ԹՇՆԱՄԻ-ՈՒՍՈՒՑԻՉԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Պատերազմից հետո երկու բան ամենահաճախն է լինում: Եթե հաղթել ես, սկսում ես ննջել դափնիների վրա, ինչը տեղի էր ունենում մեզ հետ վերջին 28 տարում, իսկ եթե պարտվել ես, սովորում եսՙ այդ թվում թշնամուցդ, ինչը, հուսուվ եմ, տեղի կունենա մեզ հետ եւ էլի հուսով եմՙ ավելի կարճ ժամկետում, քան 28 տարին է: Հիմա, քանի որ մենք այս պատերազմում չենք հաղթել, ու հաշվի առնելով այն, որ ադրբեջանցիները կարող են թույլ հզորության հեռադիտակով անգամ նայել, թե ինչպես ենք ցայվում Սեւանա լճում, ուրեմն պարտվել ենք, առաջարկում եմ հասկանալ, թե ի՞նչ կարող ենք սովորելՙ այդ թվում թշնամուց: Քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական մասերով պետք է որ խոսեն մասնագետները, եթե իհարկե այդպիսի մարդիկ դեռ կան, չեն արտագաղթել, կամ դրա ցանկությունը չունեն, իսկ այ հոգեբանական ու հասարակական հարցերից եկեք խոսենք: Ամենակարեւորը, պետք է հասկանալ, մեր թշնամին այլեւս միայն ադրբեջանցին չէ, ինչը նշանակում է, որ մեր թշնամին այլեւս ոչխար չէ, ինչպես վերջին 28 տարում կոչում էինք ադրբեջանցիներին (իմիջիայլոց, ամոթ չէ՞ ոչխարներին պարտվելը): Մեր թշնամին ուժեղ էՙ ռազմական ու տնտեսական առումներով, կազմակերպված, մինչեւ ատամները զինված ու այսուհետ նաեւ հակամարտության գոտում ռազմավարական նշանակության բարձունքներ նվաճած: Ավելին, դատելով հանգամանքից, որ մենք մեծ հաղթանակից 28 տարի անց պարտվեցինք, ուրեմն մեր թշնամին հզոր է նաեւ կամային հատկանիշներով, ու եթե Ադրբեջանում չսկսվի հետհաղթանակյան դափնիների վրա նինջը, ինչն ի դեպ, անխուսափելի է, ու եթե պետք է գնահատենք պարտությունն ու հաղթահարենք այն, ապա մենք հնարավորություն ունենք: Հիմա չէ, հաջորդ տարի չէ, 5 տարուց էլ չէ, երբ ռուս խաղաղապահները հնարավոր է հեռանան Արցախից, 20 տարուց, գուցե 30, հնարավոր էՙ 50: Նայածՙ մեր արած գործի ծավալն ու նվիրումի անկեղծությունը: Հաջորդը: Այսուհետեւ ոչ մի պատերազմ չպետք է կոչել գոյամարտ կամ վերջին կռիվ, ինչպես այս պատերազմն անվանեցինք, ի դեպ հենց սկզբից: Խնդիրն այն է, որ որեւէ պատերազմում մեծ է ինչպես հաղթելու, այնպես էլ պարտվելու հավանականությունը, ու եթե դու ի սկզբանե այն կոչում ես գոյամարտ-վերջին կռիվ, եւ եթե պարտվում ես, ուրեմն պարտվել ես քո վերջին կռիվը եւ ուրեմնՙ այլեւս գոյություն չունես: Մենք կանք, եւ ուրեմն սա ամենեւին էլ մեր վերջին կռիվը չէր, ինձ թվում է, որ նույնիսկ նախավերջինը չէր, քանի որ ինչպես մենք, այնպես էլ թուրքերը, հենց թուրքերը, չենք պատրաստվում ազգովին հեռանալ դրախտ կամ դժոխք: Ու քանի որ, կամ դեռ այդպես է, կռիվներ լինելու են եւ որովհետեւ կռիվներ լինելու են, կարիք չկա դրանցից որեւէ մեկն անվանել վերջինը, քանի որ պարտության դեպքում մի ամբողջ ժողովուրդ իրեն զգալու է գոյություն չունեցող: Մյուսը: Անցած 28 տարում մենք հաճախ ենք հպարտորեն հիշատակել մեր ու ադրբեջանցիների գլխավոր տարբերությունը: Նրանք մեզ ատում են, մենք նրանցՙ ոչ: Ընդ որում ատում են մանկապարտեզ-դպրոցից սկսած, որոշ դեպքերումՙ դեռ չծնված: Իսկ այ մենք սիրո եւ հանդուրժողականության ժողովուրդ ենք եւ ադրբեջանցի ժողովրդին չենք համարում մեզ թշնամիՙ ոչ միայն մսուր մանկապարտեզում, այլ նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում, օրինակ: Ճիշտ ենք վարվե՞լ: Չգիտեմ, բայց գիտեմ, որ Ադրբեջանում մեծացել է մի սերունդ, որը ատում է հայկականը, իսկ ատելությունը պատերազմում կամ դրան նախապատրաստվելիսՙ սիրո պես բան էՙ խթանի, առաջ նետվելու, ամեն գնով հաղթելու առումով: Եւ քանի որ ավելի հեշտ է ժողովրդին սովորեցնել ատել թշնամուն, քան սիրել հայրենիքը, գուցե մե՞նք էլ սկսենք ատել... Եւ վերջապես, ո՞վ գիտի ինչի համար է մեր կռիվը: Հողի՞, եթե այո, ապա հանուն ինչի՞ է կռվում մեր թշնամին, էլի հողի՞...Բայց չէ՞ որ հակամարտության կարգավորման փաստաթղթերում գրված էՙ տարածքային ամբողջականություն, այսինքն հող եւ ազգերի ինքնորոշում, այսինքնՙ մարդ: Ուրեմնՙ հանուն ինչի՞ է, ավելի ճիշտՙ ո՞ւմ համար մեր կռիվը: Ու գիտե՞ք ինչու ամենաքիչ ցավոտը եղավ Աղդամի հանձնումը, որովհետեւ այնտեղ մարդ չէր ապրում եւ գիտե՞ք ինչո՞ւ ենք մինչեւ հիմա մղկտում Քարվաճառի ու Քաշաթաղի հանձնումից, քանի որ այդ շրջանները բնակեցված էին: Ու մինչ մասնագետները կպարզեն, թե այդ ո՞ւմ կամ ինչի՞ նախագահն է Արայիկ Հարությունյանը հիմա, մարդկա՞նց, որոնք, եթե վերադառնում էլ են Արցախ, ապա միայն երկար մտածելուց հետո, թե՞ սարերի ու ձորերի, որոնցից քիչ են մնացել Արցախում, մինչ Արայիկ Հարությունյանն ինքը դա կփորձի պարզել, ենթադրում եմՙ ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ առավոտյան սուրճ խմելիս, եկեք ապրենք ու շատանանք Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, ...Արցախում: Գիտեմ, որ անհնարինի չափ դժվար է, բայց ո՞վ է ասել, որ հաղթանակը հեշտ բան է... Այն էլՙ վաղվա: |