«ՊԻԱՆՈՆԵՐ»ՙ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԱՇՏԻՑ ՆԱԻՐ ՅԱՆ Հիշում եմ, երբ ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը բարձրացավ այն բեմը, որտեղ կանգնած էր Նիկոլ Փաշինյանն ու բոցաշունչ ելույթ ունեցավՙ գովերգելով Հայաստանի նոր ժամանակները, ոգեղեն, կենարար մթնոլորտը, որ իր հետ բերել էր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հիշում եմ երգահան Քրիստ Մանարյանի ոգեւորությունն ու բերկրանքըՙ կապված նոր իշխանությունների գալստյան հետ, հիշում եմ Տիգրան Մանսուրյանի ու քաղաքապետ Հայկ Մարությանի համատեղ ասուլիսը Կոմիտասի թանգարանում, երբ մաեստրոն խոսում էր իր մեծարմանն ուղղված համերգային նոր նախագծերի մասին: Հիշում եմ ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի խանդավառությունը, երբ Հայաստանում հաստատվել էր փաշինյանական իշխանությունը, եւ երգչուհին մեծ, շատ մեծ հույսեր էր կապում մեր երկրի լուսավոր ապագայի հետ: Հիշում եմ, երբ «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը բեմում նստած Նիկոլ Փաշինյանին համարյա համեմատում էր Փրկչի հետ ու ասումՙ չի հավատում իր աչքերին, որ այդ հրաշքին է ականատես լինում: Ներկաները նույնիսկ հանդգնեցին բարձրաձայն ամոթանք տալ, թեՙ Միշիկ, բա չե՞ս ամաչում, քանի՞ ֆիլմ ես նկարել «նախկինների» ժամանակ, քանի՞ ֆիլմի համար ես փող ստացել: Հիշում եմ, երբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մտավորականներին ու արվեստագետներին մշակույթի նորանշանակ նախարարին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը , մեղմ ասած, անարգանքի սյունին գամեց բոլոր-բոլորին, թեՙ լավ չեք աշխատում, համերգասրահները կիսադատարկ են, իսկ ինչո՞ւ պետք է պետությունը դահլիճները լուսավորի, տաքացնի, ծախս անի, երբ դասական համերգներին դահլիճները լիքը չեն լինում: Հիշում եմՙ անշլագ բառը չասաց: Հետո ասացՙ ուրեմն այնպիսի համերգներ տվեք, որ ժողովրդին հետաքրքրի, տոմս առնեն, գան: Դահլիճում նստած ու հավատով լի աչքերը բեմի մարդուն հառած արվեստագետների գլխին կարծես եռման ջուր լցրին, ու շատերն իրար ականջի փսփսացին. «Ո՞նց թե, այսինքնՙ ռաբիսը, անճաշակությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահ բերենք, թե ինչ է հանդիսատե՞ս ենք հավաքելու: Ո՞վ չգիտե, որ բարձր արվեստը հասկացողներն ու գնահատողները քիչ են, նրանց փչացնենքՙ հանուն մեծամասնության ցածր ճաշակի»: Մինչ այդ հանդիպումն իրենց բազմավաստակ ու բազմաշնորհ կարծող, իսկ այդ հանդիպումից հետո իրենք իրենց աչքին նսեմացած արվեստագետները վիրավորանքը կուլ տվեցին ու լռեցին: Մեկ-երկուսը կցկտուր այս ու այն կողմից ռեպլիկներ թողեցին, թեՙ վարչապետը երեւի ուրիշ բան էր ուզում ասել, բայց այլ բան ստացվեց, մյուսներն առանձին հանդիպում խնդրեցին, որ նրան բացատրենՙ ինչն ինչոց է, ովՙ ով է, որ հասկացնենՙ բարձր արվեստը, որպես կանոն, եկամուտ չի բերում, որովհետեւ այն չի կարող մասսայական սպառման ապրանք լինել, ինչպես երշիկը, սուրճը կամ մատնաքաշ հացը: Հիշում եմ, թե Մշակույթի նախարարության աշխատակիցներն ուղիղ երկու տարի առաջՙ այս օերերին, ինչպիսի թեժ ցույցեր էին անում կառավարության շենքի դիմաց, գործադուլ էին հայտարարել, քիչ էր մնում եղունգներով քանդեին Երեւանի կենտրոնի բոլոր շենքերն ու դուրս հանեին բնակիչներին, որպեսզի բոլորն ազգովին պայքարենՙ «անարդար է, ազնիվ չէ, մեր դարավոր մշակույթն է ավերվում, մշակութային պետական քաղաքականության ապագան է հարցականի տակ, որովհետեւ, օ՜ աստվածնե՜ր, կատարվել է դարի ոճիրըՙ նոր իշխանությունները ստեղծում են երկար անունով նախարարություն. կատարվում է անկարելին ու աններելինՙ մշակույթը, կրթությունը, գիտությունը, սպորտը միանում են մեկ նախարարության մեջ»: Հիշում եմՙ Մշակույթի նախարարության աշխատակիցներն ի ցույց դրեցին իրենց ամբողջ շքեղ ու ազդեցիկ բառամթերքըՙ նկարագրելու ազգիս սպասվող աղետը: Լրագրողներն, իհարկե, հասկանում էինՙ հենց որ կառավարությունը հրահանգի, որ ոչ մի հաստիք չի կրճատվելու, բոլոր հուզառատ, ազգանվեր ու մշակութապահպան լեզուները կլռեն: ...Երանելի հրահանգը լսեցին, լռեցին ու շարվեշարան մտան երկար անունով նախարարության իրենց տաքուկ սենյակները: Հիշում եմ, այնքա՜ն բան եմ հիշում: Անցավ երկուսուկես տարի. պատերազմ, ազգային աղետ, «Նի-կոլ դա-վա-ճան, Նի-կոլ հո-ղա-տու», ռազմագերիների, անհետ կորածների սրտմաշուկ իրականություն, բզկտված հայրենիք, կորսված Արցախ, թուրքառուսահպատակ ապագայի մրմուռ: Թվում էրՙ առաջինը մտավորականները, արվեստագետները, մշակույթի մարդիկ պետք է ընդվզեին, իրենց վրդովմունքը հայտնեին, հանրության հավաքական խիղճը դառնային: Անցյալ շաբաթ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ու դերասան Հրանտ Թոխատյանը հանդես եկան համատեղ նախաձեռնությամբՙ խաղաղ երթ, որով պահանջում էին հրատապ լուծել ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնլու հարցը: Նրանք նաեւ նամակներ էին պատրաստել, որոնցից մեկը հանձնեցին Պաշտպանության նախարարությունՙ հույս ունենալով, որ անձամբ նախարարի հետ կհանդիպեն, բայց պարզվեցՙ նախարարը կորոնավիրուսով վարակվելուց վախենում է, եւ նամակը նրա ձեռքը հանձնել չհաջողվեց: Խաղաղ երթը պատճառ դարձավ, որպեսզի սոցցանցերում քննարկվեն, թե մասնակիցները քաղաքական ինչ դիրքորոշում են ունեցել հեղափոխությունից առաջ, հեղափոխության ժամանակ եւ ինչ վերաբերմունք ունեն Փաշինյանի նկատմամբ հիմա: Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ պնակալեզ, էլ պետական լափամանից կերակրված, էլ ուտող-ուրացողներ, էլ նախկինների «լյուբիմչիկներ», էլ ներկաների «վկաներ». մեր երկրի մտավորականություն կոչված հանրույթը սկսեց մեկը մյուսին «նախշել»ՙ բառապաշարի ողջ շքեղությամբ: Ռազմագերիների ու պատանդների հարցով զբաղվելու պահանջով նախաձեռնված խաղաղ երթերն ու ու դեսպանատներին նամակներ հանձնելու հավաքներն օր օրի ավելի սակավաթիվ դարձան: Ըստ էությանՙ նախաձեռնության կազմակերպիչների կողքին թե՛ սկզբում, թե՛ ընթացքում միշտ նույն մարդիկ էինՙ մեծ մասամբ Փաշինյանով առանձնապես չհիացած ու նրա իշխանությանը միշտ քննադատած հանրային դեմքեր, հաղորդավարներ ու մի քանի արվեստագետ: Նրանց շարքերն այդպես էլ չհամալրվեցին նոր մարդկանցով: Քաղաքական պահանջ դրված չէր երթի ժամանակ վանկարկելՙ «Նի-կոլ դա-վա-ճան, Նի-կոլ հե-ռա-ցիր»: Բայց մեր մտավորականներն ու արվեստագետները, մշակութային կառույցների աշխատակիցները շատ զգուշավոր են ու հեռատես: Չէ՞որ անգամ խաղաղ երթն առանց վանկարկումների, կարող է դիտվելՙ որպես քաղաքական դիրքորոշում, Փաշինյանին ու նրա իշխանությանը դեմ լինելու վերաբերմունք, ինչը սպառնալիք է յուրաքանչյուրի զբաղեցրած աթոռին, ստացած աշխատավարձին. թքած թե հազարավոր ընտանիքներ արդեն երկու ամիս իրական դժոխքի միջով են անցնում, թքած թե ռազմագերիների ու պատանդների հարազատները երազում են մեռնել, միայն թե չտեսնեն իրենց որդիների կտտանքների տեսանյութերը, թքած որ հարյուրավոր մայրեր երազում են իրենց որդիներից գոնե մի մասունք գտնել, հուղարկավորել, որ իրենց զավակներն անգերեզման չմնան: 18 տարեկան անհետ կորած զինծառայողի մայրը վերջին անգամ հաց է կերել հոկտեմբերի 16-ինՙ որդու հետ հեռախոսով խոսելու օրը: Նա ինքնակամ սովամահ է լինում ու հիմա պառկած է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա ամուսինը խենթի պես ման է գալիս կառավարության, ՊՆ-ի բակերում: Թքած, չէ՞: Եվ ո՜վ զարմանք, այսուայնտեղից սկսեցին լսվել քննադատության, տարակուսանքի «պիանոներ»: «Մենք չգիտեինք, որ նա կկործանի մեր երկիրը, մենք չէինք պատկերացնում, որ նա այսքան հեռու կգնա»: Հետո երբ հանրային քննադատության «ֆորտեները» մեր մշակույթի գործիչներին հիշեցրին, որ մարդկային դեմքը չկորցնելն ավելի կարեւոր է, քան վատամարդ լինելու վախերը, որ ազգադավի արարքները չդատապարտելը հավասարազոր հանցանք է, մեր հատուկենտ արվեստագետների կողմից հնչեցին վրդովմունքի «կրեշչենդոներ»ՙ ուղղված Փաշինյանին, բայց, միեւնույն է, բողոքի ալիք չբարձրացավ. դատապարտման, ընդվզման, պայքարի համընդհանուր, միասնական «ֆորտեներ» դեռ չեն լսվում: Ու չեն էլ սվի, քանի դեռ Փաշինյանը վարչապետի աթոռին է: Իսկ երբ գա աթոռը Փաշինյանից ազատելու օրը, մեր մտավորականներն ու արվեստագետները կսկսեն համարձակ ու անկաշկանդ բողոքների սիմֆոնիաներն ու խմբերգերը. այդժամ յուրաքնաչյուրը կջանա սոլո լինել: Հիմա դեռ դրա ժամանակը չէ, հիմա զգուշավոր լռության, շուրջբոլորը հետազոտելու, մարդկանց տրամադրությունները որսալու, սպառնալիքները կանխազգալու, իրավիճակը ծանրութեթեւ անելու ու մեկ-մեկ էլ սոցցանցերում հականիկոլական գրառումների տակ բութը վեր ցցած պստլիկ նշաններ դնելու ժամանակն է: Թատրոնների, թանգարանների, երկար անունով նախարարության աշխատակիցների , ստեղծագործական միությունների ներկայացուցիչների դեմքները չերեւացին ո՛չ անհնազանդության, ո՛չ էլ խաղաղ ցույցերի ժամանակ: Բացի Զորի Բալայանից , ոչ մի հանրահայտ գործիչ բողոքի նոտա չհղեց միջազգային հանրությանը, Պուտինին կամ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Արցախը հանձնվեց. ոչ մի ձայն, Արցախի մշակութային ամբողջ ժառանգությունը թուրքի բաժին դարձավ. ոչ մի ձայն, ռազմագերիները դեռ բարբարոսների ճիրաններում են. ոչ մի ձայն, Հայաստանի սահմանները բզկտվում ու վերաձեւվում են. ոչ մի ձայն: Երանի՜, հազար երանի ողջ լիներ Շառլ Ազնավուրը: |