RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1988, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ ԵՆՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այն, ինչ տեղի ունեցավ հայռուսադրբեջանական եռակողմ հայտարարության արդյունքում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը (*), մինչեւ հիմա ցնցման մեջ է պահում հայ ժողովրդին հայրենիքում եւ սփյուռքում: Քարտեզին նայելիս երեւում է, որ կորսվել է 1994-ի զինադադարից հետո առկա Արցախի 75 տոկոսը, ընդ որումՙ բուն Հայաստանի սահմանների անվտանգության համար սպառնալիք ստեղծելով (երեկ արդեն Սյունիքի Տեղ գյուղի դիրքերին էր աչք տնկել թշնամին), նախկին ԼՂԻՄ-ի մաս կազմող բնակավայրերից անգամ զիջելով, մեծ թվով անվերադարձնելի մարդկային կորուստով, որոնց մեծ մասը 2000-01-02 թվականներին ծնված մի ողջ սերունդ է: Պարզ է, որ ռուս-թուրք-ադրբեջանցի ալյանսի յուրաքանչյուր կողմ փորձել է աշխարհաքաղաքական (իր դիրքերը հարմար դիրքավորելու) խնդիրներ լուծելՙ տարածաշրջանում սպասվող նոր եւ սրընթաց տեղաշարժերին ընդառաջ: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հայերիս դիրքերն են դարձել սասանված, այդ բոլորը մեր հաշվին է եղել, մենք հիմա առավել քան խոցելի ենք, եթե չասենք ամենախոցելին այն մեծ պատերազմի վտանգին ընդառաջ, որը կարող է բռնկվել այն պահին, երբ Իրանը կտրվի սադրանքին, ու կներքաշվի պատերազմի մեջ: Սոլեյմանիի սպանությունից հետո այս անգամ Իրանի միջուկային ոլորտի գիտնական Ֆահրիզադեիՙ ուրբաթ օրը տեղի ունեցած սպանությունն այս համատեքստում էր: Որ մեծ բռնկումը հնարավոր էՙ դրա մասին են վկայում թուրքական ռազմուժի կուտակումն Իգդիրում, հենց Հայաստանի քթի տակ, եւ ռուսական զորքի հապշտապ մուտքն Արցախ: Այսինքնՙ ռուսական զորքի ներկայությունն Արցախում ոչ թե կամ ոչ այնքան հայերիս պաշտպանության խնդիրն է լուծում, որքան ռուսական ներկայությանՙ իր ազդեցությունները չզիջելու: Այս իմաստովՙ Արցախի հարցի վերջնական լուծումը բոլորովին չի բխում ռուսական շահից, չլուծված հարցը միշտ առիթ է սեփական խնդիրները լուծելու, եւ անգամ, ընդհակառակը, ռուսական կողմն էլ գիտակցում է, որ զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը հարցը վերջնական լուծելու իրավական ուժ չունի եւ հետագայում, տարբեր կառույցներ, ըստ այդ պահի ուժեղի թելադրանքի, վիճարկելու են այն: Բայց ցավալին այն է, որ հենց այդ թղթով մենք հանձնել ենք մեր տարածքները, մեր ծաղկուն բնակավայրերը կդառնան ավերակ, իսկ Արցախի հարցի իրավական լուծումը կհեռանա այնքան, մինչեւ մենք ի վիճակի լինենք կրկին մեր իրավունքները վերականգնել:

Սակայն առայժմ մենք կենտրոնանանք այն թղթի վրա, որով հնարավոր եղավ Արցախի հայկական տարածքների մեծ մասի զիջումը, եւ ոչ միայն: Փաստորեն մեկ կենտ զինադադարի հայտարարությամբ, քսանվեց տարի Մինսկի խմբի բանակցային տարբեր փաթեթներով վերուվար արվող, բայց խնդրի լուծման չբերող ձեւաչափից դուրս, Արցախի տարածքների մեծ մասը գրաֆիկով զիջվում են, քիչ է, նաեւՙ բազմաթիվ այլ հարցեր են կարգավորվումՙ ընդհուպ պետությունների սահմանների գծում:

Այն դեպքում, երբ այդ թղթի կտորը չի դարձել համաձայնագիր, մեր երկրի Ազգային ժողովով ու Սահմանադրական դատարանով չի անցել, եւ անգամ իշխող մեծամասնության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանն էր երեկ մեր հարցին պատասխանելիս ասումՙ դա զինադադարի վերաբերյալ փաստաթուղթ է սոսկ, հայտարարություն, պետք չէ գերագնահատել այդ փաստաթուղթը որպես այդպիսին, եւ այն որեւէ տարածքի հարց չի կարող կարգավորել: Այ քեզ բան, ափսոս Վարդանյանն այլեւս չպատասխանեց այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք մեր շեն բնակավայրերը դրանով հանձնում թշնամու կողոպուտին, կամ ինչո՞ւ է Բերձորի մեր բնակչության տեղահանումը ադրբեջանցիների ակնդետ հսկողությամբ կատարվում: Առհասարակՙ մի զինադադարի թղթով հայերիս համար անդառնալի բաներ են կատարվում, մեկ մարդու ստորագրած ընդամենը զինադադարի թղթով զույգ պետությունների կենսական տարածքների զիջման խնդիր է լուծվում, սա աննորմալ երեւույթ է: Իրավական առումով ի՞նչ պետք է հաջորդի այս բոլորին, առհասարակՙ ո՞րն է այդ թղթի իրավական գնահատականը: Այս մասին թղթի ստորագրման առաջին օրերին խոսվել է խորհրդարանում, ինչ-որ քայլեր ձեռնարկելու ապարդյուն փորձեր արվել են, հիմա ուզում ենք թարմացնել խոսակցությունը, երբ թղթով նախատեսված տարածքային հանձնումների ժամկետները լրացել են արդեն, ու հարկ է հասկանալՙ ի՞նչ է հաջորդելու: Այդ բոլորի մասին ավելի մանրամասն զրուցել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ.

- Ստորագրված զինադադարի եռակողմ հայտարարության սահմանադրականությունը, հայկական պետությունների շահերին համապատասխանությունն ի վերջո ինչպես պետք է ստուգվի, ով պետք է դա անիՙ նախագա՞հը, Ազգային ժողո՞ վը:

- Սահմանադրականություն ստուգելու ընթացակարգ չկա, մեխանիզմ չկա; Եթե դա միջազգային պայմանագիր լիներՙ իրավունքի ուժով դա կունենար իր ընթացակարգը, այն էՙ կառավարություւնը կուղարկեր ՍԴ, ու նոր կգար Ազգային ժողով վավերացման, եթե միջազգային պայմանագիր է: Բայց մեր վարչապետը որոշել է, որ սա միջազգային պայմանագիր չէ, հայտարարություն է, չի բերել միջագային պայմանագրերի դաշտ, եւ միջազգային պայմանագրից տարբեր ընթացակարգով է տարել::ՙ

Այս փաստաթուղթն, իմ համոզմամբ, իրավական տեսանկյունից առ ոչինչ փաստաթուղթ էՙ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ: Մի պարզ պատճառովՙ եթե դա միջազգային փաստաթուղթ է, ապա հակասում է միջազգային պայմանագրերի վերաբերյալ Վիեննայի կոնվենցիային, իրավունք չստեղծող փաստաթուղթ է: Սա մեկ, երկրորդ, եթե դա միջազգային պայմանագիր է եւ ուժի մեջ մտած չէՙ հետեւաբար չի կարող կիրառվել, որովհետեւ պիտի գնա ՍԴ, գա Ազգային ժողովՙ վավերացվի, հետո նոր ուժի մեջ մտնի: Երրորդՙ եթե անգամ այդ գործընթացներն իրականացվենՙ այնտեղ ամրագրված են այնպիսի կարգավորումներ, որոնք հակասում են ընդհանուր միջագային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այդ թվումՙ էթնիկ զտումների արգելքին, որը միջազգային իրավունքի ողնաշարային սկզբունք է: Այդ հակասություններն ունեցող թուղթն է հիմա իրականացվում:

- Հիմա իրավական ի՞նչ ճանապարհ կաՙ այդ հայտարարությունը իրավական առերեսման ենթարկելու, դուք ասում եքՙ լսումներ ենք անում (դեկտեմբերի 7-ին), դա գործուն որեւէ ազդակ չունի իր մեջ, որպեսզի գոնե այն դրույթները, որոնք մեր երկու պետությունների անվտանգությանը սպառնալիք ենՙ վերանայվեն:

- Չկա սահմանադրական որեւէ գործիք, որը հնարավորություն կտար չկնքված-չվավերացված փաստաթղթի վավերականության որոշումը: Իսկ դեկտեմբերի 7-ին «Լուսավոր Հայաստանի» կազմակերպած խորհրդարանական լսումների գլխավոր նպատակըՙ քաղաքական հարթակ չունեցող փողոցում խոսողներին բերել քաղաքական ամբիոնՙ այս իրավիճակից դուրս գալու ելքերի եւ մեր տասներեք կետանոց ծրագրի շուրջ խոսակցություն ծավալելը:

- Միջազգային ատյաններից ո՞ր մեկը կարող է հայտարարությունը չեղարկել:

- Ոչ մեկը: Ո՞վ կարող է գոյություն չունեցող փաստաթուղթը չեղարկել: Ստորագրող մարդն իրավունք ունի՞ Արցախի հետ կապված հողային զիջումներ անել, չունի: Օրինակՙ կարող է ՀՀ վարչապետը կամ նախագահը Մոզամբիկ պետության հետ կապված տարածքային զիջումներ անել, չի կարող , չէ՞: Բա ինչ սահմանադրականության հարց բարձրացնենք մի փաստաթղթի վերաբերյալ, որը հրապարակման իսկ պահից իրավական արժեք չունի:

- Այսինքնՙ իրավական առումով քայլ չկա՞ հիմա անելու:

- Ազնվորեն ասե՞մՙ իրավական ճանապարհ չի եղել եւ չկա, այդ փաստաթուղթը իրավական փաստաթուղթ չէ: Արձանագրող փաստաթուղթ է, արձանագրող սուբյեկտներն էլ, առնվազն Հայաստանի Հանրապետությունը, իրավասություն չի ունեցել նմանատիպ փաստաթղթի տակ ստորագրելու:

- Իրավաբաններով որ հավաքվում եքՙ ի՞նչ ելք եք մտմտում:

- Տեսեքՙ իրավաբաններին 30 տարի ոչ մեկը բանի տեղ չդրեց, որովհետեւ մենք գործիքներ ու մեխանիզմներ առաջարկել էինք Արցախի հարցի լուծման ուղղությամբ, եւ այդ գործիքները պարզ էին. երեսուն տարվա մեջ միջազգային հանրությանը համոզել եւ ապացուցել, որ Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի: Բայց հակառակն էր տեղի ունենումՙ մեր գործընկերները միջազգային հանրությունից ասում էինՙ հանգիստ նստեք, գործողություններ մի կատարեք: Օգտվում էր Ադրբեջանըՙ անընդհատ աշխատելով այն ուղղությամբ, որ ապացուցիՙ ՀՀ-ն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքը, եւ այստեղ ինքնորոշման իրավունքի մասին խոսք լինել չի կարող: Եւ միջազգային ատյաններում իր խավիարային դիվանագիտությամբ կամ այլ եղանակներով բանաձեւեր էր ընդունել տալիս: Այդ թղթերը կուտակվում էին, որեւէ մեկը որեւէ բան չէր անում, քանի որ հայկական կողմի իրավաբաններին ասում էինՙ դուք լռեք, մենք Մինսկի խմբով բանակցում ենք, այն դեպքում, երբ Մինսկի խմբի երեք համանախագահներն էլ հույս չէին ներշնչում, որ ի վերջո հայանպաստ որոշում պետք է կայացվի: Ես չգիտեմՙ մերոնք ինչի վրա էին հույս դրել: Հիմա այս իշխանությունը ոնց որ թե պետք է գիտակցերՙ խնդիրը իրավական լծակներով պետք է հարստացնեինք այնքան, որ Ադրբեջանը չկարողանա այսպիսի քայլերի դիմել, երկուսուկես տարի ոչինչ չարվեցՙ էլի իրավաբաններին որեւէ կարեւոր արժեք չտրվեց խնդրի հետ կապված: Եվ երեսուն տարվա մեր աշխատանքը հիմա ջուրն է ընկել: Ես այդ ջուրն ընկած աշխատանքը վերականգնելու մասին եմ ընդամենը խոսում: Դրա համար մեզ պետք է օգներ բանակը, որ գոնե մենք չկորցնեինք այդ տարածքները, հետն էլ իրավագիտական ու դիվանագիտական աշխատանք կատարվեր: Իսկ հիմա կորցրել ենք այդ տարածքները եւ պետք է մտածենք վերականգնելու մասին: Այժմ Ադրբեջանն է ապօրինաբար զավթել Շուշին եւ Հադրութի շրջանը, եւ նա պետք է այդ տարածքներն անհապաղ ազատի:

- Միայն ռազմական ճանապարհո՞վ, թե իրավական ճանապարհով էլ պետք է փորձել:

- Իրավականով դա կարելի է անելՙ դիվանագետների եւ իրավաբանների միացյալ աշխատանքի արդյունքում, բայց այս դիվանագիտական կորպուսով ես դա ճիշտն ասած չեմ պատկերացնումՙ կարկամած դիվանագիտական կորպուս է, որը չի կարողանում իրավական գործիքներն օգտագործի: Կա՛մ պետք է նոր շունչ տանք էդ կորպուսինՙ իրավական գործիքներ կրկին տալով, որ գնան ու խոսեն, թե օկուպացվել է հայկականՙ Արցախի հողը, ու դրա լուծումից հետո մտածենք ազատագրված տարածքների կարգավիճակի մասին, որովհետեւ ազատագրված տարածքներն էլ հատուկ կարգավիճակ պետք է ունենան: Ինչու, որովհետեւ եթե այդ տարածքները լինում են Ադրբեջանի վերահսկողության տակՙ Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքը վտանգի տակ է: Ո՞րն է առաջնահերթՙ կյանքի իրավունքը, թե՞ տարածքը զբաղեցնելու իրավունքը: Իմ համոզմամբ եւ միջազգային նորմերովՙ կյանքի իրավունքը: Եւ արդեն իսկ միջազգային պրակտիկայում կան բազմաթիվ դեպքեր, երբ տարածքները ժամանակավորապես վերազբաղեցվում են, որպեսզի ապահովեն իրենց քաղաքացիների ապրելու իրավունքը: Մենք սա կարող էինք օգտագործել, հիմա էլ պետք է մինուսից սկսենք աշխատել:

- Կարգավիճակի հարցի հեռանկարը ո՞նց եք տեսնում:

- Արցախի ինքնորոշման հարցն այլընտրանք չունի: Արցախի ժողովրդի որոշումը տրամաբանական կապի մեջ պետք է լինի իր կարգավիճակի հետ: Եւ չի կարող լինել այլ միջազգային իրավունքի սուբյեկտՙ պետություն կամ մեկ այլ ժողովուրդ, որը կպարտադրի միջագային իրավունքի սուբյեկտ Արցախինՙ հետ կանգնել իր իրավունքից:

(*) Պետք է լինի նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, երբ, առավոտյան ժամը 4-6-ի միջեւ, ռուսական խաղաղարար զորքը արդեն Էրեբունի օդակայանում հսկայական դեսանտ էր իջեցնում: Խմբ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ