RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



Տեղադրվել է` 2020-10-29 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1599, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՍԻԲԱՀԱՐՎԱԾ

ՆԱԻՐ ՅԱՆ

Անթասիբները ձախ կողմի վրա շարվեն, թասիբովներըՙ աջ:

Թասիբ բառը հայերեն չէ. մենք ունենք համարժեքՙ պատիվ, արժանապատվություն բառերը, բայց հայերիս համար հենց թասիբ բառն է լիարժեքորեն արտահայտում պատիվ, արժանապատվություն, ինքնասիրություն, հպարտություն բառերի իմաստային ամբողջականությունը: Հայի ականջին հենց հնչում է «թասիբ» բառը, նա անմիջապես ձգվում է, զգաստանում: Հայի թասիբը կասկածի տակ առնելը նշանակում է նրան մահացու վիրավորել:

Վարչապետ Փաշինյանը նպատակահարմար գտավ իր հերթական «լայվ»-ում հենց թասիբ բառը «խաղացնել»ՙ ուղղակիորեն խաղալով հայ ժողովրդի թասիբի հետ: Նրա տեսաուղերձից հետո մինչեւ ուշ գիշեր սոցցանցերում թասիբահարվածները, թասիբազրկվածները, թասիբաբեկվածներն իրենց դառը բախտն էին լալիս. «Էսքանից հետոՙ երեսներիս շրխկացնենՙ թե թասիբ չունե՞ք»:

Իմիջիայլոց, վիրավորանքը հայ տղամարդկանց հետ կիսում էին նաեւ հայ կանայք, որովհետեւ այս օրերին բոլորն են զինվորագրվել պատերազմին: Հայ կինն իր ամուսնու, որդու, եղբոր, հոր կողքին է, հավասարապես կիսում է պատեարզմի ծանրությունը ու հե՛նց թասիբով տանում ամենադաժան կորուստների ցավը:

Մի ամբողջ ժողովուրդ ինքնակազմակերպվելու, վտանգի պահին համախմբվելու, մի բռունցք դառնալու ֆենոմենի շնորհիվ կարողանում է բանակ պահել, զինվորին շոր ու կոշիկ, ուտելիք ու անսահման սեր ուղարկել, կարողանում է արցախցի հարյուրավոր ընտանիքների հոգսը քաշելՙ լուռ, անտրտունջ, մեծ նիրումով, կարողանում է իր աշխատավարձից գումար փոխանցել հիմնադրամին: Ու մեկ ամսից ավելի ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ կառավարությունը մի անգամ չհարցրեցՙ կասկածելի թասիբի տեր ժողովուրդ, ինչպե՞ս ես ապրում, ինչի՞ կարիք ունես, ինչպե՞ս ես այս ծանր բեռը տանում, թիկունք ու ռազամաճակատ պահում:

Մենք տանող, ներող, համբերող, դիմացկուն ժողովուրդ ենք: Մենք մութ ու ցուրտ տարիներին պատերազմ ենք հաղթել, Արցախ ենք ազատագրել, երկրաշարժի վերքերն ենք բուժել, տասնյակ հազարավոր զոհեր ենք տվել, բայց չենք կորցրել մեր թասիբը: Մեր սոված երեխաները հացի հերթ են կանգնել, բայց ուրիշից մի հաց չեն գողացել, խանութ ու բանկ չեն թալանել, ինչպես կանեին քաղաքակիրթ Եվրոպայի որեւէ երկրում:

Մի ամբողջ ազգ ապրում էՙ սեւը ներս արած, սպիտակըՙ դուրս, իր յուղի մեջ տապակվելով, իր ցավը լուռ սգալով, աղոթքով ու հավատով, որ հաղթելու ենք, միայն թե իշխանություններն ամեն լուման խելամիտ, հասցեական ծախսեն, ամեն ինչ մի կողմ դնեն ու ֆինանսական բոլոր ռեսուրսները զենքի վերածեն, հակաօդային պաշտպանությունն ուժեղացնեն, որ թուրքի լամուկները, բունկերներումՙ ապահով, անվտանգ, հեռավար ԱԹՍ կառավարելով, մեր լուսավոր, սիրուն տղերքին տասնյակներով ու հարյուրներով չկոտորեն:

Հիմա տեխնոլոգիաների պատերազմ է. պատերազմը ցամաքից տեղափոխվել է երկինք, հիմա օդային պատերազմ է, մեր տղաները դեռ ավտոմատներով, ցամաքի վրաՙ հարթավայրերում, թշնամու օդային հարձակումներ են հետ մղում: Միայն թե մենք էլ ԱԹՍ-ների մեծ խմբաքանակ գնենք ու հավասար մարտեր մղենք, պատրաստ ենք ամեն ինչի, մեր հագի վերջին շապիկն էլ կվաճառենք, միայն թե ռազմաքաղաքական ղեկավարները զենք առնեն: Երազում ենք, պատկերացնում ենք, երեւակայում ենքՙ Չինաստանի՞ց կառնեն, թե՞ Կորեայից, իսկ միգուցե այլ երկրից. ու մեկ էլՙ շրը՜խկ. Երեւանի քաղաքապետարանը 49 միլիոն դրամ է հատկացրել ինչ-որ ավտոկայանատեղի կառուցելու համար: Մեկ էլ պարզվում էՙ երբ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ լայնածավալ պատերազմ է սանձազերծվում, ընդամենը երեք օր հետո ՀՀ կառավարությունը ամբողջությամբ մարում է 2013 թվականի պարտքի մնացած մոտ 100 միլիոն դոլարը: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին ցուցանիշներովՙ ամենաառատաձեռնը Հայաստանի քաղաքացիներն են: ԱՄՆ-ի մեծահարուստ հայերից հետո ամենաշատը ՀՀ շարքային քաղաքացիներն են հանգանակություն արել հիմնադրամին, էլ չենք խոսում Զինվոր հիմնադրամի մասին, որի նվիրատուների մեծ մասը տեղի մեր ազգաբնակչությունն է:

Երջանկահիշատակ Կարեն Վարդանյանն ասում էրՙ ոչ թե մարդկային բանակ, այլ ԱԹՍ-ների բանակ ստեղծեք. այսօր պատերազմող ու անգամ չպատերազմող յուրաքանչյուր երկիր հստակ գիտե, որ քսանմեկերոդ դարի պատերազմն այլեւս ցամաքային չէ, այեւս մարդկային ուժի վրա չի հիմնված, այլ նորագույն հզոր զինատեսակների:

Այսքան տարի չենք զինվել, քթներիս տակ Ադրբեջանն ու Թուրքիան ամենահզոր զենքերն են ձեռք բերել, Նախիջեւանում համատեղ զորավարժություններ արելՙ ի տես Հայաստանի ու Արցախի, ի լուր աշխարհի հայտարարել, որ մեծ ու փոքր եղբայրները ռազմական դաշնակից են: Դրան գումարվեցին տավուշյան դեպքերը, բայց հուլիսի 27-ին «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցն այս ամենն ի մի բերելովՙ հայտարարեց. «Թուրքիան չի ներգրավվի արցախաադրբեջանական կոնֆլիկտում»: Ամո՛թ Թուրքիային, Մակունցի խոսքը գետնով տվեց:

Թուրքիան ոչ միայն ներգրավվեց, այլեւ գլխավոր խաղացող դարձավ, ու արդեն մեկ ամսից ավելի 2,5 միլիոնից էլ քիչ հայ ազգը դիմագրավում է թուրք-ադրբեջանական ցեղասպան ագրեսիային, պանթուքիստական կայսրությունն իրականություն դարձնելու մեծ ծրագրինՙ մեկ վայրկյան անգամ չկասկածելով, որ թեկուզ վատ զինված, շատ զոհեր տալով, բայց հաղթելու ենք: Ու հանկարծՙ «անթասիբ ժողովուրդ, դավաճաններով լցված թիկունք ու ռազմաճակատ, մենք համաձայն ենք թեկուզ ցավոտ փոխզիջման, բայց Ադրբեջանն ուզում է Արցախի կապիտուլյացիան». պարտվողի, պարտվածի ու հետագա պարտությունների պատրաստ ղեկավարի ելույթ: Մենք չենք ուզում կապիտուլյացիա, որովհետ- ուզում ենք ցավոտ փոխզիջում, չնայած դուՙ Ադրբեջան, անգամ մեր ցավոտ փոխզիջմանը, ցավոք, համաձայն չես: Արցախցուն, հայաստանցուն որեւէ մեկը հարցրե՞լ էՙ ցավոտ փոխզիջումների պատրա՞ստ ենք: Մի ամբողջ օր երկինքը գլխներիս մթնածՙ ապրեցինք: Ապրեցինք խոր վիրավորանքի, ցասումի զգացումով, վերապրեցինք ամենաթանկըՙ իրենց որդիներին հանուն հայրենիքի զոհաբերած մոր ու հոր տիեզերական ցավը, մեր հայացքներում ծրարեցինք մեր հերոսացած տղաների լուսավոր ժպիտներն ու ամեն մեկս մեր հոգու ձորում ամբողջ կոկորդով գոռացինքՙ անթասիբը դո՜ւ ես:

Հաջորդ օր. հաջորդ ելույթՙ ժողովուրդ ջան, երեկվանը մի տեսակ սխալ եք հասկացել, բայց երեկվա ասածն ուժի մեջ է: Հիմա նույնն եմ ասում, բայց թասիբ-մասիբ, դավաճան-մավաճան իրար չեմ խառնում: Վերջում էլ կարտասանեմ ձեզ համար:

Երեկ տրագեդիա, այսօրՙ տրագիկոմեդիա: Ռուսատանը, Թուրքիան սիրիական սցենարով ռազմաքաղաքական խնդիրներ են լուծում, Արցախի ու Հայաստանի ժողովրդին դարձրել են քավության նոխազ, մեր տղերքը բիբլիական ուժով ամեն օր հետաձգում են համաշխարհային երրորդ պատերազմի մեկնարկը, աշխարհաքաղաքական բեկումնային իրողությունները հայոց պետականության լինել-չլինելու հարցն են վիճարկում, իսկ մեր տանջալից երեկոներն անցնում են «լայվ»-երի տեղատարափի տակ:

Աշխարհը վերաձեւում է Հայաստանն ու Արցախը, նրան տարածք է պետք, ու ոչ մեկին չի հետաքրքրում այդ տարածքում ով կապրի, բայց լավ կլինիՙ հայը չապրի, իսկ մենք աշխարհին աչքալուսանք ենք անումՙ Արցախի կապիտուլյացիա:

Դե, ժողովուրդ ջան, տեսա՞ք, որ արցախյան հարցի կարգավորումը խաղաղ ճանապարհով չստացվեց, որովհետեւ, ո՜վ զարմանք, պարզվում էՙ մեր հարեւանները ռազմատենչ են, պատերազմին պատրաստվել էին վաղուց, ժամանակ էին ունեցել այդ ընթացքում սիրիացի, պակիստանցի, թուրք գրոհայինների հետ բանակցել, նրանց վարձել-բերել Ադրբեջան: Այ քեզ բա՜ն, ու ամենաանհավանականը, պարզվեցՙ Ալիեւը ոչ էլ կիրթ մարդ է: Ժողովուրդ ջան, ինչպես տեսաք,մենք կռվեցինք, ես էլ էի առաջին իսկ օրվանից ռազմի կոչեր անում, ձեզ թասիբի գցում, բայց դուքՙ բացի 13+1-ից, կին-տղամարդ չկամավորագրվեցիք, դրա համար Կուբաթլին, Ջաբրայիլը զիջեցինք թշնամուն, ու այսուհետեւ էլ ինչ լինի, դուք եք մեղավոր, մեղքն ինձ վրա չգցեք: Ես ձեզ էն գլխից էի ասումՙ դիմակ դրեք ու 24 ժամ հերթ կանգնեք զինկոմիսարիատներում:

Հ.Գ.- Եթե մեզ այսօր համաշխարհային ծաղրանքի չեն ենթարկում, դա ՄԵՐ ԹԱՍԻԲՈՎ ՏՂԵՐՔԻ շնորհքն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ