RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



Տեղադրվել է` 2020-10-29 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 7417, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՊԱՆ ԿԳԱ, ՉԷ՞...

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս

- Պապան ո՞ւր ա, ե՞րբ կգա...

- Հիմա փոքր ես, երբ մեծանաս, կհասկանաս ուր ա պապան, ինքը հիմա չի գալիս, որ դու խաղաղ երկնքի տակ մեծանաս...

Հենց այսպես է սկսվում օրը Նիկողոսյանների տանը, փոքրիկ Արամը սպասում է հոր վերադարձին:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան անհետեւանք չթողեց նաեւ Նիկողոսյանների ընտանիքին: 28-ամյա Տարոն Նիկողոսյանը հաղթանակ կերտողներից մեկն էր, նա լույսը խավարից զատեց զենքով, կամքով եւ իր կյանքով:

Տարոնը ծնվել է 1992թվ-ինՙԱրագածոտն մարզի Գեղադիր գյուղում, սովորել տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ գերազանց հանձնելով քննությունները ընդունվել Տյումենի Պրոշլյակովի անվան ռազմաինժեներական ուսումնական հաստատություն:

«Լավ սովորող աշակերտ էր, համեստ, ընկերասեր, կամեցող տղա էր :Շատ ընկերներ չուներ, բայց ում հետ մոտ էր, շատ նվիրված էր: Ուներ հումորի զգացում: Հարգում եւ սիրում էր ուսուցիչներին: Պատրաստակամ էր նաեւ, ձեռքից եկածը կարող էր նվիրել բոլորին»,- պատմում է ուսուցչուհինՙ Ջեմմա Վարդանյանը:

Եղբայրը հիշում է. Տարոնը իդեալիստ էր, ձեռնարկած որեւէ գործ կատարելության էր հասցնում:

«Երեք եղբայր էինք ու մեր երեքի մեջ ինքը ուրիշ էր: Իր կարծիքը իմ համար շատ կարեւոր էր, ինքը իմ թիկունքն էր, իմ մեծն էր:Հիշում եմ, երբ բակի բոլոր երեխաներին հավաքում ու խաղեր էր սովորեցնում ու բոլորն ուզում էին գեթ մի վայրկյան ավել մնալ, մի քիչ ավել խաղալ, մի քիչ ավել իրենից սովորել»,- մեզ հետ զրույցում ասաց հերոսի եղբայրըՙ Հայկը, ավելացնելով«Չնայած ֆիզիկապես մեր հետ չի Տարոնը, բայց էն սերը, էն հույսը, էն բարությունը, որ իրենից է մնացել, հավերժ մեզ հետ է լինելու»:

Տարոնը վաշտի հրամանատար էր, կապիտան: Ամուսնացած էր, ուներ 2 որդիՙ 1 տարեկան Վահեն ու 4 տարեկան Արամը:

«Աշխարհին որ կողմից էլ նայեմՙ մեկ է, Տարոնիս էլ չեմ տեսնելու»,- կոկորդը խեղդող արցունքների միջից ասում է կինըՙ Տաթեւը, ապա շարունակում «Կյանքից նեղացած լինելով հանդերձ շնորհակալ եմ, որ ես եմ ստացել նրա սերը: Տարոնը էն մարդն էր, որ շատ նվիրված էր ընտանիքին, աշխատանքից րոպե առաջ տուն էր գալիս, որ ազատ ժամանակը մեզ հետ անցկացներ: Ինքը ամեն մի օրը տոն էր դարձնում մեզ համար: Որոշել էինք երբ գար, Արամիկին լողի ու բոքսի էինք տանելու, բայց հիմա Արամիկի մտքում մի բան է միայնՙ պապայի նման զինվոր դառնալ»:

Տաթեւը մեծ ցավով է մեջբերում ամուսնու խոսքերը

«Ասեց, դուխդ չքցե՛ս, կնիկ, հետ եմ գալու, լավ նայեք ձեզ, կարոտել ու սիրում եմ ձեզ շատ, կզանգեմ... Ա՛խ, երանի իրոք հետ գար, ամեն ինչ կտայի, ամեն բան կտայի»:

Մեր հերոսը անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների եւ հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի: Նա ընկավ կռվում, բայց ընկերներից ամեն մեկի մեջ մի փոքր մաս թողեց իրենից:Ճանաչենք մեր հերոսներին, ավարտենք իրենց գործը, որ իրենց երազանքները անկատար չմնան, փոխեն աշխարհը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ