ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՀԱՆՋՙ ԵՐԵԿ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՑ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Երեկ նախատեսվածից ավելի ուշՙ Երեւանի ժամանակով ժամը 18 անց 33-ին Բունդեսթագում իշխող կոալիցիայիՙ ՔԴ-ՔՍ միության եւ ՍԴ խմբակցության պատգամավորների պահանջով բանավեճ հրավիրվեց «Խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի համար» թեմայով: Գերմանիայի օրենսդիր մարմնում հրավիրված քննարկումը բացեց ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաասը , որ հաղորդեց, թե խաղաղ բանակցություններին վերադառնալու հրամայականը ստիպում է ավելացնել միջազգային ճնշումը երկու կողմի վրա, իսկ ձմռանը դիմակայելու նպատակով ԵՄ եւ ԳԴՀ ֆինանսական սատարում կտրամադրեն պատերազմից տուժած շրջաններին: Վերջինը Կարմիր խաչին արդեն տրամադրել է 2 միլիոն եվրո: Տարբեր խմբակցությունների 13 բանախոսներ մինչեւ ժամը 19.47- ը վերահաստատեցին, թե Ադրբեջանն է ռազմական ագրեսիա սկսել ԼՂ վրա եւ որ այդ երկիրն է խախտում հումանիտար հրադադարը, կրկնեցին, թե ռազմական հանցագործություններն ակնհայտ են, պիտի քննվեն միջազգային դատարանում, Թուրքիային չխնայեցին, իսկ ռազմական առումով շահեկան վիճակում գտնվող Ալիեւից պահանջեցին հենց այս պահին վերադառնալ բանակցային սեղան, այլապես կզրկվի ԵՄ սատարումից: Կանդրադառնանք: |