«ՀԻՆ ԳԱՅԼԵՐԸ» ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԵՆ. «ՌԵՄԲՈՆ» ՃԱԿԱՏՈՒՄ ԿՌՎՈՒՄ Է... ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Ցանկացած պատերազմի շարժիչ ուժը առաջին հերթին մարդն է, այն մարդը, որի հավատը իր առաքելության նկատմամբ թույլ է տալիս հաղթահարել վախը, նայել մահվան աչքերին, չընկճվել եւ դիմագրավել հակառակորդին: Այս պատերազմը արդեն բազմաթիվ հերոսներ է տվել, որոնք նայելով մահվան աչքերին, ստորադասելով սեփական կյանքն ու բարեկեցությունը հայրենիքի պաշտպանության միասնական առաքելությանը, կռիվ են տալիս գերակշիռ հակառակորդի դեմ, նրան ծանր կորուստներ պատճառում, եւ ի վերջո խաղաղություն են պարտադրելուՙ արդեն մե՛ր պայմաններով: Ապարան քաղաքի մոտ Վարդենիս գյուղը շատ ազատամարտիկներ է տվել հայրենիքին դեռ 1918 թվականից: Այդ կռիվներին մասնակցել է 450-500 տղամարդ ու պատանի, մանավանդ որ ճակատի գիծը գյուղից հեռու էր ընդամենը 800 մետր: Հայրենիքին նվիրվածությունը վարդենիսցիները ցուցադրել են նաեւ 1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Վարդենիսցի 362 տղամարդ եւ մեկ կին է մասնակցել գերմանական ֆաշիստների դեմ ծավալված պատերազմին: Նրանցից 131-ը զոհվել էՙ ապահովելով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Վարդենիսի երկու տասնյակից ավելի զավակներ մասնակցել են Արցախյան ազատամարտինՙ պաշտպանելով Հայոց հողը, անկախ ապրելու իրավունքը, մեր Երկրորդ Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը: Այսօր էլ վարդենիսցիները ամուր կանգնած են Հայրենիքի եւ հայ ազգի կողքին. կամավորականների մի խումբ մեկնել է ռազմաճակատ, որտեղ սահմանին կանգնած ենՙ իրենց երեխաների եւ ազգի թիկունքին: Վարդենիսցի Ներսիկ Աղաբաբյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է` հայտնի «Ռեմբո» մարտական անունով: Անմնացորդ նվիրվել է հայրենիքին եւ ինչպես վայել է իսկական հայ ազատամարտիկինՙ չի երազում ո՛չ անուն, ո՛չ վարձատրություն: Առաջին պատերազմից վերադարձել է առանց մեդալների, առանց կոչումների ու դափնիների: Ազատ հայրենիքն է իր համար գլխավոր դափնին: Սեպտեմբերի 27-ին ,երբ սկսվեց պատերազմը, «Ռեմբոն» նույն ինքն ՙՆերսիկ Աղաբաբյանը, մեկնեց ռազմաճակատ: Նրա կինը պատմում է. «Ներսիկը այդ առավոտյան աշխատանքի էր. նա ինձ զանգեց եւ ասաց, որ պատրաստեմ զինվորական համազգեստը եւ անհրաժեշտ մի քանի իրեր եւ ասաց, որ դրանց հետեւից մարդ է գալու, կտաս, կբերի. Ղարաբաղում կռիվ ա, գնում եմ»: Նրան լավ ճանաչելով ավելորդ հարցեր չտվեցի եւ միայն ասացի Աստված հետդ, գնա, հասի՛ տղայիդ ու անփորձանք հետ արի: Մեր փոքր տղան 8-9 ամիս էր ծառայում բանակում, սակայն անաստված պատերազմը տղայիս տարավ հավերժության գիրկը, առանց իր հորըՙ տղայիս հողին հանձնեցինք,- պատմում էր Ներսես Աղաբաբյանի կինը: «Ռեմբոն» ընտանիքի հետ հեռախոսակապ է ունեցել պատերազմական առաջին երկու օրերին եւ դրանից հետո ընտանիքիը ոչ մի տեղեկություն չունի նրա մասին: Միայն խոսակցություններ են պտտվում, որ նա մարտական որեւէ հստակ գոտում երկար ժամանակ չի մնում. Նրա մարտական ընկերները ասում են, որ «Ռեմբոն» այնտեղ է, որտեղ մարտերը կատաղի են: Մինչ օրս ընտանիքը աղոթում է եւ հույսով սպասում ազատամարտիկի վերադարձին: Մեր բոլորիս գործն է սակայն այս փառահեղ տղերքին մենակ չթողնել հակառակորդին դեմ հանդիման, եւ միասնաբար կռել հաղթանակը, նեցուկ կանգնել վիրավորներին եւ զոհվածների ընտանիքներին, մեր լուման ներդնելով Հայ Զինվոր հիմնադրամին: Եվ ամենակարեւորըՙ մեր պատմության այս վճռորոշ պահին մեր ներսում համերաշխ լինելով, եւ միասին մեր առջեւ ծառացած խնդիրների լուծումները գտնելով, ոչ թե դրանց համար մեղավորներ փնտրելով: |