվում են հաեւ Հայաստանի սահմանների վրա, իսկ Արցախի ժողովուրդը բառացիորեն ցեղասպանվելու վտանգի տակ է: Հիմնախնդրի միակ լուծումն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, որն էլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը կարող է դառնալ: Վեհափառը խոսել է տարբեր պետություններից իր ակնկալիքների մասին. «Այս է սպասելիքը մեր բարեկամներից, որոնք պատրաստ են գործուն ջանքերով վերջ դնել հնարավոր նոր Հոլոքոստին կամ Ցեղասպանությանը»: Լրագրողը հարց է տվել. «Առաջին խնդիրը ադրբեջանցիների համար վերադարձն է 1991 թվականի ստատուս քվոյին, այսինքնՙ Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը: Ձեզ թվո՞ւմ է ընդունելի»: Գարեգին կաթողիկոսը պատասխանել է, թե Արցախի հայկական լինելու մասին պատմական վկայակոչումներ չի մեջբերում. խորհրդային տարիներին Ստալինի որոշմամբ է Արցախը բռնակցվել Ադրբեջանին: «Մենք դինավագետ չենք, քաղաքական գործիչ չենք, մեր առաքելությունն է քարոզել մարդ արարածի նկատմամբ Աստծո սիրո, արդարության ու խաղաղության մասին, զգուշացնել, երբ դրանք վտանգված են: Մարդու ազատ ու անկախ կամքի պաշտպանությունն այդ սիրո դրսեւորումն է»,-ասել է Վեհափառըՙ վերահաստատելով, որ արցախցիներն ինքնորոշվել են վաղուց եւ ուզում են ազատ ու անկախ ապրել, ինչն աստվածահաճո դրսեւորում է: Հայ առաքելական եկեղեցին անցյալ տասնամյակների ընթացքում ջանքեր է գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց մեր եկեղեցու խաղաղասիրական ելույթներին հակադրվել են ռազմատենչ կոչեր: Իտալացի լրագրողը հարցրել է նաեւ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման մասինՙ նշելով, որ ադրբեջանական արկերը, չգիտես ինչպես, չեն դիպել հայերի կողմից վերականգնված նրանց մզկիթին: Վեհափառը վանդալիզմ եւ սրբապղծություն է որակել սուրբ Ամենափրկչի հրթիռակոծումը եւ պատմել, որ անցած տասնամյակների ընթացքում ադրբեջանցիները նույն վանդալիզմն են իրականացրել Նախիջեւանում եւ Ադրբեջանում գտնվող հայկական պատմամշակությային կոթողների ու եկեղեցիների նկատմամբ: Անպատժելիությունը նոր ոճիրներ է ծնում. նույն սրբապղծությունը կրկնվեց նաեւ Մերձավոր Արեւելքում: Առայժմ խաղաղությունը չի հաստատվել շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը ներթափանցման փորձեր են ձեռնարկումՙ խլելով նորանոր անմեղ կյանքեր, ասել է Վեհափառը հոկտեմբերի 20-ին տված հարցազրույցում: Սա չի կարող ցավ չպատճառել,- ասել է նա,- զոհվում են Աստծո զավակներՙ կոչված ապրելու խաղաղ, երջանիկ եւ բարօր կյանքով: «Աղոթում ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն եւ նպաստեն, որ ձեռք բերված հումանիտար հրադադարը վերաճի կայուն խաղաղության»,- զրույցն ավարտել է Վեհափառ Հայրապետը: |