RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



Տեղադրվել է` 2020-10-29 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3301, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԻՑՙ ՀԵՐՈՍԱՑՈՒՄ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

Հոկտեմբերի 9-ինՙ Արցախում համառ մարտերի ժամանակ հերոսաբար ընկավ Կոտայքի մարզի Արզական գյուղի զավակ Նարեկ Մելքոնյանը :

Նարեկը Մելքոնյանների ընտանիքի երրորդ որդին էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի Բժշկական ֆակուլտետի ստոմատոլոգիայի բաժին: Մեկ կիսամյակ սովորելուց հետո, անդամագրվել էր «Ես եմ» ծրագրին եւ զորակոչվել բանակ:

Նարեկի մայրը հիշում է, որ ծրագրին անդամագրվել էր մեծ ցանկությամբ, ոգեւորությամբ եւ իհարկեՙ նպատակային, քանի որ ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր իր սեփական բիզնեսն սկսել:

Մայրը պատմում է, որ սկզբից չեն ցանկացել, քանի որ թե՛ վտանգավոր էր, եւ թե՛ երեք տարին երկար էր, բայց Նարեկը բացատրել էր, որ արձակուրդներով եթե հաշվենՙ երկար չի թվում:

Իսկ արդեն ծառայության անցնելուց հետո, հիշում է մայրը, դեռ չհասցրած կարոտելՙ մեկ շաբաթով արձակուրդ էր գալիս եւ իր հետ պարտադիր ծաղիկներ էր բերում, հպարտ կեցվածքով խոսում էր, ամեն բան այնքան լավ էր ներկայացնում, ասես հանգստյան տնից գար: Բայց դե բանակային կյանքը դժվար է, շատ բաներ չէր ասում, չէր պատմում: «Վերջերս էլ, երբ հեռախոսով խոսեցի հետը, լաց եղա, ասացՙ ինչի՞ ես լացում, մամ, եթե լացելու ես, էլ չեմ զանգի, չլացես, որ գամ...»,- թախիծով նշում է Նարեկի մայրը:

Սեպտեմբերի 25-ին Նարեկը սովորականի նման բարձրացել է դիրքեր, հոկտեմբերի 9-ին պետք է իջներ, բայց... ցավոք, կատաղի մարտերի ժամանակ ընկավ:

Մայրն իր հերոսացած որդու մասին պատմում էՙ տան փոքր տղան է եղել, չարաճճի, որ ասում էիՙ փոքր տղաս, վատ էր զգում, ասում էրՙ ես արդեն մեծ եմ, մա՛մ: Ասում էիՙ դու ինչքան մեծանասՙ մեկ է, փոքր տղաս կմնաս :

Երբ Նարեկը բանակից զանգահարում էր տուն, չէինք զգում իր կողմից վախ կամ լարվածություն, միշտ ասում էրՙ ամեն ինչ լավ ա, մեր մոտ թեթեւ ա: Մի քանի շուն ուներ, շներ էր պահում նաեւ դիրքերում, հաճախ ասում էրՙ եթե կյանքում ինչ-որ մի բան ես անում, մինչեւ վերջ արա, կեսից չպետք է հիասթափվես:

Նարեկի հորաքուրը նշում է, որ տան փոքրն էր, բայց մտածում էր, որ ինքը պետք է օգնի բոլորին:

Շատ ճարպիկ էր եւ անմիջական. երբ արձակուրդ էր գալիս, պարտադիր բոլոր հարազատներին, ընկերներին պիտի տեսներ, զրուցեր, սակայն շատ քիչ էր բարձրաձայն արտահայտվում:

Նարեկի դասղեկըՙ Շողիկ Մնացականյանն արցունքներն աչքերին ասում է. «Երբ լսեցի Նարեկի զոհվելու լուրը, մի պահ քարացա, կարծես կոկորդս խեղդում էր, չէի կարողանում խոսքեր գտնել, խոսելու ունակությունս կորցրել էի: Դասղեկական իմ դասարանի ուրախ, պայծառ, կյանքով լեցուն տղաներից մեկն էր... Ցավում եմ, որ նրա մասին խոսելիս արդեն անցյալով եմ խոսում: Նա միշտ մեզ հետ է լինելու, մեր մտքում, մեր առօրյայում: Միշտ ասում էր. ընկեր Մնացականյան, գլուխ չեմ գովում, բայց հետագայում, ա՛յ կտեսնեք, թե ես ինչպիսի մարդ կդառնամ...»:

Նարեկի դասընկերուհիներից Գայանեն ՙ մեծ ցավով ասում է.

- Ես դասընկեր եմ կորցրելՙ Նարեկն էր... Անունը սուրբ էր, հիմա էլ ինքը սրբացավ: Սկզբում թվում էրՙ երազ է, կարթնանանքՙ կանցնի: Իսկ հիմա ճիշտ հակառակն էՙ չենք ուզում արթնանալ, որ նրա պատկերը չանհետանա, որ չզգանք, չգիտակցենք, չապրենք այդ գիտակցմամբ... Մենք դասընկեր ենք կորցրել, բայց գտել ենք մեր հերոսին, մի նոր Նարեկ ենք գտել ՙ պայքարող, մարտնչող, ընկնողՙ հանուն հայրենիքի, ապրող, հավերժ ապրող Նարեկ, մենք գտել ենք մեր հաղթանակած Նարեկին:

Որպես նյութի հեղինակ եւ Նարեկի մոտիկ դասընկեր, իմ հերթին ցանկանում եմ ասել, որ դասարանական բոլոր չարաճճիություններն իրականանում էին իմ մտքով, եւ իրականանումՙ Նարեկի թեթեւ ձեռքով: Բայց դե ամենավերջում Նարեկն ամեն բան վերցնում էր իր վրա եւ միայնակ կրում պատիժըՙ զերծ պահելով բոլորին ավելորդ խոսակցություններից:

Իսկ այսօր նույն հաջողությամբ դու քո վրա վերցրեցիր կրակը, որպեսզի մենք շարունակենք ապրել: Նարե՛կ, բայց արի ու տես, որ մենք քեզ մի ամբողջ կյանք ենք պարտք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ