ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՄՈՒՀՈՏԸ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության, 3-րդ կուրս Երեւանիՙ Աբովյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկում մի քանի օր է հերթը չի վերջանում: Փողոցի մի ծայրից մյուսն է հրավիրում ժենգյալով հացի անուշ բույրը, իսկ այնտեղ մի ծածկի տակ հավաքվել են արցախցի կանայք ու պատրաստում են իրենց խոհանոցի զարդը: Տիկին Արմինեն խոհարար է, որն արդեն 15 տարի աշխատում է Ստեփանակերտի կենտրոնական շուկայումՙ պատրաստելով ժենգյալով հաց: Պատերազմի սկսվելուց հետո էլ չի դադարել աշխատել, հինգ օր շարունակ գնացել է աշխատանքի, իսկ պատրաստած ժենգյալով հացը ուղարկել է զինվորներին: Բայց վեցերրորդ օրը ադրբեջանական հրթիռակոծությունների պատճառով շուկան փակվեց եւ նա դադարեց աշխատել, իսկ արդեն ութ-իններորդ օրը հրթիռակոծությունները ինտենսիվացան եւ նրանք ստիպված տեղափոխվեցին Երեւան: «Երեխաներս Երեւանում են, դրա հսմար էլ տեղափոխվեցի այստեղ: Կամավորները մի քանի անգամ օգնություն բերեցին, բայց ինձ վատ էի զգում, մտածում էիՙ էս ինչ օրի ենք հասել, որ պետք է օգնությամբ ապրենք: Չնայած մարդիկ, որոնց մոտ ապրում եմ, շատ լավն են: Հենց ինչ-որ մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ Արցախից եկած մարդ է ապրում, միանգամից օգնություն են բերում»,- պատմում է տիկին Արմինեն: Սակայն զրուցակիցս Երեւանում էլ որոշեց ձեռքերը ծալած չնստել եւ օգտակար լինել հայրենիքին ու զիվորին: Դստերՙ Անգելինայի հետ , որոշել է Երեւանի սրտում ժենգյալով հաց է պատրաստել, իսկ վաճառքից գոյացած գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Զինվորի ֆոնդին: Եվ մի քանի օր էՙ առավոտից մինչեւ ուշ երեկո տիկին Արմինեն, քույրերը եւ Երեւանում բնակվող մի քանի կանայք աշխատում են հայրենիքը պաշտպանողների համար: «Անգամ չենք նայումՙ ով որքան գումար է տալիս: Մենք ժենգյալով հացը 600 դրամով ենք վաճառում: Օրինակՙ մեկը 20 հազար դրամ տվեց ու երկու հաց վերցրեց: Հերթը մեծ է, քրտնաջան աշխատում ենք»: Իսկական արցախյան ժենգյալով հացի մեջ տասից քսան տեսակ կանաչի կա, դրանց մեծ մասը աճում է միայն Արցախում, Երեւանում այդ տեսականիից միայն յոթը կա, ասում է տիկին Արմինեն, բայց, օրինակ, կծմնծուկ չկա... «Գիտենք, որ մեր արցախցի հայրենակիցներն են պատրաստում, դրա համար էլ եկել ենք այստեղից գնենք», ասաց հերթում սպասող կանանցից մեկը: Ժենգյալով հացի հերթը շարունակում է աճել, իսկ մարդիկ համբերատար սպասում են, թե երբ կկարողանան արցախցու ձեռքով պատրաստած ժենգյալով հաց համտեսել ու իրենց ներդրումը ունենալ համահայկական հիմնադրամներում: Տղաները ռազմաճակատում են պատերազմում, իսկ տիկին Արմինեի ռազմաճակատն ու դիրքը այստեղ է, փոքրիկ սեղանի հետեւում: Ինչպես ասում էՙ «Դիրքս չեմ թողնի մինչեւ տղաներս հաղթանակած չգան»: |