RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



Տեղադրվել է` 2020-10-22 23:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1359, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԸ ՄԱՐՏՆՉՈՂ ՀՍԿԱՆԵՐԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի մարտադաշտում ընկած մոտ 700 հերոսների դիակները չեն վհատեցրել աննկուն կամքը հայկական մեր բանակի, որ շարունակում է պաշտպանել իր պապենական հայրենիքը եւ հայոց պատմության վերջին սահմանագիծը:

Նախագահ Իլհամ Ալիեւը զարմացած է, թե հայերն ինչպես են կարողացել այդքան մեծ քանակությամբ զենք կուտակել: Զենքի պաշարները կարող են անսահման թվալ, բայց այդ պաշարները օգտագործող երիտասարդ կյանքերի քանակն, ինչ խոսք, անսահման չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է բոլոր նրանց, ովքեր ավարտել են իրենց պարտադիր զինվորական ծառայությունը, որ դարձյալ կամավորագրվեն եւ մեկնեն առաջնային գիծ:

Արդեն իսկ նշված, հիմնականում երիտասարդ տղաների եւ աղջիկների ու կանանց, թվաքանակը նշանակում է, որ նրանց ընտանիքներին ծանր հարված է հասցվել, իսկ այն ընտանիքները, որ նրանք էին կազմելու, այլեւս չեն կազմվելու:

Ադրբեջանցիները, սակայն, մերժում են հավատարիմ մնալ հայտարարված մարդասիրական հրադադարին, որ հնարավորություն է տալիս տեր կանգնելու իրենց իսկ զինվորների դիակներին: Հոկտեմբերի 10-ի հրադադարի համաձայնությունից հետո, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Մոսկվայի հետ հեռախոսազրույցում հասկացրեց Ռուսաստանին, որ պատերազմի վերահսկողությունը Թուրքիայի ձեռքերում է եւ հրադադարը պետք է համաձայնեցվեր նաեւ Թուրքիայի հետ: Հոկտեմբերի 18-ի հրադադարից հետո Թուրքիան դարձյալ հեռախոսազրույց ունեցավ, այս անգամ նախագահ Ալիեւի հետ, եւ հրամայեց նրան խախտել հրադադարը: Ադրբեջանի ղեկավարը կատարեց հրամանը:

Ավելի քան հստակ է, որ իր բոլոր մտադրություններն ու նպատակները իրականացնելու համար Թուրքիան գաղութացրել է Ադրբեջանին եւ ունի ավելի հեռահար դիտավորություններ, քան փոքրիկ Ղարաբաղն է իրենից ներկայացնում:

Նախագահ Էրդողանի պանթյուրքական ծրագիրը ոչ ֆիկցիա է, ոչ էլ երեւակայության արգասիք: Իրականում դա գլխավոր գերտերությունների շահերին համապատասխանում է, ստեղծելով մի նոր սառը պատերազմի մթնոլորտ:

Իրականության մեջ Հայաստանն ու Ադրբեջանը սովորական «շախմատային զիվորներ» են ավելի մեծ աշխարհամարտավարական մի պատերազմի, որ ներկայումս թափ է առնում: Հաղորդվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ, բողոքելով Կովկասում Թուրքիայի ներգրավվածության դեմ եւ ստացել կոշտ վերաբերմունք, հանդիմանություն: Թուրքերը հայտնի են իրենց նուրբ դիվանագիտական ունակություններով, ուստի որտեղի՞ց է այս ամբարտավան կեցվածքը:

Այդ հանդիմանությանը հետեւեց նախագահ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան երբեք չի ճանաչելու Ղրիմի միակցումը Ռուսաստանին: Նա նաեւ ավելացրեց, որ Թուրքիան պաշտպանելու է Ղրիմի թուրք-թաթարներին: 17-ից 19-րդ դարերի ընթացքում Ռուսաստանն ու Օսմանյան Թուրքիան մոտ 10 պատերազմ են մղել, որոնց արդյունքում Ղրիմը ձեռքից-ձեռք է անցել: Մերօրյա թաթարները այդ պատերազմներից ողջ մնացածների հետնորդներն են եւ շարունակում են կարծրթեւայիններ մնալ, նույնիսկ ավելի կարծրթեւային, քան ուկրաինացիները, որոնք դեմ են Մոսկվայի կողմից այդ տարածքի բռնակցմանը:

Թուրք պաշտոնական այրերի սպառնալիքներին հետեւեցին ահաբեկչական գործողությունները Չեչնիայում, Ինգուշեթիայում եւ Դաղստանում:

Այս կոնտեսքտում մենք պարտավոր ենք հիշել, որ մի քանի ամիս առաջ Էրդողանի խրոհրդատուներից մեկը սպառնացել էր, որ Թուրքիան կարող է պատճառ դառնալ, որ Ռուսաստանի Դաշնությունը տրոհվի ներսից:

Ի պատասխան այսօրինակ սպառնալիքների, Ռուսաստանը սկսեց Կասպից ծովում զորավարժություններ անցկացնել: Լրացնելու համար գլխավոր դերակատարների կողմից մշակվող ծրագրերի պարամետրերը պետք է նշենք Իրանի տարածք ընկած ադրբեջանական հրթիռները, որոնք գումարվում էին իրանցի ազերիներին գրգռելու մեզ ծանոթ փորձերին:

Այս բոլոր զարգացումները, սակայն, պետք է դիտարկել Գերմանիայից, Աֆղանստանից եւ այլ վայրերից զորքերը դուրս բերելու Մ. Նահանգների վարչակազմի որոշման կոնտեքստում:

Առաջին հայացքից մարտից դուրս գալու Ամերիկայի այս քայլը, իրականում այլ բան է նշանակում: Նախագահ Թրամփը հստակ նշեց, որ ձանձրացել է անվերջ պատերազմներ մղելուց: Ի դեպ, նա նաեւ խոստովանեց, որ Ջոն Բոլթոնին պաշտոնից ազատելու բուն պատճառը դա էր: («Եթե նրան լսեի, մենք 5-րդ համաշխարհային պատերազմը մղելիս կլինեինք»):

Բայց ամերիկացի զինվորներին վտանգից հեռու պահելը բոլորովին չի նշանակում, որ Մ. Նահանգները հրաժարվել է իր գլոբալ քաղաքական փառասիրություններից: Այդ հեռահար նպատակները պարզապես փոխանցվել են փոխարինող ուժերինՙ տվյալ դեպքում Թուրքիային:

Ամերիկայի մարտավարությունը մշակողների նպատակներից մեկը Ռուսաստանին պարփակելն է: Նախկին Վարշավայի ուխտի երկրներին ՆԱՏՕ-ի կառույցում ընդգրկելուց բացի, Վաշինգտոնի մտադրությունն է տեսնել, թե ինչպես է Թուրքիան ձեռնոց նետում Ռուսաստանինՙ Կովկասում:

Չնայած Թուրքիայի ոտնձգությունները վրդովեցրել են Ֆրանսիային եւ Հունաստանին, Վաշինգտոնը թույլ չի տա, որ այդ վրդովմունքը պատճառ դառնա ՆԱՏՕ-ի տրոհմանը: Վաշինգտոնի վերաբերմունքից ակներեւ է դառնում, որ Ռուսաստանին նա այլեւս չի դիտարկում որպես համաշխարհային գերտերություն: Փոխարենը նա Չինաստանին է տեսնում որպես իսկական սպառնալիքՙ իր գերիշխանությանը:

Այս լույսի ներքո, Հայաստանին հարվածել ու Մեղրին մայր հողից անջատելով դեպի Կենտրոնական Ասիա ճանապարհ հարթելու Թուրքիայի ծրագիրը, կարող է դրական քայլ համարվել Մ. Նահանգների համար: Դա է՛լ ավելի կթուլացնի Ռուսաստանին եւ կսպառնա Չինաստանի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող Սինցզյան Ույղուրյան ինքնավար շրջանին, որն այլընտրանքային ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն գուցե ցակնանում է, որ Հայաստանը կարողանա պաշտպանել ինքնիրեն, որպեսզի ամերիկահայերն իրենց լավ զգան այս անորոշ ժամանակներում, բայց դա չի խոչընդոտելու, որ նա հետամուտ չլինի Մ. Նահանգների գլոբալ ծրագրերի իրականացմանը:

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպելու է Պոմպեոյին, բայց վերջինս վստահաբար չի տեղեկացնելու նրան իր կովկասյան ծրագրերի մասին: Հուսով ենք, սակայն, որ հայ դիվանագետը իր թղթապանակում կընդգրկի Հայաստանի դեմ ՆԱՏՕ-ի զինանոցից F-16 կործանիչների օգտագործումը Թուրքիայի կողմից եւ ամերիկյան արբանյակային համակարգերի միջոցով իսրայելական ԱԹՍ-երի ղեկավարումըՙ սպանելու համար խաղաղ բնակչությանը Ղարաբաղում:

Իսրայելի մասնակցությունն այս պատերազմում ամենամահացու գործոնն է: Ադրբեջանին մատակարարված իսրայելական ԱԹՍ-երը ամենաարդյունավետն են եղել հարվածելու խաղաղ բնակչությանն ու ավերելու քաղաքները: Մասնագետների կարծիքով այդ անօդաչու սարքերը չեն կարող թիրախներին ճշգրիտ հարվածներ հասցնել առանց արբանյակային ուղղորդության, որ միայն Պենտագոնը կարող է ապահովել:

Իսրայելում բազմաթիվ պետական գործիչներ եւ գիտաշխատողներ կասկածի տակ են դնում Ողջակիզումը վերապրածների բարոյական վարքագիծը, որ թույլ են տալիս ցեղասպանություն գործողներին երկրորդ անգամ ցեղասպանություն իրականացնել:

Ուժերի ցուցադրման այս նոր խաղում, Թուրքիան փորձում է Ռուսաստանին ներքաշել առճակատման մեջ, բայց Թուրքիան Վրաստան չէ, որտեղ ռուսական բանակը կարող է ներխուժել եւ բռնակցել տարածքի մի մասը: Անկարան պաշտպանված է ՆԱՏՕ-ի վահանով, եւ կարող է ամեն տեսակի արկածախնդրությունների մեջ խրվելՙ իր սեփական նպատակներին հասնելու համար, վստահ լինելով, որ որեւէ հարձակում Թուրքիայի վրա համարվելու է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների վրա:

Այս գործոնը արդեն որոշակի դեր խաղացել է: Թուրքիան մարտահրավեր նետեց Ռուսաստանին Սիրիայում եւ Լիբիայում: Ռուսաստանը կարող էր կռվել եւ պարտության մատել Թուրքիային, բայց չարեց վերոնշյալ պատճառով: Փոխարենը փորձեց լեզու գտնել Անկարայի հետ: Հաշվի առնելով այս երկու նախադեպերը, դժվար չէ կանխատեսել Թուրքիայի մտադրությունները Կովկասում: Թուրքիան չի թույլատրելու, որ Ռուսաստանը միայնակ վերահսկի Կովկասը:

Երկու հրադադարների բանակցությունների ընթացքում Թուրքիան փորձեց միջամտել, մի անգամ որպես ԵԱՀԿ-ի անդամ երկրի, մյուս անգամ որպես Ադրբեջանի գործընկերոջ: Երկու անգամ էլ նա անհաջողության մատնվեց: Որպես հետեւանք նա շարունակելու է հրահրել պատերազմը, նույնիսկ եւ հատկապես երբ Ալիեւը կորցնի իր լիազորությունները: Բոլոր այն երկրներում, որտեղ Թուրքիան տեղակայել է իր նվաճողական զորքերը, ոչ մի ուժ չի կարողացել Անկարայի դեմ գնալ: Այժմ, ավելի քան հստակ է, որ թուրքական ագրեսիայի նոր փուլը Կովկասում է:

Թուրքիայի այս ագրեսիվ կեցվածքը նույնքան Թեհրանին է մտահոգում, որքան Հայաստանին: Իրանը նույնպես թիրախ է Մ. Նահանգների սեւ ցուցակումՙ Իսրայելի խնդրանքով: Իսրայելի համար հաճելի է տեսնել, թե ինչպես են Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը խրվել կովկասյան ճահճուտում:

Պատերազմի վարքագիծը նույնպես Թուրքիայի եւ Իսրայելի շահերն է արտահայտում: Ռմբակոծումները հիմնականում կենտրոնացած են որոշակի երկու տարածքների վրա: Մեկը Մեղրու, որ Թուրքիան ծրագրում է գրավել, իսկ մյուսըՙ Իրանի սահմանի հարեւանությամբ, որպես հարթակ, եթե երբեւէ Իսրայելը կարիք զգա հարձակվելու: Իրանը 20 միլիոնի հասնող էթնիկ ադրբեջանցիների հետ սահման ունի հյուսիսում եւ Մ. Նահանգների պատերազմ ծրագրավորողների մարտավարական թիրախներից մեկը այդ վայրերից Իրանի վրա հարձակվելն է:

Ցարդ, թուրք-ադրբեջանական տանդեմը, իսրայելական սպառազինությամբ չի կարողացել հաջողության հասնել: Սա խոսում է հայոց բանակի բարձր պատրաստվածության մասին, որ կարողանում է գլուխ հանել ժամանակակից տեխնոլոգիական պատերազմից: Թուրքիան հույսը դրել է Հայաստանում մարդկային ռեսուրսների սպառման վրա, հավատացած լինելով, որ դա իր արդյունքը կտա:

Գոյատեւման պատերազմ մղելուց բացի, Հայաստանը պահպանում է նաեւ Ռուսաստանի հարավային դարպասները Կովկասում, որովհետեւ ակներեւ է, որ Ռուսաստանը խուսափելու է Թուրքիայի հետ առճակատումից, խուսափելու է ՆԱՏՕ-ի դաշինքի 5-րդ հոդվածի գործադրումից: Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը առաջ չի գնալու այնքան, որ Հայաստանին ստիպի դիմելու ՀԱՊԿ-ին: Փոխարենը, նրանք բոլորն էլ թույլ են տալու, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի գինը վճարեն իրենց զինվորների արյունով:

Առաջին հրադադարի հայտարարությունից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջարկեց հաշտության մի հին տարբերակ, որ կոչ էր անում Հայաստանին անձնատուր լինել: Այդ տարբերակը նախկինում շատ էր քննարկվել ԵԱՀԿ-ի շրջանակներում եւ արդյունավետ չէր համարվել:

Եթե Մ. Նահանգները դրդելու է Թուրքիային, որ Ռուսաստանին ներքաշի առճակատման, իսկ Ռուսաստանը խուսափելու է առճակատումից, ապա արդյունքում տարածքների զիջումն է լինելու:

Ինչպես տեսնում ենք, ղարաբաղյան պատերազմը սոսկ տարածաշրջանային հակամարտություն չէ: Սա գլոբալ պատերազմ է, համաշխարհային գերտերությունների ներգրավվածությամբ:

Պարզ է, որ հայկական կողմը նոր տարածքներ չի գրավելու, քանի որ մղում է պաշտպանական պատերազմ: Հաղթանակը լինելու է այն, որ պահպանվեն ներկա տարածքները, որոնց մեր զինվորնեը արիաբար պաշտպանում են:

Եթե փորձենք ինչ-որ մխիթարական մասնիկ գտնել այս մռայլ պատմության մեջ, դա անկասկած լինելու է աշխարհասփյուռ հայության զորակցությունը Հայաստանին եւ Արցախին: Հայերս գիտենք համախմբվել, երբ գոյութենական վտանգ է սպառնում մեզ, ինչպես դա տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժի օրերին: Զորակցությունը, քաղաքական ցույցերն ու գործողությունները եւ օժանդակության առաքումները խիստ կարեւոր եւ էական նշանակություն ունեն: Մաղթենք, որ այդ համերաշխությունը շարունակվիՙ երբ խաղաղություն հաստատվի Արցախում եւ Հայաստանում:

Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ