RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



Տեղադրվել է` 2020-10-29 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1330, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Այս տարի լրացավ հայ ժողովրդի երախտավորներ Ղեւոնդ Ալիշանի եւ Մկրտիչ Խրիմյանի 200-ամյա հոբելյանները: Ղ. Ալիշանի հոբելյանն ինչ-որ չափով ու ձեւերով նշվեց (գիտաժողով Շուշիում), բայց Մ. Խրիմյանինը` ոչ մի կերպ: Հասկանում եմ, սկզբում գահավարակը, հիմա էլ մեր սրբազան գոյամարտը ժամանակ, տրամադրություն եւ հնարավորություն չեն տալիս: Գիտեմ, մեր անմեղ, դեռ անբեղ ու անմորուք նահատակների ցավը ճնշում է, խեղդում, որ անդառնալի է նրանց կորուստը, որ սերնդաշարունակության պրոբլեմ ունենք արդեն, որ պատերազմը շարունակվում է, որ պատերազմի դաշտում «փլավ չեն բաժանում»... Բայց մասնագիտության բերումով գիտեմ նաեւ, որ այսպիսի փորձություններ էլի ենք ունեցել, այսպիսի արհավիրքներ էլի ենք հաղթահարել եւ, վստահ եմ, սա էլ կհաղթահարենք ու փառավոր հաղթանակ կկերտենք: Քանի որ մեր հաղթանակի աղբյուրը միշտ եղել է մեր հոգեբանական գերազանցությունը մեր բոլոր թշնամիների նկատմամբ: Քանի որ մենք միշտ պայքարել ենք մեր տունն ու հայրենին պաշտպանելու եւ խաղաղ-ստեղծագործ աշխատանքով արարելու-ապրելու համար: Քանի որ միշտ մեր գործն արդար է եղել: Անչափ կարեւոր է նաեւ այն, որ ամենադժվարին պահերին անգամ չենք դադարել ստեղծագործել, երբեք աչքաթող չենք արել մեր մեծերին, հիշել ենք նրանց ու նրանց թողած պատգամները, հետեւել նրանց խորհուրդներին, սերտել նրանց դասերը:

Յուրաքանչյուր պատմական փուլում որեւէ անհատ կարեւոր դերակատարություն է ունեցել, որի համար էլ երբեմն այն անվանվել է այդ գործիչի անունով: Այդպիսի գործիչ էր նաեւ Մկրտիչ Խրիմյանը: Այնպես որ, XIX դարի երկրորդ կեսը հանգիստ խղճով կարող ենք բնորոշել որպես Խրիմյանի ժամանակը: Գործիչ, որը կարողացավ մեկտեղել հոգեւորականի սքեմն ու ազգային-ազատագրական պայքարի կազմակերպիչի ու ղեկավարի պատվաբեր առաքելությունը, իր խոսքով եւ գործերով հավատակիցների հետ միասին կարողացավ դարավոր ընդարմացումից դուրս բերել հայ ժողովրդին եւ սերունդներին փոխանցեց սեփական հայրենիքում ազատ, անկախ ու մարդավայել ապրելու վեհ գաղափարը:

Իբրեւ հոգեմտավոր եւ ազգային-քաղաքական մեծագործ հեղինակություն, հայոց հազարամյակների պատմության ոսկեմատյանում, անկասկած, իր վեհաշուք տեղն ունի հայ ժողովրդի ամենաալեծուփ ժամանակաշրջանում հայոց հողի ու այդ հողի աշխատավորի մեծագույն խորհուրդն ու արժեքը լավագույնս գիտակցած ու դրա համար իր ողջ կյանքը նվիրաբերած Մկրտիչ Խրիմյանը: Մարդ, որն իր հոգեւոր ծառայությամբ, իր գրական ստեղծագործություններով, իր հրապարակագրական վաստակով, իր բանավոր քարոզներով եւ ազգային, քաղաքական ու հասարակական եռանդուն գործունեությամբ` ավելի քան վեց տասնամյակ առաջնորդող ներկայություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում: Եղավ հայոց մեծ դաստիարակը, որ իր վարակիչ օրինակով խորհրդանշեց ազգի ու հայրենիքի նկատմամբ անսակարկ անձնվիրումը, հայոց ազգային ու տոհմիկ արժեքների անխաթար պահպանումը, հայ եկեղեցին եւ հայ միտքը դարավոր գերության հետեւանք ուծացումից ու այլասերումից վերականգնելու եւ վերանորոգ թափով լուսավորելու աննկուն պայքարը:

Մ. Խրիմյանի հասարակական, կրոնական ու ազգային գործունեությանը հայ ընթերցողն հիմնականում ծանոթ է: Պահպանվել ու մեզ են հասել զգալի թվով արխիվային վավերագրեր, որոնք պահվում են Հայաստանի (կաթողիկոսկան դիվանի 56 եւ Սինոդի օրագրությունների 57 ֆոնդեր) եւ այլ երկրների (Ռուսաստանի արտաքին քաղաքականության արխիվ) արխիվային հաստատություններում: Առանձնակի կարեւորություն է ներկայացնում հատկապես Ե. Չարենցի անվան Գրականության եւ Արվեստի թանգարանի (ԳԱԹ) արխիվը, որտեղ պահվում է Մ. Խրիմյանի ֆոնդը: Այստեղ են Մ. Խրիմյանի բազմաթիվ նամակներն ուղղված տարբեր տեղերում բնակվող հայ եւ օտար գործիչներին: Միայն Գ. Սրվանձտյանցի ֆոնդում են պահվում Խրիմյանի ձեռքով գրված 269 նամակ: Կարեւոր են նաեւ տպագիր սկզբնաղբյուրները` «Դիվան հայոց պատմության» 13-րդ հատոր, «Ամենայն Հայոց Հայրիկ», «Ատենագրութիւնք Ազգային ժողովոյ» եւ այլն: Անփոխարինելի աղբյուր են նաեւ «Արծուի Վասպուրական» ամսագրում տեղ գտած Խրիմյանի գրչին պատկանող նյութերը եւ վերջապես նրա թողած հարուստ գրական-գեղարվեստական եւ ծրագրային հրապարակախոսական ստեղծագործությունները:

Խրիմյանն իր հայրենանվեր գործունեության համար անսահման ժողովրդականություն է վայելել: Այդ պատճառով էլ դարձել է շատերի ուշադրության առարկան: Նրա մասին հետաքրքրական հուշեր են թողել Ե. Տեւկանցը («Տոհմային յիշատակարաններ»), Հ. Երամյանը («Հուշարձան Վան-Վասպուրականի»), Ա. Թերզիպաշյանը («Արծիւը իր բոյնին մէջ»), Ռ. Խանազատի («Յիշողություններ Խրիմեանի մասին»), Ե. Տեր-Մկրտչյանի («Գանձեր Վասպուրականի»), Ս. Փափազյանի («Պատգամաւորի մը յուշատետրը»), Յ. Նշկյանի («Առաջին կայծեր») եւ այլք:

Անհամեմատ մեծ թիվ են կազմում Մ. Խրիմյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ուսումնասիրությունները: Դրանք կարելի է խմբավորել` ա) ազգային-ազատագրական պայքարին, բ) եկեղեցական գործունեությանը եւ գ) գրական ժառանգությանը նվիրված երկեր: Հայ եւ օտար հեղինակները մեծաթիվ էջեր են նվիրել եւ ներկայացրել Մ. Խրիմյանի գործունեության այս կամ այն ուղղությունը: Առաջիններից մեկը Խրիմյանի մասին գրեց Ծերենցը «Կաթողիկոսություն եւ Խրիմյան» երկում փորձելով ներկայացնել Խրիմյան երեւույթը հայության կյանքում: Մյուսը Հ. Առաքելյանն էր, որը Խրիմյանին որակեց որպես համազգային եւ ապագա կերտող գործիչ: Խրիմյանի գործունեության առաջին գիտական գնահատականը տրվեց Մ. Վարանդյանի կողմից, որ նրան համարեց ազատագրական պայքարի գլխավոր կազմակերպիչ: Ծավալուն եւ խորքային անդրադաձ կա Սարուխանի, զգուշավոր, զուսպ եւ ժլատ, բայց ամփոփ գնահատական Մ. Օրմանյանի, որպես ազգային-ազատագրական գաղափարի ստեղծիչ Գ. Գյոզալյանի, հայ-քրդական հիմնախնդիրը ճիշտ պատկերացնողի` Կ. Սասունու, որպես դաստիարակի` Վազգեն վեհափառի եւ այլոց երկերում: Խրիմյանի գործունեությունը լուսաբանող բազմատեսակ մոտեցումներով են գրված Հ. Աճեմյանի, Ա. Չոպանյանի, Ա. Ալպոյաճյանի, Լ. Չորմիսյանի, ինչպես նաեւ տասնյակից ավելի ռուսալեզու եւ նույնիսկ թուրքալեզու աշխատությունները: Չնայած գաղափարախոսական սահմանափակումներին, Խրիմյանի գործունեությանն անդրադարձել են նաեւ ԽՍՀՄ տարիներին` Լեոն, Ա. Հովհաննիսյանը, Մ. Ներսիսյանը, Վ. Պարսամյանը, Դ. Մուրադյանը, Ռ. Հովհաննիսյանը, Հ. Ղազարյանը, Վ, Երկանյանը, Ծ. Աղայանը, Մ. Մխիթարյանը, Վ. Բարխուդարյանը եւ շատ ուրիշներ: Խրիմյանի կյանքին եւ հասարակական-քաղաքական, հոգեւորական գործունեությանը նվիրված ամբողջական ուսումնասիրություն է հեղինակել Է. Կոստանդյանը: Այն շահեկանորեն տարբերվում է իր նախորդներից ժողովրդական գործիչի կյանքն ու գործունեությունն ամբողջական ներկայացնելու եւ Խրիմյանի հետ կապված մի շարք վիճելի հարցերին հիմնավոր եւ սպառիչ պատախանելու կարեւոր առումներով:

Սիամանթոյի բնորոշմամբՙ «Ազատութեան ջահակիր»ը եղավ Մ. Խրիմյանը: Մարդ, որը երկու հիմնական ուղղություններով հեղաշրջեց հայ իրականությունը:

Առաջի՛ն. հայ մարդու միտքն ու հոգին սեւեռեց դեպի բոլորից լքված եւ բռնակալներին ոտնակոխ հայկական գավառները, դեպի անհուն վիշտով ու անսահման բարությամբ տոգորված հայ գեղջուկը, դեպի բոլորի կողմից մոռացված Հայաստան աշխարհը:

Երկրո՛րդ. «Հերիսայի» եւ «Թուղթէ շերեփի» իր պատմական քարոզովՙ Խրիմյանը նոր դարաշրջան բացեց հայ ժողովրդի առջեւ: Հունավորեց Հայաստանը ոչ միայն իբրեւ հոգեմտավոր տարածք, այլեւ ու առաջին հերթին իբրեւ աշխարհաքաղաքական իրականություն վերականգնելու ճամբան: 1878 թ. օգոստոսին, Բեռլինի տխրահռչակ վեհաժողովից հիասթափված վերադառնալով` վառեց ազգային-ազատագրական պայքարի գաղափարական խարույկը: Նրա պատմակերտ երկաթե շերեփի քարոզից շունչ ու թափ առավ «Միայն զէնքով կայ հայոց փրկութիւն» պատգամող մեծագույն իմաստությունը, որը մեր օրերում էլ ավելի քան արդիական է:

Մկրտիչ Խրիմյանի ամբողջ կյանքը ճշմարտության եւ արդարության փնտրտուք եղավ: Նա, բառի ամենաընդգրկուն եւ խորը իմաստով` լուսավորիչ էր, ազնիվ եւ ժողովրդի հանդեպ ունեցած սիրո մեջ էր փնտրում իր փառքը: Ստեղծագործական ու պայքարի բովում ապրեց իրեն շնորհված ամբողջ կյանքը եւ, ինչպես սիրված ժողովրդական երգում է ասվում` «ծերացաւ` Ազգին համար խորհելով»...:

Ազգաշահ գործի մարտիկը նվիրումի ձիգ ու քարքարոտ ճանապարհին մշտապես առաջնորդվել է մի սեւեռուն գաղափարովՙ ազատագրել Հայաստանը բռնատիրության ճիրաններից, աշխարհով մեկ սփռված հայերին հավաքել հայրենիքում, հոգեւոր ու նյութական բոլոր ուժերը կենտրոնացնել երկրում եւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ այլեւս հայը չհեռանա իր դրախտանման ոստանից. նրան տանջում էր այն պարագան, որ գեղջուկը հարկադրված թողնում էր իր սրբազան հողը ու գնում բախտ որոնելու օտար երկինքների տակ: Գաղթավայրը Խրիմյանի կարծիքով որքան էլ բարգավաճ ու խոստումնալից, պանդուխտ հայի համար դրախտավայր չէր կարող լինել: Նրա համար բոլոր դժվարին հարցերի պատասխանն ու ելակետը բուն հայրենիքն էր, երկիրը, իսկ գաղթավայրերի խնդիրը ածանցյալ էր հայրենիքին:

Հայրենիքին անմնացորդ նվիրյալի կյանքում առանձնահատուկ տեղ էր գրավում ազգային ինքնագիտակցության եւ զարթոնքի շրջանում առաջադեմ մտավորականների հետ միասին ազգային-ազատագրական գաղափարախոսության բյուրեղացման ու դրանք կյանքի կոչելու գործին ամենաակտիվ մասնակցությունը: Հատկապես Վասպուրական աշխարհում գործելու տարիներին Մ. Խրիմյանի խորհուրդներով, իսկ երբեմն էլ անմիջական մասնակցությամբ տարբեր «անմեղ» անուններով հիմնադրվում էին ազատագրական խմբակներ (օրինակ`«Սեւ խաչը»): Իրատես Խրիմյանի համար ելակետային էին «զորք ու զորապետներ պատրաստելը եւ պատեհ ժամանակին» պայքարի դուրս գալը: XIX դարի 80-ական թթ. ազատագրական գաղափարախոսության ռահվիրաններից Մկրտիչ Փորթուգալյանի հետ Մ. Խրիմյանը գաղափարական սերմնացանը, խորհրդատուն եւ կնքահայրը եղավ 1885 թ. Վանում հիմնադրված հայ իրականության մեջ առաջին եւ միակ երկրածին Արմենական կուսակցության:

Մ. Խրիմյանի կենսագրության գրեթե բոլոր մանրամասները հայտնի են, ուստի չենք անդրադառնա դրանց: Միայն նշենք, որ շուտ է որբացել հորից, եւ նրա դաստիարակությամբ զբաղվել է հորեղբայրը: 1842 թ. հաստատվել է Կ. Պոլսում, ամուսնացել է եւ ունեցել դուստր, սակայն նրանք մահացել են եւ նա 1854 թ. դարձել է կուսակրոն ու ձեռնադրվել է վարդապետ: 1855-1856 թթ. Կ. Պոլսում հրատարակել է «Արծուի Վասպուրական» ամսագիրը: Եղել է Վարագավանքի վանահայրը, 1862 թ.` Տարոնի հոգեւոր առաջնորդ: Հասարակ մարդկանց ցավ ու հոգսերով տառապող գործիչն ամենուր պայքարում էր հանուն ժողովրդի շահերի, որի համար ժողովուրդը նրան մեծարեց «Հայրիկ» պատվանունով: 1869-1873 թթ. եղել Կ. Պոլսի հայոց պատրիարքը, իսկ 1878 թ.` Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավարը: Վերադառնալով վեհաժողովից, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, նա դառնացած արձանագրեց, որ անտեղի, իզուր էին հայ ժողովրդի հույսն ու հավատը` թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քազաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ ենՙ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը: Ի վերջո այդ ամենից Հայոց Հայրիկը ամբողջ դեմքով շրջադարձ կատարեց դեպի ազգային-ազատագրական պայքարը եւ ի զեն կոչեց ժողովրդին: Երկաթե շերեփի գաղափարի հեղինակը միաժամանակ պարզաբանում էր, որ ժամանակակից քաղաքական պայքարը ցույց է տալիս, թե երկաթե շերեփը եւս ամենազորեղ, ամենաազդու կամ մանավանդ միակ միջոցը չէ: Պարզվում էՙ ոչ պակաս նվաճումների կարելի է հասնել, եթե շերեփը ազնիվ մետաղից է:

Այդ պահից նրա գործունեության առաջին շրջանը, որը կապված էր գլխավորապես Թուրքիայի ավազակապետության հետ, փոխարինելու եկավ նոր փուլ: Նրա կյանքի վերջին տարիները խռովեցին ցարական կառավարության հակամարդկային գործողությունները:

Ճշմարտության եւ արդարության մարտիկն իր ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր ճանաչումՙ կենդանի խոսք, գրիչ, տպագրություն: Պատահական չէ, որ Խրիմյանի հայրենանվեր գործելակերպը եւ գաղափարական նկրտումները հող նախապատրաստեցին հասարակական-գրական այն շարժման համար, որ 90-ական թվականներին հայտնի դարձավ «գավառական գրականություն» հորջորջումով: Շարժումն հաստատում էր այն ճշմարտությունը, թե ազգային մշակույթի ու գրականության կենսատու եւ հուսալի հենարանը մայր երկիրն է, ուր վաղնջական ժամանակներից ապրել է ժողովուրդը` իր կենցաղով, ընկերային-տնտեսական հարաբերություններով, ստեղծել իր նյութական ու հոգեւոր արժեքները, ուր ձեւավորվել է տոհմային ոգին ու բնավորությունը:

Ի հակակշիռ գաղթավայրերում բարգավաճող գրականության, այն պետք է արտացոլի բուն երկրի կյանքը, ժղովրդի հոգսերը, կենցաղը, երազանքները, հայրենի բնությունը` հարազատ գույներով:

Խրիմյանը գրել է կրոնաիմաստաբանական երկեր («Վերջին շաբաթ եւ Խաչի ճառ), «Մարգարիտ Արքայութեան երկնից»), հրապարակախոսական-պատմական հոդվածներ («Ժամանակ եւ խորհուրդ իւր», «Թագաւորաց ժողով», «Ծրագիր բարենորոգմանց» եւ այլն), բանաստեղծություններ, որ ամփոփված են «Վերջալոյսի ձայներ» ժողովածուի մեջ, «Ողբացող Խորենացին» քերթվածքը եւն, սակայն նրա մուտքը գրական ասպարեզ նշանավորվեց առավելապես «Պապիկ եւ Թոռնիկ» երկով (1894), որը պարունակում է կենդանի ու վառ պատկերներ Վասպուրականի գյուղական իրականությունից, կենցաղի ու ավանդույթների նկարագրություններ, բնության տեսարաններ, ժողովրդական խոսք ու զրույցներ, փիլիսոփայական իմաստություններ ժամանակի, կյանքի ու աշխարհի մասին: Չնայած արտացոլում էր 60-70-ականների իրականությունը եւ բովանդակում այդ ժամանակաշրջանի միտումները, «Պապիկ եւ Թոռնիկը», սակայն, արձագանքում է նաեւ դարավերջի հրատապ խնդիրներին: Ավելին. իբրեւ գրական երեւույթ նրա երեւան գալը համընկնում էր «գավառական գրականության» զարգացման նոր փուլին, որ նշանավորում էր անցումը դեպի գեղարվեստական գրականություն:

Բացի արդարության եւ ազատության իդեալները հաստատելուց, հայրենիքի ու ազգի բարօրությունից, Խրիմյանը կարեւոր էր համարում նաեւ ժողովրդի պատմական ավանդությունները գրի առնելն ու մամուլին ի պահ հանձնելը: Վառ հայրենասիրական կրքով շնչող նրա երկերը գրված են հայ ժողովրդի երկու հատվածին հավասարապես հասկանալի ու մոտ լեզվով: 1876-ին Վանի հրդեհի ու կողոպուտի կապակցությամբ Հայրիկը հեղինակեց «Վանգոյժը», որ քնարերգություն է ամբողջովին արյունով ու արցունքով գրված: Պատկերելով աղետը, նա գիտակցում էր, որ բավական չէ «լալ միայն» հայրենի կորուստները, անհրաժեշտ է գործնական միջոցների դիմել: Նա ողբալով կորուստները, ջերմ ու մտերմիկ խոսքով մխիթարում, հուսադրում էր հայրենակիցներին: Աղետն ավելի մեծացավ ու ծավալվեց, երբ ծագեց ռուսթուրքական պատերազմը: Խրիմյանը զրեց «Հայգոյժը», ողբաց «վայրագ խուժերուն ձեռքէն Հայոց անտէր ժողովուրդի» կրած տառապանքները: Այս երկուսը բավական եղան հեղինակին «ԺԹ դարի Խորենացի» հռչակելու համար: Այս եւ մյուս թեւավոր խոսքերով ու իմաստուն խորհուրդներով հարուստ նրա գրքերը մեծ մասամբ ծրագրային նշանակություն ունեին եւ խոշոր ազդեցություն են թողել ժամանակի հասարակական մտքի վրա:

Հայ ժողովուրդին «Երկաթե շերեփ» պատգամած եւ դրանով մեր ազգային-ազատագրական պայքարի վեկտորը դեպի ռազմադաշտ թեքած անմոռանալի Հայրիկն իր մահկանացուն կնքեց 1907 թ. նոյեմբերի 10-ին :

Եզրակացություններ

1. Մկրտիչ Խրիմյանը Հայոց պատմության մեջ առանձնացող հոգեւորական գործիչ-մտավորական է եւ անուրանալի ավանդը ունի դրա զարգացման գործում: Այն գործիչներից, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Իզուր չէ, որ հենց ժամանակակիցներն են նրան մեծարել Հայոց Հայրիկ պատվանունով, արվեստագետները գծել են նրա դիմանկարը, բանաստեղծները փառաբանել են նրան որպես ճշմարտության անդուլ որոնողի, «գաղափարի եւ ազատության ջահակրի» (Սիամանթո):

2. Հայոց պետականության չգոյության ժամանակներում ժողովուրդն ի դեմս եկեղեցու ու կաթողիկոսների պատկերացրել են պետականության կրողին: 19-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանավոր գործիչ Մ. Խրիմյանը եւս ազատության ու անկախ պետականության գաղափարի համոզված կրողն էր եւ ամեն ինչ արեց այդ ազատությունը նվաճելու համար:

3. Նա եղավ այն տիպարը, ի դեմս որի ակնհայտ դրսեւորվեց հայ հոգեւորականի հասարակական-քաղաքական եւ ազատության պայքարին նվիրված գործիչ լինելու կարեւոր հանգամանքը:

4. Ոգեւորված ազատության հասնելու գրավիչ հեռանկարովՙ Խրիմյանը եւ իր համախոհները հայոց ռոմանտիկ ոգու հերթական կրողներն ու արտահայտիչներն էին: Նրանք հաճախ ցանկալին ընդունելով իրականության փոխարեն, «ինքնախաբվում» էին բացառապես իրենց քաղաքական շահերն հետապնդող մեծ տերությունների խարդավանքներին, իսկ վերջում խորը հիասթափություն ապրում: Խրիմյանը կարողացավ դուրս գալ այդ ինքնախաբեության գրավչությունից, առաջընթաց կարեւոր քայլ կատարեց եւ հայ իրականության մեջ առաջիններից մեկը` զենքի միջոցով ազատություն նվաճելու կոչ արեց:

5. Նա օգտագործեց գրավոր եւ բանավոր բոլոր հնարավոր միջոցները` ազգային համախմբման գործը կազմակերպելու եւ մեր պատմական անցյալի ու ներկայի անջատված օղակները կամրջելու եւ ամրակայելու համար:

6. Հայոց Հայրիկը պատկանում է այն անմահների շարքին, որոնք կանգ չեն առնում այնտեղ, ուր վրա է հասնում նրանց մահը, այլ շարունակում են ապրել իրենց ծնող ժողովրդի արարումներում եւ դառնում անմահ: Ու թեեւ Խրիմյանին եւ նրա համախոհներին չհաջողվեց նվաճել բաղձալի ազատությունը, սակայն նրանք կարողացան այդ գաղափարը փոխանցել հաջորդ սերունդներին:

7. Խրիմյանի կյանքն ու գործունեությունը յուրահատուկ դպրոց դարձավ հետագա սերունդների համար: Նա իր «Երկաթե շերեփի» պատգամով մեր ազգային-ազատագրական պայքարի վեկտորը անվերադարձելիորեն թեքեց դեպի ռազմադաշտ: Իրողություն, որը բազմիցս (նաեւ հենց այսօր) քննություն է բռնում մեր ազգապահպաման գոյապայքարում եւ որի պատգամները յուրացրած սերունդն այսօր ռազմի դաշտում իր աննկուն պահվածքով եւ քաջագործություններով հերոսանալը առօրյա կենցաղ է դարձրել եւ ամեն օր հավաստում է մեր մեծերի անմահությունը:

Նկար 1. Յուղանկարը` Սուքիաս Թորոսյանի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ